ՀՍՀ/ՀԱՄՄՈՒՐԱԲԻ
ՀԱՄՄՈՒՐԱԲԻ, Համուրապի, Բաբելոնի թագավոր մ. թ. ա. 1792–1750–ին: Ծագումով ամովհրացի: Լինելով հմուտ քաղաքագետ և զորավար` Հ. կարողացել է Բաբելոնին ենթարկել Ասորեստանի տարածքը, Միջագետքի հվ. և միջին մասերը: Նրա օրոք զարգացել են ապրանքադրամական տնտեսությունը, ամրապնդվել է թագավորական իշխանությունը: Հ. ստեղծել է Արևելքի հին ստրկատիրական պետության իրավունքի ամենաճանաչված հուշարձաններից մեկը` Համմուրաբիի օրենքները, որոնց սեպագիրը հայտաբերվել է Էլամի Շոշ մայրաքաղաքում` պեղումների ժամանակ (1901–02): Այդ օրենքները, որոնք ունեն նախաբան և 282 հոդված ու վերջաբան, արտացոլել են ժամանակի դասակարգային և սոցիալական շերտավորման համեմատաբար բարձր մակարդակը: Դրանք թեմատիկ (առարկայական) կառուցվածք ունեն` դատավարություն, սեփականություն, թագավորական ծառայություն, ամուսնություն, ընտանիք ևն: Իրավունքի սուբյեկտներ են ճանաչվել համայնքի ազատ անդամը, ոչ լիիրավ ազատը, որոշ դեպքերում` ազատ կինը: Ստրուկն ու նրա երեխաները իրավունքի օբյեկտներ էին: Հ. առանձին ուշաղրություն է դարձրել մասնավոր սեփականության, ստրուկների նկատմամբ ստրկատերերի իշխանության ամրապնդմանը: Հրեական իրավունքի նորմերը պահպանել են նախնադարյան համայնական կարգից մնացած հարկադրանքի միջոցներ (վնասի հատուցում համայնքի հաշվին, բնակավայրից հանցավորի արտաքսում ևն): Հ–ի օրենքներում պահպանվել է հատուցման («ակն ընդ ական», «ատամն ընդ ատաման») սկզբունքը, որը խոշոր սեփականատերերի և ազատների նկատմամբ և կիրառվել: Պատժի հիմքում դրվել է Դասակարգային շահը (միևնույն հանցագործության համար, ըստ հանցավորի դիրքի, պատժի խստությունը փոխվել է):
Գրկ. Gadd C. I., Hammurabi and the end of his dynasty, Cambrige, 1965 Gordon C.H., Hammurabi s code, N. Y., 1957 Code de Hammurapi, Limoges, 1973:
