ՀՍՀ/ՀԱՄՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄՐՈՒԹՅՈՒՆ, խոսքի բացակայություն, որ առաջանում է օրգանիզմում ֆունկցիոնալ և օրգանական խանգարումներից: Լինում է ալալիայի, աֆազիայի, մուտիզմի և խուլհամրության ձևերով: Ալալիա, անարտասանություն (հուն, ժխտական մասնիկ և – խոսք), խոսքի բացակայություն կամ սահմանափակում երեխաների մոտ, որն առաջանում է գլխուղեղի մեջ կիսագնդերի կեղևի խոսքային գոտիների թերզարգացման կամ ախտահարման դեպքերում: Տարբերում են շարժողական և զգայական ալալիա: Շարժողականը բնորոշվում է խոսքի շարժական ֆունկցիայի խանգարմամբ, չնայած խոսք հասկանալու ունակությունը պահպանվում է: Զգայական ալալիան բնորոշվում է խոսքը հասկանալու ֆունկցիայի խանգարմամբ` չնչին (ամենափոքր) լսողության պահպանման պայմաններում:
Բուժումը. հատուկ դպրոցներում` հատուկ մեթոդներով ուսուցմամբ: Աֆազիա (հուն. ժխտական մասնիկ և – արտահայտել, խոսել), խոսքի խանգարում, բնորոշվում է բառերից և ֆրազներից օգտվելու ունակության (որպես միտքն արտահայտելու միջոց) կորստով. առաջանում է գլխուղեղի կեղևի որոշակի գոտիների ախտահարումից: Աֆազիան լինում է շարժողական, զգայական, ամնեստիկ (անհիշողություն), հաղորոչական և ամբողջական: Շարժողական աֆազիան պայմանավորված է ճակատային ստորին գալարի ետին հատվածների ախտահարմամբ և բնորոշվում է արտահայտչական խոսքի խանգարումով, կամային խոսքը տուժում է ավելի, քան կրկնությունը կամ ավտոմատիկ (ինքնաբեր) խոսքը: Հաճախ զուգակցվում է գրելու խանգարման հետ` ագրաֆիա (անգրունակություն): Զգայական աֆազիան ծագում է գլխուղեղի քունքային բլթի մակերեսային գոտիների ախտահարման դեպքում: Առաջանում է տպավորիչ խոսակցության (լսողությամբ խոսք հասկանալու) խանգարում: Անհիշողության (ամնեստիկ) աֆազիայի դեպքում մոռանում են առարկայի անվանումը: Ամբողջական աֆազիան արտահայտվում է էքսպրեսիվ և իմպրեսիվ խոսքի միաժամանակյա խանգարմամբ: Հաղորդչական աֆազիան ծագում է գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևի սպիտակ նյութում ախտահարման օջախների առկայության պայմաններում:
Բուժումը. հիմնական պատճառի վերացում, խոսքային և գրավոր սիստեմատիկ վարժություններ: Մուտիզմ (լատ. mutus – համր), խոսքային հաղորդակցությունից հրաժարվելը` խոսքային ապարատի օրգ. ախտահարման բացակայության պայմաններում: Պայմանավորված է հոգեկան ուժեղ գրգռիչների (վախ, վիրավորանք, ընդհարումներ) հանդեպ օրգանիզմի պատասխան ռեակցիայով: Նկատվում է գլխավորապես մանկական հասակում, հաճախ` ամաչկոտ և ֆիզիկապես թույլ երեխաների մոտ, ինչպես նաև շիզոֆրենիայի և հիսթերիայի դեպքում: Կրում է ժամանակավոր բնույթ, սակայն երբեմն կարող է տևել տարիներ և կասեցնել հոգեկան զարգացումը:
Բուժումը. նյարդային համակարգը վնասող գործոնների վերացում: Մուտիզմի հատուկ ձև է սուրդոմուտիզմը (լատ. surdus – խուլ)` լսողության և խոսքի ֆունկցիոնալ խանգարում: Ի տարբերություն խուլհամրության, կրում է ժամանակավոր բնույթ: Կոնտուզիայի դրսևորման ձևերից է, հաճախ հանդիպում է պատերազմի ժամանակ: Երբեմն ընթացքը կարող է ձգձգվել, որի դեպքում պահանջվում է բուժում` լոգոպեդիական և սուրդոպեդագոգիկայի մեթոդներով: Տես նաև Լոգոպեդիա:
