Jump to content

ՀՍՀ/ՀԱՄՔԱՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՄՔԱՐՈՒԹՅՈՒՆ (պարսկ. համքար – գործակից), արհեստավորների և առևտրականների միություն Ասիայի և Եվրոպայի մի շարք երկրներում: Անդրկովկասում ու Արևելյան Հայաստանում միությունը կոչվել է Հ., իսկ Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում` էսնաֆություն (արաբ, էսնաֆ` արհեստավոր, տնայնագործ): Հ. առաջացել է ֆեոդալիզմի դարաշրջանում, քաղաքների, արհեստների և առևտրի զարգացման պայմաններում: Արևմտյան Եվրոպայում Հ–ները (ցեխերը) ձևավորվել են IX–XIII դդ., Անդրկովկասում ու Հայաստանում` X դ., Միջին Ասիայում` XII –XIII դդ., Փոքր Ասիայում` XVI դ., Ռուսաստանում` XVII–XVIII դդ.: Միավորվելով Հ–ներում` արհեստավորները և առևտրականները ձգտում էին դիմագրավել ֆեոդալական վերնախավի ոտնձգությունները, օգնել և օժանդակել միմյանց, վերացնել մրցակցությունը, կազմակերպել հումքի մատակարարումը, պահպանել և բարելավել արհեստները` իբրև ապրուստի աղբյուր ևն: Կ. Մարքսը, խոսելով Եվրոպայում Հ–յան առաջացման մասին, գրում է. «Շարունակ քաղաք եկող փախստական ճորտերի մրցակցությունը, գյուղի մշտական կռիվը քաղաքների դեմ, իսկ հետևաբար, քաղաքի զինվորական ուժի կազմակերպման անհրաժեշտությունը, որոշ մասնագիտության նկատմամբ ընդհանուր սեփականության կապանքները, իրենց ապրանքների վաճառման համար ընդհանուր շենքերի անհրաժեշտությունը–արհեստավորներն այն ժամանակ միաժամանակ առևտրականներ էին – և դրա հետ կապված կողմնակի անձանց մուտքն այդ շենքերն արգելելը, առանձին արհեստների շահերի հակադրությունը, այդպիսի դժվարությամբ սովորած արհեստի պահպանման անհրաժեշտությունը, ամբողջ երկրի ֆեոդալական կազմակերպումը` սրանք էին ամեն մի առանձին արհեստի աշխատողների` համքարության մեջ միավորելու պատճառները» (Մարքս Կ., էնգելս Ֆ., Ընտիր երկ., հ. 1, 1972, էջ 59): Միջնադարյան Հայաստանի մեծ քաղաքներում հայ արհեստավորներն ու առևտրականները համախմբված էին Հ–ներում: Արտագաղթելով հայրենիքից` նրանց մեծ մասը համքարական միությունները պահպանում էր նաև գաղթավայրերում: Հ–ում սովորաբար համախմբվում էին միևնույն կամ տարբեր ազգերի ու կրոնի, բայց միատեսակ արհեստի ու առևտրի մարդիկ: Որոշ քաղաքներում արհեստավորների ու առևտրականների զգալի մասը դուրս էր մնում Հ–ից և մրցում համքարականների հետ: Յուրաքանչյուր Հ. տեղավորված էր քաղաքի առանձին թաղամասում, որը հաճախ կոչվում էր տվյալ Հ–յան անունով: Ամեն մի Հ. ուներ իր դրոշակը, որը դուրս էր բերվում տոների և հանդիսավոր երթերի ժամանակ: Համքարականներն ունեին նաև իրենց որոշակի հավաքատեղիները, ուր հավաքվում էին տոներին և վարպետների ու ենթավարպետների կոչումներ շնորհում: Հ–ները ղեկավարում էր ավագ վարպետների ընտրած վարչությունը, որի գլուխ կանգնած էր վարպետաց վարպետը: Վարչությունը հրավիրում էր խորհրդակցություններ, քննում Հ–ներին հուզող հարցերը, լուծում վեճերը, կազմակերպում հումքի գնումն ու բաշխումը, հետևում հարկերի ու տուրքերի հավաքմանը, օգնում կարիքավորներին: Առանձին Հ–ներ ղեկավարում էին ավագ վարպետը և նրա տեղակալները: Սրանք հետևում էին արտադրանքի որակին, ընդունում աշակերտներ, հաստատում կամ մերժում նրանց հեռացումը ևն: Հ. ուներ գանձապահ ու ցրիչ: Հ–յան գլխավոր մարմինը ընդհանուր ժողովն էր, որն ընտրում էր ավագ վարպետ, նրա տեղակալներ և գանձապահ: Հ. ուներ նաև իր ընկերական դատարանը, որը քննում ու լուծում էր նրա անդամների միջև ծագած վեճերը, գանգատները, հարթում ընտանեկան անախորժությունները: Մեղավորներին տուգանում էր, փակում նրանց խանութը, արտաքսում քաղաքից ևն: Հ–ները ունեցել են իրենց պաշտամունքը: Բրուտագործները պաշտում էին Հայր Աստծուն, երկաթագործները` Դավիթ Մարգարեին, հացթուխները` Քրիստոսին, գինեգործները` Նոյին ևն: 1867–ի կանոնագրով Անդրկովկասում վարպետ էր կոչվում նա, ով ուներ խանութ, որտեղ աշխատում էր մենակ կամ ենթավարպետի և աշակերտի հետ: Վարպետը կարող էր վաճառել իր արտադրանքը, վերցնել պատվերներ, պահել ենթավարպետ, աշակերտ, պարտավոր էր պահել արհեստի գաղտնիքը ևն: Նույն կանոնագրով ենթավարպետ կոչվում էր նա, ով վարձով աշխատում էր արհեստանոցի տիրոջ մոտ: Ենթավարպետը համարվում էր Հ–յան լիիրավ անդամը, մասնակցում նրա բոլոր աշխատանքներին և իրավունք ուներ հեռանալ (բայց չէր կարող առանց վարպետի գիտության խանութ բացել, պատվերներ ընդունել): Աշակերտ ընդունում էին 8 –17 տարեկաններին: Ըստ կանոնագրի, աշակերտության ժամկետը չպետք է անցներ 5 տարուց: Աշակերտության ժամկետն ավարտվելուց հետո ավագ վարպետը հանդիսավոր պայմաններում աշակերտին շնորհում էր ենթավարպետի կամ վարպետի կոչում: Հ. էությամբ դասային կազմակերպություն էր: Արհեստավորների և առևտրականների բարձր խավերը շահագործում էին ենթավարպետներին ու աշակերտներին, աշխատեցնում իրենց տնտեսություններում և վճարում չնչին գումար կամ սովորեցնելու պատրվակով ոչինչ չէին վճարում: Աշակերտների ուսուցումը հաճախ ընթանում էր բռնությամբ, ծեծով: Սոցիալական կեղեքումները, հարստահարությունները հաճախ Հ–ների ենթավարպետներին և աշակերտներին մղել են հրապարակային ցույցերի: XIX դ. հայ արհեստավոր համքարականների նշանավոր ելույթներ տեղի են ունեցել Կոստանդնուպոլսում (1820, 1828–29, 1841), Թիֆլիսում (1865), որոնք ուղղված էին պոլսահայ ամիրաների, թուրք. և ցարական կառավարությունների բռնությունների և հարկային հարստահարությունների դեմ: Հ–ներն սկսեցին քայքայվել XIX դ. կեսից, երբ արևմտա–եվրոպական և ռուս, արդ. արտադրության համեմատաբար էժանագին ապրանքները մեծ թափով թափանցեցին Փոքր Ասիա և Անդրկովկաս: XIX դ. վերջին, չդիմանալով գործարանային արտադրության մրցակցությանը, համքարական արհեստավորները և առևտրականները ունեզրկվեցին, քայքայվեցին և համալրեցին պրոլետարիատի շարքերը: Համքարական վարպետների մի մասը, հարմարվելով նոր պայմաններին, կարողացավ ավելացնել ենթավարպետների ու աշակերտների թիվը և արհեստանոցը վերածել կապիտալիստական մանուֆակտուրայի: Հ–ները զարկ տվեցին արհեստի և առևտրի զարգացմանը, նպաստեցին արհեստավորների միջավայրում կոլեկտիվիզմի առաջացմանը և նախադրյալներ ստեղծեցին մանուֆակտուրային արտադրության համար: Բայց Հ–ները խանգարում էին կապիտալիստական հարաբերությունների ձևավորմանը և զարգացմանը: Կ. Մարքսը նշել է, որ համքարային օրենքները սահմանափակում էին ենթավարպետների թիվը, դրանով էլ արգելակում էին վարպետների կապիտալիստ դառնալուն: Հ. իրեն պաշտպանում էր վաճառականական կապիտալի` համքարների դեմ կանգնած կապիտալի այդ միակ ազատ ձևի ոտնձգությունից: Վաճառականը չէր կարող աշխատանքը գնել որպես ապրանք: Աշխատանքի բաժանման դեպքում գոյություն ունեցող Հ–ներր տրոհվում էին ենթատեսակների կամ հիմնվում էին նորերը, սակայն, առանց տարբեր արհեստները միավորելու միևնույն արհեստանոցում: Այսպիսով, թեև համքարային կազմակերպությունը առաջ էր բերում արհեստների առանձնացում ու զարգացում, այնուամենայնիվ բացառում էր աշխատանքի մանուֆակտուրային բաժանման հնարավորությունը (տես «Կապիտալ», հ. 1, 1954, էջ 378):

Գրկ. Առաքելյան Բ. Ն., Քաղաքները և արհեստները Հայաստանում IX–XIII դդ., հ. 1–2, Ե., 1958 – 64: Աբրահամյան Վ. Ա., Արհեստները Հայաստանում 4–18–րդ դդ., Ե., 1956 Նույնի, Հայ համքարությունները Անդրկովկասի քաղաքներում 18 – 20–րդ դդ. սկզբին, Ե., 1971: Հակոբյան Թ. Խ, Երևանի պատմությանը, հ. 1–2, հ. 2–3, Ե., 1959–63: Համբարյան Ա. Ս., Արհեստները Արևմտյան Հայաստանում XI X դ. վերջին քառորդում և XX դ. սկզբին, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1965, .N» 12: Հայ ժողովրդի պատմություն, հ. 5, Ե., 19 74: Шопен И., Исторический памятник состояния Армянской области в эпоху ее присоединения к Российской империи, СПБ, 1852 Шаншиев П., Два слова об амкаре, Тифлис, 1857 Ахвердов Ю. Ф., Тифлисские амкары, Тифлис, 1883 Егиазаров С. А., Исследования по истории учреждений в Закавказье, ч. 2, Городские цехи, Казань, 1891.

Ա. Համբարյան