ՀՍՀ/ՀԱՅԱԴԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱԴԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ, ավանդաբար ընդունված և Հայոց եկեղեցու հեղինակությամբ ուժ ստացած կրոնադավանաբանական սկզբունքների ամբողջություն: Առաջացել է համաշխարհային քրիստոնեական եկեղեցու ընդունած դավանանքից: Հայոց եկեղեցին ընդունել է Նիկիայի (325) և Կ. Պոլսի (381), Եփեսոսի (431) ժողովների դավանական սկզբունքները (այդ շրջանում քրիստոնեական բոլոր եկեղեցիները համերաշխ էին դավանաբանական հարցերում), սակայն մերժել է 451–ի Քաղկեդոնի ժողովի (տես Քաղկեդոնի տիեզերաժողով) հարուցած` Քրիստոսի երկու բնության մասին դավանական խնդիրը: Քրիստոնեական միադավան եկեղեցին այդ ժողովից հետո բաժանվել է միաբնակ (տես Միաբնակներ), երկաբնակ (տես Երկաբնակներ) և այլ եկեղեցիների` իրենց ուրույն դավանանքով: Դվինի 506–ի ժողովը պաշտոնապես մերժել է քաղկեդոնականությունը և վավերացրել Հայոց եկեղեցու միաբնակ դավանանքը:
