ՀՍՀ/ՀԱՅԱԶԳԻՆԵՐ
ՀԱՅԱԶԳԻՆԵՐ (Gramineae կամ Poaceae), դաշտավլուկազգիներ, ցորենազգիներ, միաշաքիլավոր բույսերի ընտանիք: Միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են, հազվադեպ` ծառանման կամ թփանման: Ցողունը «ծղոտիկ» է, գլանաձև, ունի հանգույցներ, հազվադեպ` համատարած միջհանգույցներ (լրիվ սնամեջ): Բարձրությունը 1 սմ–ից մինչև 45 մ, բարեխառն գոտու երկրներում հաճախ 0,3–1,5 մ է, 3–5 մմ տրամագծով: Տերևները հերթադիր են, սովորաբար երկշարք` կազմված բաց կամ երբեմն նաև փակ տերևապատյանից, տերևաթիթեղից և լեզվակից: Տերևաթիթեղները գծաձև կամ նշտարաձև են, հազվադեպ` լայն: Փոշոտումը` խաչաձև (քամու միջոցով), որոշ մշակովի Հ. ինքնափոշոտվող են: Ծաղիկները երկսեռ են, որոշ դեպքերում միասեռ կամ կլեյստոգամ` հավաքված պարզ ծաղկաբույլում` հասկիկներում, որոնք իրենց հերթին հավաքված են ընդհանուր ծաղկաբույլերում (հուրան, ողկույզ, բարդ հասկ, գլխիկ: Յուրաքանչյուր բազմածաղիկ հասկիկ կազմված է առանցքից, որի վրա հերթով երկշարք դասավորված են թեփուկաձև ծաղկամերձ տերևները` բրակտեաները (թեփուկներ): Ստորին երկու բրակտեաները ծաղիկներ չունեն և կոչվում են հասկիկաթեփեր, մնացածները` ծաղկաթեփեր: Հ–ի ծաղիկներում սովորաբար կան 2, հազվադեպ` 3 ծաղկաթաղանթ (լոդիկուլներ), որոնք դասավորված են ծաղկի առանցքում, առէջքների և ծաղկաթեփերի միջև: Առէջքները 3–ն են, հազվադեպ` 1–2 կամ 6, սերմնարանը` 2, երբեմն` 3 մազմզոտ սպիներով: Պտուղը հատիկ է: Հ–ի ընտանիքը ծածկասերմ բույսերից ամենախոշորն է (մոտ 500 ցեղ և 8000 տեսակ, ըստ այլ աղբյուրների` համապատասխանաբար 600 և 10000), տարածված են համարյա ամբողջ երկրագնդում: ՀՍՍՀ տարածքում աճում է մոտ 100 ցեղ և 300 տեսակ: Հ–ի դերը մարդու կյանքում հսկայական է, որովհետև դրանց են պատկանում կարևորագույն մշակովի հացաբույսերը` ցորենը, բրինձը, եգիպտացորենը, վարսակը, աշորան, գարին, կորեկը, սորգոն ևն (տես Հացահատիկային կուլտուրաներ), ինչպես նաև շաքարեղեգը: Հայաստանում (Ողջաբերդ, Շորբուլախ, Հացավան) աճող ցորենի, աշորայի, գարու և այծակնի վայրի տեսակներն արժեքավոր գենոֆոնդ են գործնական սելեկցիայում: Վայրի և մշակովի Հ. լավորակ կեր են: Օգտագործվում են նաև սպիրտ, օսլա, թուղթ, սննդի և արդ. նպատակներով յուղ ստանալու, խոզանակներ, ճոպան պատրաստելու համար: Որոշ տեսակներ ունեն դեղագործական և դեկորատիվ նշանակություն: Շատ Հ. (արվանտակ, որոմ, դաշտավլուկ, սեզ, ագրխոտուկ) գործածվում են փուխր հողերի և ավազների ամրացման, օդանավակայանները, մարզադաշտերը, գազոնները բուսածածկելու համար: Որոշ Հ. (խրփուկ, սեզ, արվանտակ ևն) մոլախոտեր են:
Գրկ. Թախտաջյան Ա. Լ. և Ֆեդոտով Ան. Ա., Երևանի ֆլորան, Ե., 1945: Рожевиц Р. Ю., Злаки. Введение и изучение кормовых и хлебных злаков, М.– Л.,1937 Тахтаджян А. Л., Система ифилогения цветковых растений, М.–Л., 1966 Флора СССР, т. 2, Л., 1934 Цвелев Н. Н., Злаки СССР, Л., 1976.
Ն. Գաբրիելյան
