Jump to content

ՀՍՀ/ՀԱՅԱՍԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՅԱՍԱ, Հայասա–Ազ q ի, Խայասա, երկիր Հայկական լեռնաշխարհում: Հիշատակվում է մ. թ. ա. XV–XIII դդ. խեթական արձանագրություններում: Այդ տեքստերի տվյալների համաձայն գտնվել է Սև ծովի, Եփրատ գետի, Հայկական Տավրոս լեռների և Վանա լճի միջև: Գերիշխող է այն կարծիքը (Ե. Ֆոռեր, Գ. Ղափանցյան, Պ. Կրեչմեր, Ն. Ադոնց ևն), որ Հ. անունը կազմված է «հայ» արմատից և խեթական «ասա» վերջածանցից: Հ–ի էթնիկական կազմի և լեզվի մասին տեղեկություններ համարյա չկան: Տեղանունների և անձնանունների ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ լեզուն պատկանել է հնդեվրոպական խեթալուվիական խմբին (Ս. Երեմյան, Գ. Ջահուկյան): Հ. տեղանունը հիմք է դարձել հայ ժողովրդի ինքնանվանման: Հ–ի կարևոր քաղաքներն են եղել Արխիտան (տեղադրվում է ժամանակակից Քղիի մոտ), Ուրան (հայկ. աղբյուրների Ուռեն, ժամանակակից Բայբուրդից քիչ արմ.), Արիպսան, Դուկկաման (Ճորոխի ավազանում), Կումմախան կամ Կամուխան (հետագայում` Կեմախ), Ինգալավա–Թարխիգաման (հետագայում` Թորդան), Հայասան և Ազգին (ժամանակակից Երզնկայի մոտ): Վերջիններիս անունով Հ. արձանագրություններում հիշատակվում է նաև «Հայասա քաղաքի երկիր» և «Ազզի քաղաքի երկիր»: Հ–ի Ծոլխապա գավառը տեղադրվում է Արաքսի ակունքների շրջանում: Հ., որպես ցեղային միությունների միավորումից կազմված պետություն, ձևավորվել է մ. թ. ա. XV դ. երրորդ քառորդում: Այն վաղ ստրկատիրական պետություն էր` տոհմատիրական մնացուկների խիստ արտահայտությամբ: Մ. թ. ա. XV–XIII դդ. Հ. առնչվել է Խատտի պետության հետ: Խեթական թագավոր Թուդխալիա III (շուրջ 1400–1380 թթ. մ. թ. ա.) ժամանակավորապես իրեն է ենթարկել Հ., որտեղ թագավորել է Մարիյան (Մարիաս): Սակայն Հ. շուտով թոթափել է խեթական տիրապետությունը (տես Խեթական պետություն), որովհետև Թուդխալիա III ստիպված է եղել արշավանք կատարել Հ., որտեղ արդեն թագավորում էր Կարաննին (Կարաննիս): Վճռական ճակատամարտը տեղի է ունեցել «Կումմախայից ցած», որտեղ խեթերը լիակատար հաղթանակ չեն տարել: Թուդխալիա III–ի հաջորդ` Սուպպիլուլիումա I (շուրջ 1380–1340 թթ. մ. թ. ա.), որը պատերազմներ էր մղում Միտանիի դեմ, պայմանագիր է կնքել Հ–ի թագավոր Խուկկանայի (Հուկկանա) հետ և քրոջը կնության տվել նրան: Ըստ այդ դաշնագրի, Հ–ի թագավորը պարտավորվում էր հավատարիմ լինել խեթական թագավորին, տրամադրել ռազմ. օգնություն, վերադարձնել Խատտիից փախած անձանց: Խեթական թագավոր Մուրսիլ II–ի (շուրջ 1340–1320 թթ. մ. թ. ա.) օրոք վերսկսվել են խեթա–հայասական պատերազմները: Ազզիի թագավոր Աննիյան (Աննիաս) ասպատակել է խեթական Տանկուվա քաղաքը և նրա շրջակայքը: Խեթական բանակը պաշարել է Ուրա ամրոցը, բայց, հավանաբար, չի կարողացել գրավել: Մուրսիլ II զբաղված էր Ասորեստանով, և Աննիյա թագավորը գրավել է խեթական Իստիտինա ամրոցը, պաշարել Կաննուվարան: Պատերազմի միայն չորրորդ տարում է Մուրսիլ II–ին հաջողվել հնազանդեցնել Հ.: Մ. թ. ա. XIV դ. 2–րդ քառորդից XIII դ. 2–րդ քառորդը ներառյալ Խատտիի կազմի մեջ են մտել ստորին Արածանիի և վերին Եփրատի ավազաններում ընկած Հ–ի գավառները: Խեթական թագավոր Թուդխալիա IV–ի (մ. թ. ա. XIII դ. 2–րդ քառորդ) տիրապետության ժամանակ Հ–ին հաջողվում է Խատտիի հետ սահմանը կրկին դարձնել Եփրատը, բայց խեթական թագավոր Արնովանդա III (մ. թ. ա. XIII դ. վերջին քառորդ) վերանվաճում է այդ գավառները: Մ. թ. ա. XIII դ. վերջին Հ., հավանաբար, տրոհվել էր առանձին ցեղային միությունների: Թուդխալիա IV–ի ժամանակակից Ասորեստանի թագավոր Տուկուլտի–Նինուրտա 1–ի և մ. թ. ա. XII – X դդ. ասուրական թագավորների արձանագրություններում Հ. հիշատակվում է ասուրերեն Նաիրի անունով: Մ. թ. ա. IX դարում Հ–ի տարածքը ընդգրկվում է Ուրարտուի կազմում: Ենթադրվում է, որ այդ պատճառով էլ Ուրարտուն ասուրական արձանագրություններում հիշատակվում է նաև Նաիրի անունով:

Գրկ. Капанцян Г. А., Хайаса–колыбель армян, Е., 1947 Джаукян Г. Б., Хайасский язык и его отношение к индоевропейским языкам, Е., 1964 Хачатрян В.И., Хайаса и Наири, «ԼՀԳ», 1973, No 11 Նույնի, Наири и Армина, «ԼՀԳ», 1976, No 8 Kretsehmer P., Die nationale Name der Armenier, «ՀԱ», 1933, No 7 –18 G tze A., Die Annalen des Mur ili, «Mitteilungen der Vorderasiatisch–Aegyptischen Gesellshaft…, 1933, No 38 Friedrich I., Staatsvertr ge Hatti–Reiches, II, նույն տեղում, 1930, No 34 Forre г E., Hajasa– Azzi, «Caucasica», 1931, No 9.

Վ. Խաչատրյան