Jump to content

ՀՍՀ/ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ (ՀԱՄԽ), Հայաստանի արհեստակցական միությունների ղեկավար մարմին: Ընտրվում է Հայաստանի արհմիությունների համագումարում (5 տարին մեկ) և իր գործունեությամբ հաշվետու է նրան: Համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում ղեկավարում է ՀՍՍՀ արհմիությունների գործունեությունը: ՍՍՀՄ արհմիությունների կանոնադրության համաձայն ՀԱՄԽ–ը պլենումներ է հրավիրում ոչ ուշ, քան 6 ամիսը մեկ անգամ: Պլենումների միջև ընկած ժամանակաշրջանում արհմիութենական աշխատանքները ղեկավարելու համար ՀԱՄԽ ընտրում է նախագահություն և քարտուղարություն: ՀԱՄԽ անմիջականորեն ղեկավարում է արհմիությունների ճյուղային հանրապետական կոմիտեների գործունեությունը, լսում նրանց հաշվետվությունները կատարած աշխատանքի մասին: Հանրապետության պետական իշխանության բարձրագույն մարմիններում ՀԱՄԽ օժտված է օրենսդրական նախաձեռնության իրավունքով: Իրավասու է կառավարությունում մասնակցելու արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրության, աշխատանքի և աշխատավարձի, բուժսպասարկման, բնակարանային, առևտրի, կոմունալ ու կենցաղային ծառայության, լուսավորության և կուլտուրական սպասարկման հարցերին վերաբերող որոշումների նախագծերի պատրաստմանն ու քննարկմանը, ինչպես նաև այդ բնագավառներում նախատեսվող շինարարության պլանների մշակմանն ու քննարկմանը: Սովետական և տնտեսական մարմինների հետ ՀԱՄԽ կազմակերպում և ղեկավարում է սոցիալիստական մրցությունն ու կոմունիստական աշխատանքի շարժումը, իրականացնում վերահսկողություն աշխատանքի վարձատրման գործող համակարգի ճիշտ և արդյունավետ կիրառման, խրախուսման ֆոնդերի ծախսման, արտադրության նորմաների վերանայման հարցերի նկատմամբ: Ղեկավարում է հանրապետության գիտատեխնիկական ընկերությունների և գյուտարարների ու ռացիոնալիզատորների խորհուրդների աշխատանքը: ՀԱՄԽ պարբերաբար լսում է հանրապետության տնտեսական մարմինների զեկուցումները` արտադրության, աշխատանքի և աշխատավարձի, աշխատանքային օրենսդրության և աշխատանքի անվտանգության տեխնիկայի նորմաների պահպանման, կոլեկտիվ պայմանագրերի կատարման, բնակարանային ու կուլտուր–կենցաղային շինարարության պլանների կատարման մասին: ՀԱՄԽ ղեկավարում է արհմիութենական մարմինների բյուջեները, բանվոր–ծառայողների պետական–սոցիալական ապահովության աշխատանքը, բնակելի ֆոնդի բաշխման գործի վերահսկողությունը: Խորհրդի առաջնահերթ խնդիրներից է արհմիութենական կադրերի ընտրության, տեղաբաշխման և դաստիարակության գործը: Այդ նպատակով ՀԱՄԽ կազմակերպում է արհմիութենական դպրոցներ և դասընթացներ: Խորհրդի տնօրինությանն են պատկանում արհմիութենական կազմակերպությունների դաստիարակչական, կուլտուր–մասսայական և ֆիզկուլտուրայի ու սպորտի աշխատանքները, որոնց իրականացման համար ստեղծում է արհմիությունների կուլտուրայի, ֆիզկուլտուրայի և այլ հիմնարկներ: Ղեկավարում է արհմիությունների առողջարանա–կուրորտային և տուրիստական հիմնարկների աշխատանքը: ՀԱՄԽ ինտերնացիոնալ կապեր ունի արտասահմանյան շատ երկրների արհմիութենական կազմակերպությունների հետ: Եռամսյակը մեկ հրատարակում է ՀԱՄԽ–ի «Տեղեկագրեր» և արհմիութենական կյանքին վերաբերող այլ նյութեր: Հայաստանի արհեստակցական միությունների XV համագումարում (1977) ՀԱՄԽ–ում ընտրվել են 109 անդամ և 37 անդամության թեկնածու, վերստուգիչ հանձնաժողովում` 17 մարդ: 1921–78–ին ՀԱՄԽ–ի նախագահներ են ընտրվել Հ. Ազարյանը (1921–ին և 1923–ին), U. Խաչյանը (Խաչին, 1921–22–ին), Պ. Կուզնեցովը (Դարբինյան, 1924–27–ին և 1937–38–ին), Գ. Գոխթունին (1927–28–ին), Թ. Մանդալյանը (1928–30–ին), Հ. Դեմիրճյանը (1930– 1933–ին), Գ. Հանեսօղլյանը (1933–34–ին), Հ. Տանինը (Գևորգյան, 1934–37–ին): 1938–48–ին արհմիությունների հանրապետական խորհուրդներ չեն եղել: Այնուհետև ընտրվել են` Վ. Ղազարյանը (1948– 1951–ին), Կ. Ռուխիկյանը (1951–54–ին), Հ. Այվազյանը (1954–60–ին), Ս. Առաքելյանը (1960–69–ին), Հ. Թարջումանյանը (1969–74-ին): 1975–ից ՀԱՄԽ–ի նախագահն է Լ. Սահակյանը: