Jump to content

ՀՍՀ/ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ (ՀԱՀ), պետական անվտանգությունը պաշտպանող մարմին: Ստեղծվել է 1920–ի դեկտ. 6–ին, Հայաստանի հեղկոմի դեկրետով` հակահեղափոխական խռովությունների, դավադրությունների, սաբոտաժի, դիվերսիայի և այլ քայքայիչ գործողությունների դեմ պայքարելու նպատակով: Դա փաստորեն նոր պետության առաջին օրենսդրական ակտն էր և դնում էր պետական անվտանգության մարմինների ստեղծման հիմքը: Մինչև 1921–ի մայիսը ՀԱՀ ենթարկվում էր Հայաստանի հեղկոմին, այնուհետև` ՀՍԽՀ ժողկոմխորհին և օժտված էր ժողկոմատներին հավասար իրավունքներով: ՀԱՀ անմիջականորեն ենթարկվում էր հանրապետության ներքին գործերի կոմիսարիատին և օգնում էր ՀՍԽՀ ժողկոմխորհի այն բոլոր ձեռնարկումներին, որոնք ուղղված էին տապալված դասակարգերի դիմադրության ճնշման և երիտասարդ հանրապետության քաղաքական–տնտեսական դրության կայունացման: ՀԱՀ աչալուրջ աշխատանքով Հայաստանի մի շարք գավառներում լիկվիդացվեցին կուլակային, բանդիտական և թշնամաբար տրամադրված առանձին տարրերի հակասովետական ելույթները: ՀԱՀ վճռական գործողությունների շնորհիվ 1922–ի վերջին Հայկական Սովետական Հանրապետությունում կրճատվեցին թալանը, բնակարանային կողոպուտները, սպեկուլյացիան և այլ հանցագործություններ: ՀԱՀ հենվում էր աշխատավոր մասսաների աջակցության համակրանքին: ՀԱՀ օրգաններում աշխատում էին հեղափոխական շարժման գործուն մասնակիցներ, գիտակից, ազնիվ ու նվիրված բանվորներ, գյուղացիներ: Հանրապետության շատ գավառներում ՀԱՀ և միլիցիան կազմում էին մի միասնական մարմին, որին ղեկավարում էր գավառական քաղբյուրոն` միլիցիայի պետի տեղակալի գլխավորությամբ: ՀԱՀ գլխավորում էր հանրապետության Կենտգործկոմի նշանակած նախագահը: ՀԱՀ առաջին նախագահն էր Հայաստանի հեղկոմի անդամ Կ. Այվազյանը, որին 1921–ի հունվարից փոխարինեց Շ. Ամիրխանյանը և այդ պոստում մնաց մինչև 1925–ը: 1926–ի սեպտեմբերին ՀԱՀ արձակվեց և նրա փոխարեն ստեղծվեց Պետական քաղաքական վարչություն ներքին գործերի ժողկոմատի կազմում: ՀԱՀ իր կարճատև գոյության ընթացքում, համագործակցելով Հայաստանի կուսակցական, կառավարական մարմինների և աշխատավորական զանգվածների հետ, հաջողությամբ կատարեց իր վրա դրված պարտականությունները:

Գրկ. Հայ ժողովրդի պատմություն, հ. 7, Ե., 1967: Апиян Н.А., Создание чрезвычайной комиссии ССР Армении, «ԲՀԱ», 1977,3: Ռ. Գրիգորյան