ՀՍՀ/ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ, գումարվել է ՌԿ(բ)Կ Երկրային կոմիտեի նախաձեռնությամբ, 1919–ի սեպտեմբերին, Երևանում (անլեգալ պայմաններում): Խորհրդակցությանը մասնակցել են Ս. Կասյանը, Ա. Մռավյանը, Ա. Մելիքյանը, Ս. Խանոյանը, Ա. Կախոյանը, Ս. Ալավերդյանը, Ղ. Ղուկասյանը, Դ. Շահվերդյանը, Ս. Մարտիկյանը և ուրիշներ: Քննարկվել են կուսակցության դրության և կուսաշխատանքի մասին` 1917–19–ի ընթացքում (զեկ. Ա. Մելիքյան, Ա. Մռավյան), ընթացիկ մոմենտի և առաջիկա անելիքների մասին (զեկ. Ս. Կասյան), զեկուցումներ տեղերից, Հայաստանում երիտասարդական կոմունիստական շարժման խնդիրների մասին (զեկ. Ղ. Ղուկասյան և Ա. Մելիքյան) հարցերը: Առաջարկվեց (Ա. Մռավյան) ոչ ուշ, քան 1920–ի հունվար–փետրվարը հրավիրել կոնֆերանս: Հաստատվեցին Ս. Կասյանի ընթացիկ դրության մասին կազմած տաս թեզիսները, միաժամանակ նրան հանձնարարվեց խորհրդակցության զեկուցումների և ելույթների ոգով փաստաթուղթ կազմել` ի ղեկավարություն բոլշևիկյան կազմակերպությունների: 1919–ի դեկտեմբերին Երևանում, ընդհատակյա պայմաններում, Ս. Ատենյան կեղծանունով լույս տեսավ այդ փաստաթուղթը` «Ո՞ւր է ելքը» խորագրով: Ս. Կասյանը հայ ժողովրդի ազատագրության միակ ելքը տեսնում էր Մեծ հոկտեմբերի և ռուս ժողովրդի եղբայրական օգնության մեջ: Սեպտեմբերյան խորհրդակցությունը միավորեց Հայաստանի բոլշևիկյան անջատ–անջատ կազմակերպությունները և ստեղծեց Համահայաստանյան միասնական մի կուսակցական կոմիտե (Արմենկոմ), որի կազմում ընտրվեցին Ս. Կասյանը, Ա. Մռավյանը, Ա. Ալավերդյանը, Ղ. Ղուկասյանը, Ա. Մելիքյանը, Դ. Շահվերդյանը, Ս. Խանոյանը: Խորհրդակցությունը առաջին լուրջ քայլը կատարեց Հայաստանի կուսակցական կազմակերպությունների աշխատանքը միավորելու, այն հեղափոխական պայքարի նպատակամղելու ճանապարհին և նախապատրաստեց 1920–ի հունվարյան կոնֆերանսը:
Գրկ. Մռավյան Ա., Երբ և ինչպես է հիմնադրվել Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցությունը, տես նրա` Հոդվածներ և ճառեր, Ե., 1961: Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր, Ե., 1967: Խ. Բարսեղյան
