ՀՍՀ/ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, Հայաստանի Հանրապետություն: Հռչակվել է 1918–ի մայիսի 28–ին Թիֆլիսում, Հայոց ազգային խորհրդի կողմից, Անդրկովկասի Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության (Անդրկովկասյան սեյմի որոշմամբ ստեղծված բուրժուա–ազգայնական պետ. միավորում 1918–ի ապրիլ–մայիսին) կազմալուծումից հետո: Հ. Բ. Հ–յան կառավարությունը (նախագահ` Հ. Քաջազնունի), որը կազմել էին դաշնակցականները, 1918–ի հունիսի 20–ին տեղափոխվեց Երևան: Թուրքիայի հետ 1918–ի հունիսի 4–ին կնքված հաշտության պայմանագրով (տես Բաթումի պայմանագիր 1918) Հ. Բ. Հ–յան մեջ մտավ միայն Երևանի, Էջմիածնի և Դարալագյազի գավառների մի մասը. Հայաստանի մնացած տարածքը օկուպացրել էր Թուրքիան, որն այնտեղ վարում էր հայ բնակչության բնաջնջման քաղաքականություն: Պարտվելով 1914–1918–ի առաջին համաշխարհային պատերազմում, Թուրքիան իր զորքերը հանեց Հայաստանից և Անդրկովկասից: Հ. Բ. Հ. չեղյալ հայտարարեց Բաթումի պայմանագիրը: Հ. Բ. Հ–յան տարածքը կազմեցին նախկին Երևանի նահանգը և Կարսի մարզը (բացի հս–արմ. փոքր հատվածի), վերականգնվեցին 1914–ի սահմանները: Ազգամիջյան հակասությունները, որոնք հանգեցրել էին Անդրկովկասյան սեյմի արձակմանը, ազգային երեք պետությունների (Հ. Բ. Հ., վրացական Բուրժ. Հանրապետություն, Ադրբ. Բուրժ. Հանրապետություն) ստեղծումից հետո, վերաճեցին զինված ընդհարումների վրաց մենշևիկների, դաշնակցականների, մուսավաթականների և դաշնակցական պետության միջև: Անտանտը (հատկապես Մեծ Բրիտանիան), որն իրեն հայտարարել էր Հ. Բ. Հ–յան հովանավոր, մինչև 1919–ի վերջը տեր ու տնօրինություն էր անում այնտեղ: Փարիզի հաշտության կոնֆերանսը որոշեց Հայաստանը կառավարելու մանդատը (տես Հայաստանի մանդատ) տալ ԱՄՆ–ին (1920–ի հունիսի 1–ին ԱՄՆ–ի սենատը մերժեց Հայաստանի մանդատն ընդունելու առաջարկը): Դաշնակցական կառավարությունը, աջակցություն փնտրելով ռուս. հակահեղափոխական ուժերի` սպիտակ գվարդիականների մոտ, գաղտնի դաշինք կնքեց գեն. Ա. Դենիկինի հետ, փոխանակելով ներկայացուցիչներ: 1919–ի հունիսից Հ. Բ. Հ–յան գերագույն օրենսդիր մարմին հռչակվեց նորընտիր պառլամենտը (նախագահ Ա. Ահարոնյան), իսկ իրական իշխանությունը դաշնակցականներից (որոնք մեծամասնություն էին կազմում), էսէռներից, կադետներից ու ռամկավարներից կազմված կառավարության (նախագահ Ա. Խատիսյան, այնուհետև` Ս. Վրացյան) ձեռքում էր: Հակաժողովրդական ներքին քաղաքականությունը, անջատումը ՌՍՖՍՀ–ից, պատերազմները Թուրքիայի և անդրկովկասյան բուրժ. հանրապետությունների հետ հանգեցրին ժող. տնտեսության լիակատար քայքայման. 1918–19–ին սովին ու համաճարակներին զոհ գնաց բնակչության 1 3–ից ավելին: Դաշնակցականները զրկված էին աշխատավորների վստահությունից, նրանց քիչ թե շատ միակ հենարանը բանակն էր (շուրջ 40 հզ. մարդ): Դաշնակցականների իշխանությունը տապալելու պայքարը գլխավորեցին բոլշևիկները: 1919–ի սեպտեմբերին Երևանում ստեղծվեց կուսակցական ընդհատակյա կենտրոն` ՌԿ(բ)Կ Հայաստանի կոմիտեն (Արմենկոմ), որի աշխատանքները ղեկավարում էր ՌԿ(բ)Կ Կովկասի երկրկոմը (1920–ի ապրիլից` ՌԿ(բ)Կ ԿԿ Կովկասյան բյուրո): 1920–ի հունիսին կազմավորվեց Հայաստանի կոմունիստական կուսակցությունը: 1920–ի մայիսին դաշնակցական տիրապետության դեմ բռնկեց հայ աշխատավորների զինված ապստամբությունը (տես Մայիսյան ապստամբություն 1920), որը դաժանորեն ճնշվեց: Արտաքին և ներքին բարդ իրադրությունը Հ. Բ. Հ–յան կառավարությանը հարկադրեց Սովետական Ռուսաստանի հետ (որը բազմիցս փորձել էր բարիդրացիական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, տես Լեգրանի պատվիրակություն) կնքել համաձայնագիր, որով Հ. Բ. Հ. պարտավորվում էր վերջ տալ ռազմ. գործողություններին, բոլշևիկների հետապնդումներին, ռուս. հակահեղափոխականների հետ կապին, իսկ ՌՍՖՍՀ ճանաչում էր Հայաստանի անկախությունը, խոստանում օգնություն: Նույն օրը` օգոստ. 10–ին Սևրում (Ֆրանսիա) կնքված պայմանագրի (տես Սևրի հաշտության պայմանագիր 1920) տակ դաշնակցական կառավարության անունից ստորագրեց Ա. Ահարոնյանը. դրանով Հ. Բ. Հ–յան կառավարությունը ոտնահարում էր իր իսկ ստորագրած համաձայնագիրը Սովետական Ռուսաստանի հետ, հույսը դնելով եվրոպական տերությունների վրա: 1920–ի սեպտեմբերին նորից պատերազմ սկսվեց Թուրքիայի հետ (տես Հայթուրքական պատերազմ 1920), որի զորքերը գրավեցին Կարսը, Սարիղամիշը, Ալեքսանդրապոլը ևն: Դաշնակցականներին չհաջողվեց օգնություն ստանալ Անտանտից: 1920–ի նոյեմբ. 29–ին Հայաստանի ապստամբ բանվորներն ու գյուղացիները ՀԿ(բ)Կ ղեկավարությամբ և ՌՍՖՍՀ–ի եղբայրական օգնությամբ տապալեցին դաշնակցականների հակաժողովրդական իշխանությունը: Հեղկոմը Հայաստանը հռչակեց Սովետական Սոցիալիստական Հանրապետություն: 1920–ի դեկտ. 4–ին ապստամբները և կարմիր բանակի զորամասերը մտան Երևան.: Սովետական իշխանության հաստատումը հայ ժողովրդին ոչ միայն փրկեց ֆիզիկական բնաջնջման վտանգից, այլև լայն հեռանկարներ բացեց, նրա քաղ., տնտ. և մշակութային զարգացման, ազգային վերածննդի համար:
Գրկ. Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը և սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում (փաստաթղթերի և նյութերի ժողովածու), Ե., 1960: Հայ ժողովրդի պատմություն, հ. 7, Ե., 1967: Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր, Ե., 1967:
