ՀՍՀ/ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, կամավոր մասսայական կազմակերպություններ, որ միավորում է հանրապետության երգչախմբային կուլտուրայի գործիչներին (կոմպոզիտորներ, խմբավարներ, երգիչներ ևն) և ինքնագործու մասնագիտական երգչախմբերի մասնակիցներին: Հիմնադրվել է 1958–ին, Երևանում: Օժանդակում է երգչախմբերի կազմակերպմանն ու կատարելագործմանը, սովետահայ խմբերգային գրականության բազմացմանն ու տարածմանը, դպրոցներում երգեցողության դասավանդման որակի բարձրացմանը, կազմակերպում է երգի տոներ, ստեղծագործական ու կատարողական մրցույթներ, խմբավարների վերապատրաստման դասընթացներ: Ղեկավար մարմինը ընկերության համագումարն է, դրանց միջև ընկած ժամանակահատվածում` վարչությունը և նախագահությունը: Ունի բաժանմունքներ Լենինականում, Կիրովականում, Հոկտեմբերյանում, Դիլիջանում, Ստեփանավանում, Եղեգնաձորում, Արտաշատում, ինչպես նաև անհատ մեթոդիստներ այլ քաղաքներում և խոշոր ավաններում: Ընդգրկում է մոտ 11 հազար անդամ, 68-ինքնագործ և 3 պրոֆեսիոնալ երգչախմբեր (1978), բազմաթիվ մանկական–դպրոցական խմբեր: Գործիչներից են Թ. Ալթունյանը (հիմնադրման օրից մինչև 1974–ը`նախագահ), Մ. Մազմանյանը (մինչև 1977–ը` փոխնախագահ), Է. Ծատուրյանը (1975–ից` նախագահ), Ա. Տեր–Հովհաննիսյանը, Կ. Զաքարյանը, Ե. Սահառունին, Է. Կզարթմյանը, Հ. Վերանյանը, Հ. Չեքիջյանը, Ռ. Աթայանը, Զ. Գյոզալյանը, Գ. Արմենյանը, Օ. Սիրունյանը, Ա. Շիշյանը և ուրիշներ: Ընկերությանը կից Երևանում և բաժանմունքներում գործում են 5 մանկական երգչախումբ–ստուդիա (յոթնամյա ընդհանուր երաժշտական կրթությամբ, խմբերգային թեքումով), և Երեկանում` Հայ խմբերգային արվեստի տունը:
Ռ. Աթայան
