ՀՍՀ/ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՍՏՐԱԴԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՍՏՐԱԴԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ պետական, ստեղծվել է 1948–ին (մինչև 1948–ը կոչվել է Հայաստանի ջազ–նվագախումբ)` Ա. Այվազյանի (գեղ. ղեկավար), Ց. Վարդազարյանի (դիրիժոր) և Ա. Մարտիրոսյանի (ռեժիսոր) համագործակցությամբ: Առաջին համերգ–ներկայացումների ծրագրերը կազմված էին ազգ. երաժշտության նմուշներից, կենցաղային տեսարաններից ու պարերից («Սարի գյալին», «Խորոտ էր», «Շալախո», «Թութակ»), Ա. Այվազյանի երկերից («Հայկական ռապսոդիա», «Ջան Երևան», «Հայրենիք» ևն): Առաջին մենակատարներից էին` երգչուհի Լ. Լազարևան, երգիչներ Ա. Սամվելյանը, Ս. Պերյանը, հետագայում` Ռ. Բեյբութովը, Մ. Հովհաննիսյանը, Կ. Տոնիկյանը, պարողներ Բ., Լ. և Գ. Օրդոյան եղբայրները, Գ. Այվազյանը, թմբկահար Ռ. Յոլչյանը, պարուհի–երգչուհի Ա. Մալխասյանը: 1956–ից գեղարվեստական ղեկավարն է Կ. Օրբելյանը, որը կազմի, նստաձևի, գործիքավորման ոճի փոփոխություններով նվագախմբի կատարողական արվեստը հասցրել է նոր մակարդակի: 1956–ից, տարբեր տարիների, հանդես են եկել մենակատարներ` երգչուհիներ Բ. Դարբինյանը, Ռ. Մկրտչյանը, Լ. Խոմյանցը, Զ. Տոնիկյանը, Տ. Հովհաննիսյանը, երգիչներ Է. Կարապետյանը, Ա. Ավետյանը, նվագախմբի վետերան Ռ. Յոլչյանը, կլառնետահար Հ. Անսուրյանը, փողհար Հ. Պետրոսյանը, երգեհոնահար Թ. Մադաթյանը, պարուհի Ա. Հարությունյանը: Նվագախմբի երկացանկը ընդգրկում է հայկ. ժող., սովետահայ, սովետական, արտասահմանյան, ջազային դասական և ժամանակակից կոմպոզիտորների երկեր: Մինչև 1956–ը գեղարվեստական ղեկավարից բացի եղել են նաև դիրիժորներ (Ց. Վարդազարյան, 1938–42, Մ. Թադևոսյան, 1942–49, Կ. Օրբելյան, 1949–52, Գ. Խաչատրյան, 1954–56): Նվագախումբը մասնակցել է Հայ արվեստի և գրականության տասնօրյակներին Մոսկվայում (1939, 1956), պատերազմի տարիներին հանդես եկել ռազմաճակատում և թիկունքում, համերգներով շրջագայել Միությունում, արտասահմանում (Իրան, 1956–ից` Լեհաստան, Բուլդարիա, Հունգարիա, ԳԴՀ, Սիրիա, Լիբանան, Հարավսլավիա և այլուր): Առաջինն է սովետական էստրադային նվագախմբերից, որ ելույթ է ունեցել ԱՄՆ–ում, Ֆրանսիայում և ԳԴՀ–ում:
Մ. Վարդազարյան
