ՀՍՀ/ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՆԻՆՅԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՆԻՆՅԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՀԼԿԵՄ), երիտասարդական հասարակական–քաղաքական, մասսայական կազմակերպություն Սովետական Հայաստանում: Համամիութենական Լենինյան կոմունիստական երիտասարդական միության ջոկատներից: Ստեղծվել և աշխատում է Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) ղեկավարությամբ, նրա ակտիվ օգնականն է երիտասարդությանը կոմունիստական հասարակարգի կառուցման մեջ ներգրավելու գործում: Բանվորա–գյուղացիական երիտասարդությունը Հայաստանում հեղափոխական շարժման մեջ լայնորեն ընդգրկվում է 1917–ի Փետրվարյան հեղափոխությունից հետո: Կազմակերպվում են առաջին խմբակները (Ալավերդու պղնձաձուլական գործարանում, Սանահին երկաթուղային կայարանում, Լոռի, Հաղպատ, Սանահին, Որնակ ևն գյուղերում): Երիտասարդ բոլշևիկներ Ա. Բուդաղյանի, Ա. Խանջյանի, Ղ. Ղուկասյանի և այլոց նախաձեռնությամբ Երևանում ստեղծվում են սովորող երիտասարդության ինտերնացիոնալիստական խմբակներ: Թիֆլիսի Ներսիսյան, Գայանյան և Հովնանյան դպրոցների առաջադեմ աշակերտների ջանքերով ձևավորվում է Կովկասի ընդհանուր աշակերտական միության հայկ. սեկցիան, որը 1917–ի ապրիլից լույս է ընծայում «Նոր սերունդ» շաբաթաթերթը: Նույն թվականի դեկտեմբերին Երևանում ստեղծվում է մարքսիստ աշակերտների միությունը: Կոմերիտական շարժմանը Հայաստանում վերելք է հաղորդում Ռուսաստանի կոմերիտմիության I համագումարը: 1919–ի ապրիլ–մայիսին ձևավորվում է Երևանի երիտասարդ կոմունիստների «Սպարտակ» կազմակերպությունը: 1919–ի ամռանը կոմերիտական կազմակերպություններ են ստեղծվում նաև Ալեքսանդրապոլում (Լենինական), Նոր Բայազետում (Կամո), Դիլիջանում, Կարսում, Աշտարակում, Ղարաքիլիսայում (Կիրովական), Ելենովկայի (Սևանի), Շամշադինի և այլ շրջաններում: Այդ կազմակերպությունները բոլշևիկների ղեկավարությամբ ակտիվ մասնակցում են Հայաստանում սովետական կարգերի հաստատման համար մղվող պայքարին (1920–ի Մայիսյան ապստամբությանը): 1920–ի հունիսի վերջին– հուլիսի սկզբներին ստեղծվում է Հայաստանի տարածքում գտնվող կոմերիտական կազմակերպությունների կենտրոնական կազմակերպիչ բյուրո (նախագահ` Սուրեն Բունիաթյան, 1920–ի դեկտեմբեր –1921–ի հունվար` Ա. Բուդաղյան): Հայաստանում սովետական իշխանության հաստատումից հետո` 1921–ի հունվարին ստեղծվում է Հայաստանի կոմունիստական երիտասարդական միության (ՀԿԵՄ) Կենտրոնական կոմիտե: Նույն թվականի ամռանը ստեղծվում են առաջին պիոներական կազմակերպությունները, որոնք նախապես կրում էին պատանի կոմունարներ (պատկոմականներ) անունը: 1921–ի օգոստ. 21–ին Երևանում բացվում է ՀԿԵՄ I համագումարը, որտեղ ընթացիկ մոմենտի և Հայաստանի կոմերիտմիության խնդիրների մասին զեկուցումով հանդես է գալիս Ա. Ֆ. Մյասնիկյանը: Ռուսաստանի կոմունիստական երիտասարդական միության (ՌԿԵՄ) VI համագումարի (1924–ի հուլիս) որոշմամբ ՀԿԵՄ–ը նույնպես ընդունում է լենինյան անունը և կոչվում ՀԼԿԵՄ: ՀԿԿ–ի ղեկավարությամբ ՀԼԿԵՄ–ը ներգրավվում է հանրապետության ժողտնտ. վերականգնման, ինդուստրացման և գյուղատնտ. կոլեկտիվացման աշխատանքներում: Այդ շրջանում կոմերիտմիությունը մեծ ավանդ է մուծում որբ ու գաղթական երեխաների ուսման և աշխատանքի կազմակերպման, անգրագիտության վերացման, աղջիկներին հասարակական աշխատանքի մեջ ներգրավելու և այլ միջոցառումների իրականացման գործում: Հանրապետության էլեկտրիֆիկացման գործում շեֆական պարտականությունների կատարման և մասնավորապես Ձորագետի ՀԷԿ–ի կառուցմանը ակտիվ մասնակցելու համար ՀԼԿԵՄ–ը 1932-ի նոյեմբ. 14–ին պարգևատրվում է ՀՍՍՀ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: 1930–ական թթ. սկզբներին Հայաստանի կոմերիտականները գյուղի սոցիալիստական վերակառուցման առաջամարտիկներից էին: 1932–ին Հայաստանում ստեղծված 677 կոլտնտեսություններում ընդգրկված էր հանրապետության գյուղական երիտասարդության 70–ը: 1933–ին 250 կոմերիտականներ կոլտնտեսությունների վարչությունների նախագահներ էին: Առաջին հնգամյակների տարիներին կոմերիտականները Կիրովականի քիմ. և Երևանի սինթետիկ կաուչուկի կոմբինատների, Քանաքեռի ՀԷԿ–ի կառուցման, Ալավերդու Ա Ղափանի լեռնահանքային ձեռնարկությունների վերակառուցման ու ընդարձակման առաջավորների շարքերում էին: Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից ՀԼԿԵՄ–ը իր աշխատանքը վերակառուցեց ֆաշիզմին ջախջախիչ հարված հասցնելու կուսակցական պահանջներին համապատասխան: Պատերազմի տարիներին ՀԼԿԵՄ–ի շարքերից սովետական բանակ են մեկնել ավելի քան 70 հզ. կոմերիտականներ: Թշնամու դեմ մղված մարտերում ցուցաբերած հերոսության համար ՍՍՀՄ Գերագույն սովետի հրամանագրերով պարգևատրված 70 հզ. հայ մարտիկների կեսից ավելին կոմերիտմիության սաներ էին: Սովետական Միության հերոսի կոչման արժանացած 106 հայ քաջորդիներից 65–ը կոմերիտականներ էին: Թիկունքում կոմերիտականներից շատերը արտադրության մեջ փոխարինեցին ռազմաճակատ մեկնած իրենց հայրերին ու ավագ եղբայրներին, ծավալեցին երկու, երեք, հինգ հարյուրակայինների շարժումը, աշխատեցին դաշտերում ու անասնապահական ֆերմաներում, ակտիվորեն մասնակցեցին պաշտպանության ֆոնդերի, «Հայաստանի կոմերիտական» տանկային շարասյան ստեղծմանը: Ետպատերազմյան տարիներին կոմերիտականները շարունակեցին դեռ պատերազմի ժամանակ սկսած իրենց օժանդակությունը պատերազմից տուժած սովետական քաղաքների վերականգնմանը: Միաժամանակ նրանք խոշոր ավանդ ներդրեցին հանրապետության արդ. նոր օբյեկտների կառուցման ասպարեզում (Քաջարանի կոմբինատ, Քանաքեռի ալյումինի, Թումանյանի հրակայուն աղյուսի, Սպիտակի շաքարի, Կիրովականի ազոտի, Երևանի հիդրոտուրբինների, էլեկտրամեքենաշինական և այլ գործարաններ): ՀԼԿԵՄ–ը պատվով կատարեց իր շեֆական պարտականությունները Սևան–Հրազդան կասկադի հիդրոկայանների կառուցման գործում: Ողջ երկրի կոմերիտմիության հետ միասին Հայաստանի կոմերիտականները մասնակցեցին 1954–ին սկսած ՍՍՀՄ արլ. շրջանների խամ ու խոպան հողերի յուրացմանը: Նրանք առանձնապես աչքի ընկան Ղազախստանի Պավլոդարի, Կոկչետավի, Սեմիպալատինսկի, Ակմոլինսկի և Ջամբուլի մարզերի, ՌՍՖՍՀ Օրենբուրգի մարզի խոպան հողերի մշակման գործում: Կոմերիտմիության աշխատանքներին նոր թափ հաղորդեց ՍՄԿԿ XX համագումարը: Հայաստանի կոմերիտականները նպաստում էին արդյունաբերության մեջ տեխ. առաջադիմությանը, գյուղատնտեսության հետագա մեքենայացմանը, ստեղծում էին արտադրական նորանոր ձեռնարկություններ ոչ միայն Երևանում, Լենինականում, Կիրովականում, այլև Հրազդանում, Չարենցավանում, Աբովյանում, Գորիսում, Ապարանում և հանրապետության մյուս շրջաններում: Նրանք Երևանի ջերմաէլեկտրակենտրոնի, հայկ. ատոմակայանի, Արփա–Սևան ջրատարի կառուցման հարվածայիններ էին: Գյուղում կոմերիտականները հանդես եկան «Հարուստ հեկտար», «Հարուստ ֆերմա» նախաձեռնություններով: Լավագույն աշխատանքի համար ՀԼԿԵՄ Հոկտեմբերյանի կազմակերպությունը 1968–ին ՍՍՀՄ Գերագույն սովետի հրամանագրով պարգևատրվեց Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: 60–ական թվականներին սկսվեցին և շարունակվում են ուսանողական շինջոկատների աշխատանքները: Հայաստանի ուսանողները մասնակցեցին Երևան–Սևան ավտոճանապարհի, Ուրալի, Տոլյատիի, Ցելինոգրադի և երկրի այլ վայրերում ծավալված շինարարական աշխատանքներին: ՀԼԿԵՄ գործունեությանը նոր լիցք տվեցին ՍՄԿԿ XXV համագումարի որոշումները: Աշխատավոր երիտասարդության շրջանում լայն արձագանք գտավ «60 հարվածային շաբաթ Մեծ հոկտեմբերի 60–ամյակին» կոմերիտական կոչը: ՍՍՀՄ IX գումարման Գերագույն սովետի արտահերթ նստաշրջանի բացման օրը (1977–ի հոկտեմբեր) հանրապետության 2100 երիտասարդական աշխատանքային կոլեկտիվներ կատարել էին 1977–ի պլանային առաջադրանքները: Կոմերիտական կազմակերպությունները բարելավեցին առաջավոր փորձի դպրոցների, «Կոմերիտական լուսարձակների» աշխատանքները: Կոմերիտականները, մասնավորապես ուսանողական շինարարական ջոկատները էլ ավելի ակտիվացրին իրենց մասնակցությունը հանրապետության (ատոմակայան, Երևանի մետրոպոլիտեն և այլն) և համամիութենական (Բայկալ–Ամուր մայրուղի, Տյումենի մարզի կառույցներ և այլն) հարվածային կառույցների աշխատանքներին: 1974–1977–ին հանրապետության շինջոկատներում աշխատել են ավելի քան 40 հզ. ուսանողներ, որոնք երկրի տարբեր ծայրերում կատարեցին 99 մլն ռ. շինմոնտաժային աշխատանքներ: Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում աշխատում են (1978–ի փետրվար) 6800 մեխանիզատոր, 6000 անասնապահ, 4000 երիտասարդ մասնագետներ: Արտադրության մեջ լայն ծավալ է ստացել երիտասարդության նորարարական շարժումը: ՀԼԿԵՄ–ը օգնում է սովորող և աշխատող երիտասարդության կայուն գիտելիքների ձեռքբերմանը, նրա համակողմանի կոմպլեքսային դաստիարակությանը: Կոմերիտական քաղլուսավորության ցանցում 1978–1979 ուս. տարում ընդգրկվել են մոտ 100 հզ. պատանիներ ու աղջիկներ: ՀԼԿԵՄ–ը 1976–ից անցկացնում է «Կենսագործենք ՍՄԿԿ XXV համագումարի որոշումները» լենինյան ստուգարքը, որին մասնակցում են ավելի քան 500 հզ. պատանիներ և աղջիկներ: ՀԼԿԵՄ–ը ունի երիտասարդական և մանկապատանեկան մամուլ` «Ավանգարդ», «Կոմսոմոլեց» (ռուս.) և «Պիոներ կանչ» թերթերը, «Գարուն», «Պիոներ» և «Ծիծեռնակ» ամսագրերը, որոնց միանվագ տպաքանակը կազմում է 635000 օրինակ (1978): Գործում է հեռուստատեսության և ռադիոկոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունը, «Հայհամերգ» միավորման երիտասարդական սեկտորը, մեծ աշխատանքներ են տարվում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման ուղղությամբ: ՀԼԿԵՄ–ը Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների կոմիտեի և «Սպուտնիկ» երիտասարդական տուրիմի բյուրոյի միջոցով բարեկամական կապեր է հաստատել 30 արտասահմանյան պետությունների 68 առաջադիմական (այդ թվում և սփյուռքահայ) երիտասարդական կազմակերպությունների հետ: ՀԼԿԵՄ Կենտկոմի առաջին քարտուղարներ են եղել Մ. Բաբայանը (1921), Հ. Վարդանյանը (1921–1922), Գ. Մելիք–Դադայանը (Գումեդին) (1922–1926), Լ. Մար–տիրոսյանը (1926–1929), Գ. Գրիգոոյա–նը (1929–1930), Լ. Բարսեղյանը (1930– 1932), Վ. Ավագյանը (1932–1935), Ա. Շաղբաթյանը (1935–1937), Ա. Սեյրանյանը (1937), Ս. Միքայելյանը (1937–1940), Ա. Քոչինյանը (1940–1942), Գ. Ալեքյանը (1942–1948), Հ. Հայրապետյանը (1948–1950), Գ. Տեր–Ղազարյանցը (1950–1955), Ս. Բաղդասարյանը (1955– 1961), Վ. Դարբինյանը (1961 – 1963), Ս. Պողոսյանը (1963–1967), Ս. Հարությունյանը (1967–1970), Լ. Սահակյանը (1970–1972), Ռ. Արզումանյանը (1972– 1975), Հ. Քոթանջյանը (1975–1978), 1978–իցՀԼԿԵՄ ԿԿ I քարտուղարն է Վ. Տուրյանը:
Գրկ. Միրզախանյան Կ. Ժ., Սովետական Հայաստանի կոմերիտմիությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941 – 1945), Ե., 1954 Կարապետյան Հ. Ն., Հայաստանի կոմերիտմիության ծնունդը, Ե., 1956: Ավետիսյան Հ. Ա., Հայաստանի կոմերիտականները սոցիալիստական ինդուստրացման համար մղված պայքարում (1926–1932), Ե., 1959: Պողոսյան Հ. Մ., Հայաստանի լենինյան կոմերիտմիության պատմությունից (1927–1933), Ե., 1961: Հայաստանի լենինյան կոմերիտմիության պատմությունը, Ե., 1968: О հանջանյան Շ. Բ., Բարսեղյան Ա. Խ., ՀԼԿԵՄ–ը 50 տարում, Ե., 1971: Ալեքյան Գ. Բ., Հայաստանի երիտասարդությունը Մեծ հայրենականին, Ե., 1979: Հ. Կարապետյան
