Jump to content

ՀՍՀ/ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԱՆՍԱՄԲԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԱՆՍԱՄԲԼ պետական, կազմակերպվել է 1962–ին` Զ. Սահակյանցի նախաձեռնությամբ: Անսամբլի հիմքը լարային գործիքների խումբն է, երբեմն, ըստ ստեղծագործության բնույթի, ընդգրկվել են մեկ ֆլեյտա, երկու հոբոյ, երկու վալդհոռն: Անսամբլում տարբեր տարիներ հանդես են եկել ջութակահարներ Կ. Բաղդասարյանը, Հ. Դուրգարյանը, Կ. Հայրապետյանը, Վ. Գազարյանը, Լ. Մելիքյանը, Գ. Ավետիսյանը, Գ. Գրիգորյանը, Է. Սարգսյանը, Լ. Սեյրանյանը, Հ. Աբրահամյանը, Գ. Հարությունյանը, Ա. Օհանյանը, Ռ. Քեշաբյանը, Է. Ամխանիցկայան, ալտահարներ Բ. Գինոսյանը, Լ. Գալստյանը, Վ. Ծատուրյանը, Ա. Հայրիկյանը, թավջութակահարներ Ա. Մաթևոսյանը, Ս. Ավետիսյանը, Պ. Բժիկյանը, կոնտրաբասահար Հ. Մհերյանը, կլավեսինահար Ա. Սահակյանցը և ուրիշներ: Հիմնադրման օրից մինչև 1975–ը անսամբլի գեղարվեստական ղեկավարն էր Զ. Սահակյանցը, 1975–ից` Կ. Բաղդասարյանը: Առաջին իսկ ելույթներից անսամբլը հանդես է եկել բազմաբնույթ ծրագրով` հնագույն վարպետներ, եվրոպական դասականներ, մեծ աշխատանք է տարել ստեղծելու ազգային երկացանկ` կատարվել են հայկ. երգերի, միջնադարյան մեղեդիների մի շարք մշակումներ, անսամբլի համար մեծ կտավի երկեր են ստեղծել Ց. Բեքարյանը, Ա. Հարությունյանը, Է. Հովհաննիսյանը, Ա. Աճեմյանը, Է. Խաղաղորտյանը: Անսամբլի կատարողական արվեստն առանձնանում է բարձր ճաշակով, պրոֆեսիոնալ մակարդակով: Անսամբլի հետ ելույթներ են ունեցել ինչպես հայ, այնպես էլ այլ ազգի նշանավոր արտիստներ: Հյուրախաղերով հանդես է եկել ՍՍՀՄ տարբեր քաղաքներում, համարյա բոլոր հանրապետություններում, ինչպես նաև Չեխոսլովակիայում, Ֆրանսիայում, ԳԴՀ–ում, Բուլղարիայում, Թաիլանդում, Ֆիլիպիններում և այլուր:

Ա. Սարյան