ՀՍՀ/ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԲՅՈՒՐՈ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԲՅՈՒՐՈ, ստեղծվել է ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի նախաձեռնությամբ, 1920–ի մայիսին: Գործել է Թիֆլիսում և Բաքվում: Նպատակն էր միավորել Հայաստանի կոմունիստական կազմակերպությունների գործունեությունը և ՀԿ(բ)Կ Կենտկոմի հետ գլխավորել նրանց պայքարը հանուն Հայաստանում սովետական իշխանության հաստատման: Բյուրոյի կազմում եղել են Ս. Կասյանը, Ա. Բեկզադյանը, Ա. Մռավյանը, Դ. Շահվերդյանը, Հ. Պողոսյանը, Ա. Նուրիջանյանը, Հ. Կոստանյանը (բյուրոյի քարտուղար), Գ. Տեր–Սիմոնյանը, Շ. Ամիրխանյանը և Լ. Ուլիբեկյանը: Բյուրոյի աշխատանքներում վճռական դեր են խաղացել Արմենկոմի անդամներ Ս. Կասյանը և Ա. Մռավյանը: Բացի զգալի դրամական միջոցներից, արտասահմանյան բյուրոն Հայաստանի տարբեր շրջաններ էր ուղարկում կուսակցական աշխատողներ, հեղափոխական գրականություն և թերթեր: Բյուրոն Սովետական Ադրբեջանում լայն աշխատանքներ էր ծավալել հայկ. կարմիր զորամասեր կազմակերպելու ուղղությամբ: 1920–ի հուլիս–օգոստոսին ՀԿ(բ) կ Կենտկոմի և արտասահմանյան բյուրոյի ներկայացուցիչներ Ա. Նուրիջանյանը և Հ. Նազարեթյանը վճռական ձայնի իրավունքով մասնակցել են Կոմինտերնի II կոնգրեսին, որտեղ ներկայացրել են «Կոմունիզմը Հայաստանում» խորագրով զեկուցումը: Արտասահմանյան բյուրոն գործուն մասնակցություն է ունեցել Արևելքի ժողովուրդների Բաքվի համագումարի (1920–ի օգոստոս) աշխատանքին: Նույն թվականի սեպտեմբերին բյուրոյի նախաձեռնությամբ Բաքվում գումարվել է Հայաստանի արտասահմանյան կոմունիստական կազմակերպությունների կոնֆերանս: 1920–ի հոկտ. 1–ին ՌԿ(բ)Կ Կենտկոմի կազմբյուրոն, հաստատելով Հայաստանի կոմկուսի Կենտկոմի կազմը, որոշեց, որ Հայաստանի կոմունիստական կազմակերպությունների արտասահմանյան աշխատանքին վերաբերող բոլոր հարցերը կլուծվեն Կովկասյան բյուրոյի և ՀԿ(բ)Կ Կենտկոմի անդամներ Ի. Դովլաթյանի, Ա. Նուրիջանյանի ու Հ. Կոստանյանի հետ համատեղ: ՌԿ(բ)Կ Կենտկոմի այդ որոշումից հետո արտասահմանյան բյուրոն դադարեցրել է իր աշխատանքները:
Հ. Պետրոսյան
