Jump to content

ՀՍՀ/ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՒՆՎԱՐՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ 1920

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՒՆՎԱՐՅԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ 1920, գումարվել է հունվարի 18–19–ին, Երևանում, անլեգալ պայմաններում: Մասնակցել են Հայաստանի կուսակցական կազմակերպությունների 22 ներկայացուցիչներ, որոնք ներկայացրել են 1200 կոմունիստի: Պատգամավորներն էին` ՌԿ(բ)Կ Երկրային կոմիտեից` Ս. Կասյանը և Ա. Մռավյանը, Երևանի կազմակերպությունից` Մ. Ալավերդյանը, Ս. Մարտիկյանը, Ա. Մելիքյանը, Ա. Տեր–Ղազարյանը և Դ. Շահվերդյանը, Ալեքսանդրապոլից` Ա. Նուրիջանյանը, Ալեքսանդր (Սաշա) Գրիգորյանը և Ա. Գոգունցը (խորհրդակցական ձայնով), Նոր Բայազետից (Կամո)` Հ. Սարուխանյանը և Բ. Բատիկյանը, Էջմիածնից` Հ. Պողոսյանը, Լոռվա «Չեզոք գոտուց»` Ա. Կախոյանը, Դիլիջանից` Ե. Շամախյանը, Ղազախից (Իջևան)` Պ. Վարդանյանը, Սարիղամիշից` Ռ. Ոսկանյանը, Ղարաքիլիսայից (Կիրովական)` Վ. Վարդանյանը, «Սպարտակ» երիտասարդական կազմակերպությունից` Ա. Բուդաղյանը, Ա. Խանջյանը, Ղ. Ղուկասյանը (վերջին երկուսը խորհրդակցական ձայնով), Ջալալօղլուց (Ստեփանավան)` Ն. Ջիլավյանը: Զանգեզուրի, Կարսի, Սուրմալուի, Շամշադինի կուսակցական կազմակերպությունների պատգամավորները չկարողացան մասնակցել կոնֆերանսին: Կոնֆերանսը քննարկեց ՌԿ(բ)Կ Հայաստանի կոմիտեի (Արմենկոմ) հաշվետու զեկուցումը (զեկ. Ս. Կասյան), ընթացիկ մոմենտը և Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների խնդիրները (զեկ. Ս. Ալավերդյան), կուսակցության կազմակերպական կառուցվածքի հարցը, ՌԿ(բ)Կ Հայաստանի կոմիտեի ընտրությունը և այլ հարցեր: Վերաբերմունքը դեպի քեմալական շարժումը (Արլ. հարց), զեկուցողի` Ա. Մռավյանի բացակայության պատճառով, առանձին չքննարկվեց: Այն միացվեց Ս. Կասյանի զեկուցմանը: Կոնֆերանսի նախօրյակին (1920–ի հունվ. 3) ՌԿ(բ)Կ Կենտկոմի քաղբյուրոն քննարկել էր Հայաստանում տարվող կուսակցական աշխատանքի հարցը և ընդունել ծրագրային որոշում: Այդ որոշման ոգով էլ ընթանում էին հունվարյան կոնֆերանսի աշխատանքները: Կոնֆերանսում քննարկվեց ու հաստատվեց նաև Հայաստանի կուսակցական կազմակերպությունների կանոնադրությունը, երիտասարդական, արհմիութենական և լեգալ մյուս կազմակերպություններում կատարվելիք աշխատանքների ծրագրերը: Կոնֆերանսն ընտրեց ՌԿ(բ)Կ Հայաստանի կոմիտե` Ս. Կասյան, Ս. Ալավերդյան, Ա. Մռլսվյան, Ա. Նուրիջանյան, Հ. Պողոսյան, Դ. Շահվերդյան և Ս. Մարտիկյան կազմով: Հունվարյան կոնֆերանսը փաստորեն ավարտեց Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների միավորումը կուսակցական մեկ ղեկավար մարմնի` ՌԿ(բ)Կ Հայաստանի կոմիտեի (Արմենկոմ) շուրջը և դրանով վճռական քայլ կատարեց Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմակերպական ձևավորման ճանապարհին:

Գրկ. «Правда», 1920, No 90, 28 ապրիլի: Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր, Ե., 1967: Խ. Բարսեղյան