ՀՍՀ/ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ, ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության կուլտուր–լուսավորական և գիտահետազոտական հաստատություն: Հիմնադրվել է 1921–ին: Մեծ ընդմիջումից հետո վերսկսել է գործել 1960–ի նոյեմբերից: Հ. հ. թ–ում պահպանվում են ավելի քան 40 հզ. ցուցանմուշներ (փաստաթղթեր, լուսանկարներ, անձնական իրեր, գեղ. գործեր ևն), որոնցից ներկայացված է 5000–ը: Հ. հ. թ. ունի Ռուսաստանում և Հայաստանում մարքսիզմի տարածման, ս–դ. բանվորական կուսակցության ստեղծման, Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակի, Հայաստանում սովետական կարգերի հաստատման, ՍՍՀՄ–ում սոցիալիզմի կառուցման, գիտության ու կուլտուրայի զարգացման և Հայրենական մեծ պատերազմին հայերի մասնակցության բաժիններ: Ցուցադրությունն ամփոփվում է մեր երկրում զարգացած սոցիալիզմի կառուցման ժամանակաշրջանով: Թանգարանում կազմակերպվում են հատուկ և շրջիկ ցուցահանդեսներ` նվիրված կարևոր պատմական իրադարձություններին և հեղափոխական ու պետ. գործիչներին: Հրատարակում է ուղեցույցներ, ժողովածուներ, կատալոգներ և ալբոմներ: Մասնաճյուղեր ունի Ստեփանավանում (Ս. Շահումյանի տուն–թանգարան), Իջևանում (Սովետական կարգերի հաստատումը Հայաստանում), Կրասնոսելսկում Բորյան եղբայրների թանգարան) և Լենինականում (Բ. Ղարիբջանյանի տուն–թանգարան):
Մ. Հովհաննիսյան
