ՀՍՀ/ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆԴԱՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆԴԱՏ, գաղութային կառավարման ձև, որ 1914–18–ի առաջին համաշխարհային պատերազմից հետո Ազգերի լիգայի հանձնարարությամբ հաստատելու էր ԱՄՆ–ը «անկախ» Հայաստանի նկատմամբ: Նպատակն էր ամրապնդել ամերիկյան իմպերիալիզմի դիրքերը Անդրկովկասում և ամբողջ Առաջավոր Ասիայում: ԱՄՆ–ում կազմակերպվեցին և Հայաստան ուղարկվեցին զանազան «քաղաքացիական» և ռազմ. միսիաներ` տեղում ամերիկյան մանդատը հաստատելու պայմաններ ստեղծելու համար: Նույն ոգով էին գործում նաև մի քանի «բարեգործական» հաստատություններ` «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեն», «Կարմիր խաչի հայ–ամերիկյան կոմիտեն», «Հայաստանի անկախության ամերիկյան կոմիտեն» («ՀԱՍԿ») ևն: Անգլ. զինված ինտերվենցիայի ձախողումը Անդրկովկասում, կարմիր բանակի հաջողությունները ինտերվենտների դեմ մղվող պայքարում, Մերձավոր ու Միջին Արևելքում ագգային–ազատագրական պայքարի ուժեղացումը Անգլիային և Ֆրանսիային ստիպեցին 1919–ի մայիսի 14–ին, Փարիզի խաղաղության կոնֆերանսում, համաձայնվել Հ. մ. հանձնելու ԱՄՆ–ին: Օգտվելով դրանից` ԱՄՆ ավելի ուժեղացրեց իր գործունեությունը Հայաստանում: 1919–ի հունիսի 22–ին «ՀԱԱԿ»–ը դիմում է Փարիզում գտնվող ԱՄՆ–ի պրեզիդենտ Վ. Վիլսոնին` առաջարկելով 50 հզ. բանակի համար Հայաստան ուղարկել ռազմ. հանդերձանք և սննդամթերք: 1919–ի օգոստ. 14–ին առաջարկվում է Կիլիկիայից, Ամերիկայից, Կոստանդնուպոլսից և այլ հայաբնակ վայրերից հավաքագրել 20 h զ–անոց բանակ, հանդերձավորել և, որպես ամերիկյան վարձկան զորքեր, ուղարկել Հայաստան: Ինչպես դաշնակցական, այնպես էլ այդ բանակը, պետք է գործեին ամերիկյան հրամանատարության տակ: Փաստորեն Հայաստանը դրվելու էր գաղութային վիճակում: ԱՄՆ–ի կառավարությունը և ռազմ. փորձագետները գտնում էին, որ առանց ամերիկյան կանոնավոր զորքերի Հ. մ–ի հարցը հնարավոր չէ լուծել և որոշվում է առաջին հերթին Հայաստան մտցնել զինված ուժեր: 1919–ի սեպտ. 8–ին ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի որոշմամբ պրեզիդենտին իրավունք էր վերապահվում ըստ իր հայեցողության զորք ուղարկել Հայաստան: 1919–ի հուլիսի 5–ին Փարիզի կոնֆերանսի տասի խորհուրդը, ԱՄՆ պետական քարտուղար Լանսինգի առաջարկով, ամերիկյան գնդապետ Ու. Հասկելին նշանակում է դաշնակիցների գերագույն կոմիսար Հայաստանում: 1919–ի օգոստոսին Վիլսոնը Մերձավոր Արևելք է ուղարկում ռազմ. նոր միսիա (բաղկացած 50 հոգուց), գնդապետ Ջ. Հարբորդի գլխավորությամբ, որը պետք է տեղում ուսումնասիրեր և կոնգրեսին ներկայացներ զեկուցագիր Հայաստանի, Անդրկովկասի, Թուրքիայի, Միջին և Մերձավոր Արևելքի Երկրների քաղ., ռազմ., աշխարհագրական, վարչական, տնտ. ևն պայմանների մասին: Միսիան այցելում է Կ. Պոլիս, Ադանա, Հալեպ, Դիարբեքիր, Խարբերդ, Մալաթիա, Սվազ, Երզնկա, Էրզրում, Կարս, Բայազետ, Երևան, Էջմիածին, Նախիջևան, Թիֆլիս, Բաքու և այլուր: Միսիայի անդամները 30–օրյա շրջագայության ընթացքում հանդիպում են նշված վայրերի քաղ. գործիչների հետ: 1919–ի հոկտեմբերին Հարբորդի միսիան ԱՄՆ կառավարությանը ներկայացրեց «Դրությունը Մերձավոր Արևելքում» զեկուցագիրը, որտեղ հիմնավորում էր ամբողջ Անդրկովկասի, Հայաստանի, Թուրքիայի և սևծովյան նեղուցների վրա ամերիկյան «միասնական մանդատ» հաստատելու անհրաժեշտությունը: Առանց այդ տարածքների, ասվում էր զեկուցագրում, «մանդատի ընդունումը չափազանց դժվար կլինի, որովհետև ծախսերը համարյա անընդունելի կլինեն»: Զեկուցագրում նշվում էր, որ միասնական մանդատն իրագործելու համար անհրաժեշտ կլինի մինչև 200 հզ. զինվոր, այդ թվում` 1919–ին առաջարկվում էր Հայաստան ուղարկել երկու դիվիզիա (59 հզ. զինվոր): Այդ նպատակով նախատեսվող ծախսերը միայն առաջին տարին կազմելու էին 275 մլն դոլլար (ծախսերի մի զգալի մասը պետք է գանձվեր օկուպացված շրջանների բնակչությունից): Ամերիկյան զորքերի անմիջական պարտականությունը, ըստ Հարբորդի միսիայի կարծիքի, պետք է լիներ «ամեն տեսակ անկախության ճնշումը» և «կարգի պահպանումը»: Նախատեսվում էր ստեղծել տեղական ոստիկանություն, որի հրամանատարական կազմը համալրվելու էր ամերիկացիներից: 1920–ի ապրիլին Սան Ռեմոյում կայացած Անտանտի տերությունների կոնֆերանսը պաշտոնապես առաջարկեց ԱՄՆ կառավարությանը ընդունել Հ. մ.: 1920–ի ապրիլի 21–ին Փարիզում ԱՄՆ և Հայաստանի դաշնակցական կառավարության ներկայացուցիչների միջև մշակվեց համաձայնագիր, որը ուժի մեջ պետք է մտներ Հ. մ. հաստատվելուց հետո և լրիվ կերպով ապահովելու էր ամերիկյան իմպերիալիստների գաղութային տիրապետությունը Հայաստանում: Իմանալով այդ մասին, անգլ. կառավարությունն իր հերթին պատրաստակամություն հայտնեց 40 հզ. բանակի համար Հայաստանին տրամադրել զենք և ռազմ. հանդերձանք` նպատակ ունենալով ոչ միայն օգնել դաշնակցական կառավարությանը Սովետական Ռուսաստանի դեմ պայքարելու համար, այլև ի հակակշիռ ԱՄՆ–ի` ամրապնդելու իր դիրքերը Հայաստանում: ԱՄՆ կառավարությունը 1920–ի ապրիլի 27–ին դե ֆակտո ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը և մայիսի 27–ին կոնգրեսի քննարկմանը ներկայացրեց Հարբորդի միսիայի զեկուցագիրը: 1920–ի հունիսի 1–ին կոնգրեսի որոշմամբ սենատի արտաքին գործերի հանձնաժողովը, 11 ձայնով ընդդեմ³–ի, մերժեց Հ. մ. վերցնելու պրեզիդենտ Վիլսոնի առաջարկը: Հարբորդի զեկուցագիրը ներկայացնելուց (1919–ի հոկտեմբեր) հետո Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցած մեծ փոփոխությունները` կարմիր բանակի զորամասերի ընդհուպ մոտենալը Հայաստանի սահմաններին, իմպերիալիստական պետությունների հակասությունների սրումը Մերձավոր Արևելքում, ԱՄՆ–ում ու Եվրոպայի երկրներում հակասովետական ինտերվենցիայի նկատմամբ առաջացած դժգոհությունները, միջկուսակցական հակասությունների սրումը կոնգրեսում, Վերսալյան պայմանագիրը հաստատելուց ԱՄՆ–ի հրաժարվելը և մի շարք այլ պատճառներ ստիպեցին ԱՄՆ կոնգրեսին հրաժարվելու Հ. մ–ից:
Գրկ. Հայ ժողովրդի պատմություն, հ. 7, Ե., 1967: Հայաստանը միջազգային դիվանագիտական և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828– 1923), խմբ. Ջ. Կիրակոսյանի, Ե., 1972: История дипломатии, т. 3, М., 1965.
