ՀՍՀ/ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ, հնագիտական, ազգագրական, պատմական նյութերի և հավաքածուների թանգարան: Հիմնադրվել է 1921–ի օգոստ. 20–ին: Սկզբում կոչվել է Պետական թանգարան, այնուհետև Հայաստանի պետական կուլտուր–պատմական թանգարան: Առաջին վարիչը Վ. Ախիկյանն էր, իսկ երկու ամիս անց` Մարտիրոս Սարյանը: Հ. պ. պ. թ–ի հիմքը հանդիսացան Հայաստանի կառավարության գնած գեղարվեստական մի քանի տասնյակ կտավները: 1921–22–ին Թիֆլիսից Երևան փոխադրվեցին Կովկասի հայոց ազգագրական ընկերության հնագիտական ու ազգագրական հարուստ նյութերը և հայագիտական գրադարանը: Թանգարանին տրամադրվեցին նաև Էջմիածնի վանքի, Մոսկվայի Լազարյան ճեմարանի թանգարանային հավաքածուները, Նոր Նախիջևանից Երևան տեղափոխվեցին Ե. Շահազիզի ջանքերով հավաքված թանգարանային արժեքները: 1922–ին թանգարանը բաղկացած էր հնագիտական, պատմագրական, ազգագրական, գեղարվեստական, տնայնագործական, հեղափոխության բաժիններից: Հիմնադրման աջաջին տասնամյակում այստեղ կենտրոնացան նաև Անիի հնադարանի փրկված գույքի մի մասը, Հնությունների պահպանության կոմիտեի հավաքած հնագիտական նյութը, ինչպես և տարբեր հիմնակություններում ու մասնավոր հավաքածուներում պահվող պատմական արժեքները: Ազգագրական հավաքածուները համալրվում էին Հայաստանի և Անդրկովկասի հայաբնակ շրջաններից գիտարշավների միջոցով պարբերաբար հավաքված իրերով: 1928–ին Հ. պ. պ. թ–ի նյութերի հիման վրա կազմակերպվեց Հեղափոխության պետական թանգարանը: 1935–ին թանգարանի հիման վրա կազմակերպվեցին երեք ինքնուրույն թանգարաններ` Պետական պատմական, Կերպարվեստի (այժմ` Հայաստանի պետական պատկերասրահ), Գրական (այժմ` Ե. Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարան): 1940–64–ին թանգարանը ՀՍՍՀ ԳԱ կազմում էր: Այդ տարիներին աշխատանքներն ուղղված էին գլխավորապես գիտական հետազոտությունների ծավալմանը և թանգարանային մասնագետների պատրաստմանը Սովետական Միության առաջատար թանգարաններում: Սկսած 1930–ական թթ. թանգարանի հնագիտական արշավախումբը պարբերաբար պեղումներ էր կատարում Դվինում, Լճաշենում, Արթիկում և այլ վայրերում: Հրատարակվում են թանգարանի գիտական աշխատությունների ժողովածուներ, հնագիտության, ազգագրության, պատմության զանազան հարցերի վերաբերյալ, ինչպես և գիտաշխատողների մենագրություններ ու հոդվածներ: Առաջին ցուցահանդեսը կազմակերպվել է 1925–ին: Այնուհետև, ֆոնդերի հարստացմանը զուգահեռ, կազմակերպվել են նոր ցուցահանդեսներ«Սասունցի Դավիթ»–ի 1000–ամյակին (1939), Հայաստանում սովետական կարգերի հաստատմանը նվիրված հոբելյանական (1940, 1945, 1950,1955), ինչպես և Հոկտեմբերյան հեղափոխության 30– և 40–ամյակների առթիվ ցուցահանդեսները: Մի շարք ցուցահանդեսներ են կազմակերպվել Հայրենական պատերազմի տարիներին (1941 –45) ևն: Ներկայումս թանգարանի մշտական ցուցահանդեսում ներկայացված է շուրջ հինգ հազար իսկական ցուցանմուշ: Վերջին տարիներին թանգարանում կազմակերպվել են ժամանակավոր ցուցահանդեսներ («Հայկական գորգեր», «Հայկական տարազ», «Սփյուռքահայերից ստացված նվերներ», «Երևանցու տունը XIX դ.» ևն): Հ. պ. պ. թ–ի շարժական ցուցահանդեսները մշտապես ցուցադրվում են Հայկական ՍՍՀ տարբեր վայրերում և նրա սահմաններից դուրս: Հ. պ. պ. թ. իր ցուցանմուշներով մասնակցել է Սովետական Միության զանազան քաղաքներում, նաև` արտասահմանյան մի շարք երկրներում (ԱՄՆ, Կուբա, Լեհաստան, ճապոնիա, Ֆրանսիա, Հունգարիա, Հոլանդիա ևն) կազմակերպված ցուցահանդեսներին: Թանգարանի մշտական ցուցադրությունը տարեկան այցելում է շուրջ 250 հզ. մարդ: 1964–ից թանգարանը գտնվում է ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության համակարգում: Ներկայումս Հ. պ. պ. թ–ում պահվում է շուրջ 250 հզ. առարկա: Համալրման հիմնական աղբյուրներն են հնագիտական պեղումների և ազգագրական արշավախմբերի, գնման հանձնաժողովի և նվիրատվությունների միջոցով ստացված նյութերը: Մինչև 1977–ը Հ. պ. պ. թ–ում կային հին և միջնադարյան պատմության, նոր և նորագույն պատմության, հաշվառման և պահպանման, գիտա–մասսայական բաժիններ և հնագիտության, Ս. Լիսիցյանի անվ. ազգագրության, դրամագիտության, ճարտարապետության կաբինետներ: Այժմ գործում են նախնադարյան համայնական կարգերի և ստրկատիրական հասարակարգի պատմության (հին քարի դարից մինչև VI դ.), ֆեոդալական հասարակարգի պատմության (VI–XVI դդ.), Ս. Լիսիցյանի անվան ազգագրության, դրամագիտության, նոր պատմության (XVII–XIX դդ.), նորագույն պատմության (սովետական շրջան), ֆոնդերի հաշվառման ու պահպանման (ընդգրկում է. ա. հնագիտական իրերի, բ. ազգագրական իրերի, գ. դրամների, թանկարժեք մետաղների, զենքերի ու ավանդների, դ. վավերագրական նյութերի, լուսանկարների, սևանկարների, գեղարվեստական աշխատանքների և ճարտարապետական գծագրերի սեկտորները), թանգարանային արժեքների կոնսերվացման և վերականգման գիտա–մասսայական բաժինները, հայագիտական հարուստ գրադարան: Հ. պ. պ. թ–ի մասնաճյուղերն են Մեծամորի և Հառիճի պատմա–հնագիտական թանգարանները:
Գրկ. Ղաֆադարյան Կ. Գ., "Հայաստանի պետական պատմական թանգարանը, «ՊԲՀ», 1962, No 2: Հ. Սարգսյան
