ՀՍՀ/ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ, Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ (կապելլա), հիմնադրվել է 1937–ին, որպես Հայֆիլհարմոնիայի կոլեկտիվ: Հիմնադիրը և գեղ. ղեկավարն էր Թ. Ալթունյանը, որի գործունեության առաջին իսկ տարիները նշանավորվեցին ազգային դասական երգարվեստի լավագույն ավանդույթների զարգացմամբ: Երգչախմբի ստեղծագործական առաջընթացի, պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման, երկացանկի հարստացման գործում մեծ վաստակ ունի Ա. Տեր–Հովհաննիսյանը (գեղ. ղեկավար 1939–41–ին և 1954–60–ին), որի շնորհիվ ազգային երկացանկի կողքին իրականացվեցին Մոցարտի «Ռեքվիեմը», Բեթհովենի Իններորդ սիմֆոնիան, Չայկովսկու «Իոլանտա» օպերայի համերգային կատարումը: Երգչախմբի ստեղծագործական գործունեության առավել նշանակալից շրջանը սկիզբ է առել 1960–ական թթ. (գեղ. ղեկավար, գլխավոր խմբավար` Հ. Չեքիչյան): Ընդլայնվել է երկացանկը (ազգային, դասական և ժամանակակից սովետական, եվրոպական, ամերիկյան շուրջ երեսուն լեզուներով կատարվող վեց հարյուրից ավելի երկեր): Երգչախումբը հայ դասական խմբերգային գրականության լավագույն մեկնաբանն է: Կատարողական արվեստն աչքի է ընկնում ամենատարբեր ոճի ստեղծագործությունների (Բեռլիոզի, Վերդիի, Ֆորեի ռեքվիեմները, Շուբերտի «Միրամի հաղթական երգը» կանտատը, Ռոսսինիի «Ստաբատ մատերը»–ը, Գլինկայի, Մուսորգսկու, Սվիրիդովի, Շեբալինի գործերը) բովանդակության խոր իմաստավորումով, ձևի հղկվածությամբ, հուզական բազմազանությամբ: Ելույթներ է ունեցել Մոսկվայում (1939–ին, և այնուհետև մասնակցել է հայ արվեստի և գրականության տասնօրյակներին), Լենինգրադում, Կիևում, ՍՍՀՄ այլ քաղաքներում, Լիբանանում, Ֆրանսիայում:
Մ. Հարությունյան
