ՀՍՀ/ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ 1920 ՆՈՅԵՄԲԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ 1920 ՆՈՅԵՄԲԵՐ (ՌՀԿ, Ռազմհեղկոմ, Հեղկոմ), ՀԿ(բ)Կ Կենտկոմի և նրա արտասահմանյան բյուրոյի անդամներից 1920–ի նոյեմբերի 29–ին կազմված պետական քաղաքական–մարտական մարմին, որի նպատակն էր ապահովել Հայաստանում սոցիալիստական հեղափոխության հաղթանակը և սովետական կարգերի հաստատումը: Հեղկոմը մարմնավորում էր օրենսդիր և գործադիր իշխանությունները: ՀՍՍՀ Ռազմհեղկոմի (Հեղկոմի) նախագահն էր Ս. Կասյանը, անդամները` Ա. Մռավյանը, Ս. Տեր–Գաբրիելյանը, Ա. Նուրիջանյանը, Ա. Բեկզադյանը և Ի. Դովլաթյանը: 1920–ի նոյեմբ. 29–ին Հեղկոմը և նրա ղեկավարությամբ գործող հեղափոխական գունդը մտան Քարվանսարա (Իջևան) և աջակցելով ապստամբած բնակչությանը` Հայաստանում հռչակեցին սովետական իշխանություն: Այդ առթիվ Հեղկոմի հրատարակած դեկլարացիայում ասվում էր. «Ընկերներ: Հայաստանի ապստամբ աշխատավոր ժողովրդի կամքով ու ցանկությամբ Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցությունը այսօրվանից Հայաստանը հայտարարում է Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն… Ներկա ծանր պայմաններում ու լուրջ րոպեին ընդունելով իշխանության ամբողջ պատասխանատվությունը, մենք Հայաստանի ժողովրդին կոչ ենք անում մեզ աջակցել բանվորա–գյուղացիական իշխանության թշնամիների դեմ կռվելու և կոչում… ստեղծագործական աշխատանքի: Կեցցե Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունը…» («Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում, փաստաթղթերի և նյութերի ժողովածու», 1960, Փաստաթուղթ No 254): Նոյեմբ. 30–ին ՀՍՍՀ ՌՀԿ ողջույնի հեռագիր է ուղարկում Վ. Ի. Լենինին` Հայաստանում սովետական իշխանություն հռչակելու կապակցությամբ: Դեկտ. 2–ին ստացվում է Վ. Ի. Լենինի պատասխան հեռագիրը. «Հանձին Ձեզ ողջունում եմ իմպերիալիզմի ճնշումից ազատագրված աշխատավորական Սովետական Հայաստանին…» (նույն տեղում, փաստաթուղթ No 257): 1920–ի դեկտ. 4–ին ժամանելով Երևան` ՀՍՍՀ Հեղկոմը ձեռնարկում է պետ. վարչա–կառավարչական ապարատի սոցիալիստական վերափոխման միջոցառումներ: Հրապարակվում են դեկրետներ` հին վարչական ապարատը և պաշտոնները վերացնելու, նոր ապարատ` ժողովրդական կոմիսարիատներ և տեղական հեղկոմներ ստեղծելու, անտառների և հողի ազգայնացման, արդ. ձեռնարկությունների, դպրոցների, թանգարանների, գրադարանների և տպարանների պետականացման, երկաթուղիները, փոստ–հեռագրատները ռազմականացնելու և այլ միջոցառումների մասին: 1920–ի դեկտ. 22–ին Հեղկոմի դեկրետով հաստատվում է ՀՍՍՀ ժողովրդական կոմիսարների կազմը` 8 ժողկոմով: Հեղկոմը գոյատևեց մինչև 1921–ի մայիսի 21–ը, որից հետո վերակազմվեց ՀՍՍՀ Բանվորա–գյուղացիական կառավարության` հանձին ժողովրդական կոմիսարների խորհրդի: Հեղկոմի բոլոր գործադիր ֆունկցիաները փոխանցվեցին ՀՍՍՀ ժողկոմխորհին: ՀՍՍՀ նորընծա ժողկոմխորհի կազմում կար 12 ժողկոմ, որոնք գլխավորում էին համապատասխան ժողկոմատները, տասներեքերորդ` ռազմական գործերի ժողովրդական կոմիսար էր նշանակվել ժողկոմխորհի նախագահ Ա. Մյասնիկյանը:
Գրկ. հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում Փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Ե., 1960: Ա. Լյուլիկյան
