ՀՍՀ/ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱ, ստեղծվել է 1959–ին, «Հայֆիլմ» ստուդիայի կինոփաստագրության մասնաճյուղի («Հայկինոխրոնիկա») հիման վրա: Թողարկում է առավելապես 10–20 րոպեանոց (կարճամետրաժ) վավերագրական, գիտահանրամատչելի, ուսումնական ֆիլմեր և ակնարկներ, «Սովետական Հայաստան» ամենամսյա կինոպարբերականը, ինչպես և պատվերային ժապավեններ: Առաջին փաստագրական կինոնկարահանումները Հայաստանում կատարվել են դեռևս 1907–ին: 1920–ին օպերատոր Ս. Լեմբերգը ժապավենի վրա է առել Հայաստանում սովետական իշխանության հաստատման մի շարք իրադարձություններ: Հայ սովետական կինոյի առաջին ստեղծագործությունը «Խորհրդային Հայաստան» վավերագրական ֆիլմն է (1924): Մինչ պատերազմյան տարիներին նկարահանվել են կարճամետրաժ ժապավեններ` նվիրված հայ ժողովրդի նոր կյանքի տիպական փաստերին և դեպքերին: 1941–45–ին նկարահանված շատ կինոնյութեր ամփովել են հայկ. վավերարվեստի լավագույն երկերից մեկի` «Երկիր հայրենի» ֆիլմում (1945, գեղ. ղեկավար և տեքստի հեղինակ` Ա. Դովժենկո, ռեժիսորներ` Գ. Բալասանյան, Լ. Իսահակյան, Հ. Զարգարյան): Լավագույն ֆիլմերից են` «Երկիր Նաիրի» (1930, ռեժիսոր` Հ. Բեկնազարյան), «խնդության երկիր» (1940, ռեժիսոր` Գ. Բալասանյան), «Պոեմ Հայաստանի մասին» (1960, ռեժիսոր` Վ. Հայկազյան), «Յոթ երգ Հայաստանի մասին» (1967, ռեժիսոր` Գ. Մելիք–Ավագյան), «Ասք մեծ ճշմարտության մասին» (1970, ռեժիսոր` Լ. Իսահակյան և ուրիշներ), «Լույսն Արագածի վրա» (1977, ռեժիսորներ` Ա. Վահունի, Ռ. Գևորգյանց): Հայաստանի տնտեսության, շինարարության, գիտության նվաճումներին ու մարդկանց են նվիրված «Հրաշագործ քիմիան», «Լեռնային պարեկ» (երկուսն էլ` 1964), «Բյուրականի աստղադիտարանը» (1965), «Բանվորի դիմանկարը», «Դժվար հող» (երկուսն էլ` 1966), «Հանդիպում վաղորդյան աստղի հետ» (1967), «Տաթևգէս» (1968), «Մոլեգինները» (1970), «Հրա z դան» (1971), «Մենք շինարար ենք», «Ճամփաբաժանին» (երկուսն էլ` 1974) և այլ ֆիլմեր: Լայն տեղ է հատկացված Հայաստանի պատմությանը, հեղափոխության և պատերազմի հերոսների, գրականության և արվեստի գործիչներին: «Վարդգես Սուրենյանց» (1963), «Ստեփան Շահումյան» (1964), «Նելսոն Ստեփանյան» (1965), «Ալեքսանդր Մյասնիկյան», «Սուրեն Սպանդարյան», «Հակոբ Հովնաթանյան» (երեքն էլ` 1967), «Ծովակալ Իսակով» (1969), «Թռիչք» (1972) ևն: Տարբեր կինոփառատոներում մրցանակներ են շահել «Յոթ երգ Հայաստանի մասին», «Լեռնային պարեկ» (ռեժիսոր` Ա. Փելեշյան), «Թանգարան բաց երկնքի տակ» (1963, հեղինակ–օպերատոր` Գ. Ասլանյան), «Բարի լույս» (1967, ռեժիսոր` Դ. Կեսայան), «Շնորհակալություն ձեզ» (1971, ռեժիսոր` Ջ. Ժամհարյան) «Ներշնչանք» (1972, ռեժիսոր` Ռ. Գևորգյանց), «Վարագույրը չի իջնում» (1973), «Կանչ» (1976, երկուսն էլ ռեժիսոր` U. Վահունի) և այլ ֆիլմեր:
Է. Մանուկյան
