Jump to content

ՀՍՀ/ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ, քրիստոնեական հնագույն եկեղեցի: «Առաքելական» է կոչվում, քանի որ, ըստ ավանդական պատմության, հիմնադրվել է մ. թ. I դ., Քրիստոսի առաքյալներ Թադեոսի և Բարդուղիմեոսի քարոզչությամբ: Քրիստոնեությունը մուտք է գործել Հայաստան մ. թ. I դ., Ասորիքից ու Կապադովկիայից և 293–301–ի ընթացքում տարածվել Մեծ Հայքի թագավորության մեջ` Տրդատ Գ թագավորի (274– 330) ու Գրիգոր Ա Լուսավորչի ջանքերով: 301–ին քրիստոնեությունը պաշտոնապես հռչակվել է Մեծ Հայքի պետ. կրոն: 302–ին Գրիգոր Լուսավորիչը ուղևորվել է Կեսարիա (Կապադովկիայում), որի մետրոպոլիտը նրան ձեռնադրել է արքեպիսկոպոս: Այնուհետև Գրիգորը և նրա հաջորդները կրել են «կաթողիկոս Հայոց Մեծաց» տիտղոսը: Մինչև 368–ը Հայոց եկեղեցին ստորադրված էր Կեսարիայի մետրոպոլիտությանը: Պապ թագավորի հատուկ կարգադրությամբ Հայոց եկեղեցին «տիեզերական» եկեղեցու կազմում դարձել է ինքնուրույն, Կեսարիայից անկախ: 303–ին կառուցվել է Էջմիածնի Մայր տաճարը Վաղարշապատ մայրաքաղաքում: Այն դարձել է Հ. Ա. ե–ու գլուխ կանգնած կաթողիկոսի գահանիստը և համայն հայության կրոնական կենտրոնը: IV դ. Հայոց եկեղեցու դիրքերը ամրապնդվել են, աստիճանաբար նա դարձել է խոշոր հողատեր: Այդ ուղղությամբ կարևոր դեր է կատարել 356–ին Տարոն գավառի Աշտիշատ ավանում հրավիրված ժողովը (տես Աշտիշատի ժողով 356), որի որոշմամբ Հայաստանում հիմնվել են վանքեր, կազմավորվել եկեղեցական հողատիրություն` սեփական տնտեսություններով: Մեծ Հայքի թագավորության ամբողջ բնակչությունից վերցվել է եկեղեցական տասանորդ և պտղի: Ուժեղացել է եկեղեցական կալվածքներում գյուղացիության շահագործումը: Հայոց Արշակունիները (Տիրանը, ապա Արշակ Բ և հատկապես Պապ թագավորը) վարել են Հ. Ա. ե–ու հողատիրության սահմանափակման քաղաքականություն: Արշակունիների անկումից (428) հետո Հ. Ա. ե. պահպանել է արտոնությունները և ազդեցությունը, իր շուրջն է հավաքել նախարարների ջլատված կենտրոնախույս ուժերը և հանդես եկել իբրև Հայաստանի միասնությունը պահպանող գործոն: Երկրի օրենսդրական «Աշխարհաժողով»–ին փոխարինել է «եկեղեցական ժողով»–ը (նախագահել է կաթողիկոսը): Պահպանելով իր ազդեցությունը` Հ. Ա. ե. դրական դեր է կատարել օտար տիրապետության (Սասանյան Իրան, Բյուզանդիա) պայմաններում հայերի ինքնուրույնությունը և մշակույթը պահպանելու գործում (հայոց գրերի գյուտին, գրականության զարգացմանը և V դ. ազատագրական պատերազմներին ունեցած մասնակցությամբ ևն): Միաժամանակ Հ. Ա. ե. ձգտել է դուրս գալ «տիեզերական» եկեղեցու ոլորտից, Բյուզանդիայի քաղ. ազդեցությունից և ազատվել նրա համաձուլարար քաղաքականությունից: Այս հարցում միասնական դիրքորոշում են ունեցել Բյուզանդիայի գերիշխանության տակ գտնվող արլ. ժողովուրդների եկեղեցիները: 451–ին Քաղկեդոնի ժողովում հայերը (նրանց հետ նաև վրացիները, աղվանները, ասորիները և այլք) առաջ են քաշել միաբնակության ուսմունքը (տես Միաբնակներ): Հայոց եկեղեցին մերժել է Քաղկեդոնի ժողովի որոշումները: Ճանաչելով միայն առաջին երեք «տիեզերական» ժողովները` Նիկիայի (325), Կոստանդնուպոլսի (381) և Եփեսոսի (431), Հայոց եկեղեցին առանձնացել է իբրև ինքնուրույն եկեղեցական կազմակերպություն: Այն «Հայաստանյայց Առաքելական եկեղեցի» է կոչվել Քաղկեդոնի ժողովից հետո: Հ. Ա. ե. հանդես է եկել իբրև հայ նախարարական պետականության և օրենսդրության գլուխ: Ֆեոդալական Հայաստանի օրենսդրությունը ներկայացվել է հիմնականում եկեղեցական գրավոր կանոններով (տես «Կանոնագիրք Հայոց»): Խզելով իր կապերը «տիեզերական» եկեղեցուց, Հ. Ա. ե. կողմնորոշվել է դեպի Սասանյանները, որոնք, ի հակադրություն բյուզանդական ազդեցության, 502–ին պաշտոնապես ճանաչել են Հ. Ա. ե., որպես ինքնուրույն ազգային եկեղեցի: 506–ին Դվինի եկեղեցական ժողովում Հ. Ա. ե. վերջնականապես խզել է իր կապերը քաղկեդոնական եկեղեցուց և դարձել ինքնուրույն: Ի տարբերություն կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների, Հ. Ա. ե. ընդունում է Քրիստոսի մեկ (աստվածային) բնությունը, ուստի և կոչվում է միաբնակ (մոնոֆիզիտ) եկեղեցի: Հայ եկեղեցին հետևողական պայքար է մղել գյուղացիական–աղանդավորական շարժումների (Պավլիկյան, Թոնդրակյան ևն) դեմ, համակերպվել օտար տիրապետությանը, պահպանել իր կալվածները, արտոնությունները: XIII դարից կաթոլիկ եկեղեցին փորձել է իր ազդեցության տակ գցել Հայոց եկեղեցին (տես Ոնիթորությոն): Հ. Ա. ե. պահպանել է իր ինքնուրույնությունը և նպաստել ազգային մշակույթի զարգացմանը: Վանքերին կից բացվել են բազմաթիվ (նաև բարձրագույն) դպրոցներ, ընդօրինակվել ձեռագրեր, ստեղծվել գրականության և արվեստի արժեքավոր գործեր: Հայ ժողովրդի ռուս. կողմնորոշման ուժեղացման պայմաններում (հատկապես XVII դ. հետո) Հ. Ա. ե–ու գլուխ կանգնած հոգևորականները նպաստել են հայ–ռուսական բարեկամական հարաբերությունների ընդլայնմանը: 1828–ին Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո ցարական կառավարությունը ճանաչել է Հ. Ա. ե–ու իրավունքները` «Պոլոժենիե»–ով, որը բավական չափով սահմանափակվեց Հ. Ա. ե–ու իրավասության շրջանակները: Հ. Ա. ե. պաշտպանեց Հայաստանի բուրժուա–ազգայնական դաշնակցական կառավարությանը (1918– 1920): Հայաստանում սովետական իշխանության հաստատումից հետո եկեղեցին անջատվեց պետությունից, իսկ դպրոցը` եկեղեցուց: Սոցիալիստական հասարակարգում եկեղեցին կորցրեց իր ազդեցությունը ժոդ. զանգվածների մեջ: Այժմ Հ. Ա. ն. սովետական իշխանության հանդեպ ունի օրինապահ դիրքորոշում, մասնակցում է խաղաղության համար մղվող պայքարին, նպաստում սփյուռքահայությանը մայր հայրենիքի շուրջը համախմբելու և ժողովուրդների միջև բարեկամություն պահպանելու գործին ևն: 1955–ից Հ. Ա. ե. գւխավորում է Ամենայն Հայոց կաթողիկոս ՎազգեԱ Ա: Հ. Ա. ե–ու Մայր աթոռ Էջմիածնում գործում է հոգևոր բարձրագույն ուսումնական հաստատություն` ճեմարան, հրատարակվում «Էջմիածին» ամենամսյա հանդեսը: Տես նաև Հայ–լուսավորչական եկեղեցի և Կաթողիկոսություն Ամենայն Հայոց հոդվածները:

Գրկ. Մուրադյան g Մ., Պատմութիւն Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցւոյ, Երուսաղեմ, 1872: Տեր–Միքելյան Ա., Հայաստանյաց եկեղեցին և Բյուզանդիան ժողովոց պարագայք, Մ., 1892: Նույնի, Հայաստանյաց առաքելական ուղղափառ Սուրբ եկեղեցին և յուր սուրբ կարգը, Վաղ–պատ, 1897: Տեր–Մինասյան Ե., Ընդհանուր եկեղեցական պատմություն, հ. 1, Էջմիածին, 1908: Զամինյան Ա., Հայոց եկեղեցու պատմություն, մաս 1–2, Նոր Նախիջևան, 1908–09: Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1–3, ԿՊ–Երուսաղեմ, 1912–1927: Նույնի, Հայոց եկեղեցին և իր պատմությունը, Բեյրութ, I 960: