ՀՍՀ/ՀԱՅԱՐՏՈՒՆ
ՀԱՅԱՐՏՈՒՆ, հայ արվեստի տուն, 1920–ական թվականների հայկական գրական–մշակութային, հասարակական կազմակերպություն` Հայկական ՍՍՀ–ից դուրս հայաշատ քաղաքներում: Նպատակն էր` կապվել մայր հայրենիքի մշակութային կյանքին, նպաստել Սովետական Հայաստանից դուրս բնակվող գրողների ու արվեստագետների ստեղծագործությանը, արվեստների մասսայականացմանը, աշխատավորական զանգվածների գեղարվեստական դաստիարակությանը: Առաջին Հ. (Վ. Տերյանի անվ. հայ արվեստի տուն) հիմնադրվել է 1921–ի մարտի 29–ին, Թիֆլիսում (նախագահ` Հ. Թումանյան): Մասնաճյուղերի ղեկավարներն էին` Դ. Դեմիրճյանը (գրական), Ռ. Մելիքյանը (երաժշտական), Գ. Շարբաբչյանը (նկարչական), Ս. Քափանակյանը (թատերական, որի դրամատիկական ստուդիայի ղեկավարն էր Ա. Բուրջալյանը): Գրականության և արվեստի տարբեր թեմաներով կազմակերպվել են դասախոսություններ, քննարկումներ, ցուցահանդեսներ, մեծարման երեկոներ, տրվել են ներկայացումներ, համերգներ: Հ. Թումանյանի առաջարկով 1921–ի դեկտ. 11–ին Հ. է ստեղծվել նաև Կ. Պոլսում (ծրագիր–կանոնադրությունը հաստատել է Զավեն պատրիարքը` 1922–ի փետր. 1–ին): Առաջին նիստում ընտրվել են 34 անդամ և 40 թղթ. անդամ` արտասահմանից, ընդհանուր ատենապետ` Երվանդ Օտյան: Մասնաճյուղերը ղեկավարել են` Կ. Զարյանը (գրական), Գ. Սյունին (երաժշտական), Փ. Թերլեմեզյանը (նկարչական), Ա. Շահխաթունին (թատերական), Ա. Խաչատրյանը (քննախոսական): 1923–ի հոկտ. 6–ին կազմակերպվել է Բաթումի Հ., որի առաջին միջոցառումը նվիրված էր Հ. Թումանյանի հիշատակին: Հայ և ռուս երգիչների կատարմամբ ներկայացվել է «Անուշ» օպերայի 3–րդ գործողությունը (ղեկավար` Դ. Ղազարյան): 1925–ի մարտից երկար տարիներ գործել է Բաքվի Ա. Մարտունու (Մյասնիկյանի) անվ. Հ. (Հայ արվեստների տուն), որի կանոնադրությունը ապրիլի 22–ին հաստատել է Ադրբեջանի լուսժողկոմատը: Ունեցել է գրական, երաժշտական, նկարչական, թատերական մասնաճյուղեր` իրենց ստուդիաներով: 1926–34–ին երաժշտական ստուդիայի, ապա այդ բազայի վրա ստեղծված Սպենդիարյանի անվ. երաժշտական դպրոցի ղեկավարն էր Ա. Մայիլյանը: Քաղաքում և նավթային շրջաններում կազմակերպվել են միջոցառումներ, 1925–ին հրատարակվել է «Հայարտուն» հանդեսը (1 համար):
Բ. Հովակիմյան
