ՀՍՀ/ՀԱՅԵՐ
ՀԱՅԵՐ, ազգ: Հայկ. ՍՍՀ բնակչությունը (ավելի քան 90, 2 մլն 725 հզ., 1979): Ընդհանուր թիվն աշխարհում` շուրջ 6 մլն 200 հզ., որից ՍՍՀՄ–ում` 4 մլն 151 հզ.: Զանգվածաբար ապրում են Ադրբ. ՍՍՀ–ում (475 հզ.), Վրաց. ՍՍՀ–ում (448 հզ.), ՌՍՖՍՀ–ում (365 հզ.), ՍՍՀՄ այլ հանրապետություններում: ՍՍՀՄ սահմաններից դուրս շուրջ 2 մլն Հ. սփռված են ավելի քան 60 երկրում` ԱՄՆ–ում (550 հզ.), Ֆրանսիայում (300 հզ.), Լիբանանում (285 հզ.), Իրանում (220 հզ.), Թուրքիայում (180 h զ.), Սիրիայում (120 հզ.), Արգենտինայում (80 հզ.), Կանադայում (50 հզ.), Հարավ–Աֆրիկյան Հանրապետությունում (30 հզ.), Բուլղարիայում (25 հզ.), Եգիպտոսում (25 հզ.), Բրազիլիայում (20 հզ.), Իրաքում (20 հզ.), Ավստրալիայում (20 հզ.), Անգլիայում (16 հզ.), Ուրուգվայում (16 h զ.), Հունաստանում (14 հզ.), Քուվեյթում (10 հզ.), Ռումինիայում (6 հզ.), Բելգիայում (3 h զ. 500), Կիպրոսում (3 հզ.), Սուդանում (3 h զ.), Հորդանանում (3 h զ.), Վենեսուելայում (3 հզ.), Արաբական Միացյալ Էմիրություններում (3 h զ.), Իսրայելում (2 h զ.), Շվեյցարիայում (2 հզ.), Իտալիայում (1 հզ.), Հոլանդիայում (1 հզ.), Եթովպիայում (1 հզ.), Հնդկաստանում (0,5 հզ.): Հ. ապրում են նաև Հունգարիայում, Չիլիում, Մարոկկոյում, Իսպանիայում, Նոր Զելանդիայում, Մեքսիկայում, Դանիայում, Շվեդիայում, Պորտուգալիայում, Լիբերիայում, Բիրմայում և այլ երկրներում: Հավատացյալ Հ. միաբնակ քրիստոնյաներ են, որոշ մասը` կաթոլիկներ ու բողոքականներ: Հ–ի լեզուն ուրույն ճյուղ է հնդեվրոպական լեզվաընտանիքում (տես Հայերեն): Հ. պատկանում են եվրասիական (եվրոպեոիդ) ռասայի արմենոիդ մարդաբանական տիպին: Հ., որպես էթնիկական կազմավորում, առաջացել են հնդեվրոպական ընդհանրական լեզվի տրոհման հետևանքով: Եթե մինչև վերջերս հնդեվրոպական լեզվաընտանիքի հայրենիքը համարվել է Հարավ–Արևելյան կամ Կենտրոնական Եվրոպան, ապա ըստ նորագույն ուսումնասիրությունների այն տեղադրվում է Հայկական լեռնաշխարհում, նրան հարակից Հյուսիսային Միջագետքում, Փոքր Ասիայի արլ. և Իրանական բարձրավանդակի հս–արմ. մասերում: Այդ ռեգիոնում տակավին նոր քարի (նեոլիթ) դարաշրջանում կատարվել է հնդեվրոպական լեզվով խոսող ցեղերի տրոհումն առանձին լեզվաբարբառների, ապա` ցեղակից լեզուների: Մարդաբանական ուսումնասիրությունների համաձայն, այդ ժամանակաշրջանից Հայկական լեռնաշխարհը բնակեցված է եղել արմենոիդ տիպին պատկանող ցեղերով: Այդ բնորոշ տիպի կրողը ներկայումս հայ ժողովուրդն է: Նեոլիթյան դարաշրջանից էնեոլիթին (պղնձաքար) անցման ժամանակաշրջանում (մ. թ. ա. V–IV հազարամյակը ներառյալ) հնդեվրոպական ցեղերի մի մասը տեղաշարժվելով` Հայկական լեռնաշխարհից ու Փոքր Ասիայից տարածվել են Եվրոպա, Միջին Ասիա ու Հնդկաստան, մյուս մասը (այդ թվում` խեթական, հայկական, հունական և իրանական ցեղերը) մնացել են նախահայրենիքի տարածքում: Այս բոլորը վկայում են Հ–ի տեղաբնիկության մասին: Հայկ. էթնոսի ձևավորման տնտ. նախադրյալները ստեղծվել են էնեոլիթի ժամանակաշրջանից: Ն. Ի. Վավիլովի և ուրիշ գիտնականների ուսումնասիրությունները հանգեցրին այն եզրակացության, որ վաղ անասնապահական և երկրագործական մշակույթների (առանձին հացահատիկային բույսերի ու խաղողի տեսակներ, թանկարժեք քարեր, օբսիդիան կամ վանակատ, պղինձ, անագ, երկաթ ևն) գյուտերը և նրանց մշակման հնագույն կենտրոնները եղել են Հայկական լեռնաշխարհում, որտեղ գերիշխող էին հայկ. ցեղերը: Պղնձի ու անագի հանքերի ինտենսիվ մշակմամբ հայկ. ցեղերն անցան բրոնզի դարաշրջանին (III–II հազարամյակ): Ու. Տ. Օլկոտտի կարծիքով մ. թ. ա. III հազարամյակին Հայկական լեռնաշխարհում ու Փոքր Ասիայում են սկիզբ առել երկնակամարի 12 համաստեղությունների մասին գաղափարը, դրանց անունները, ինչպես նաև արեգակնային օրացույցը: Հ–ի ծագման, անվան և կազմավորման վերաբերյալ պահպանված ժող. ավանդությունները հեռու չեն պատմական ճշմարտությունից: Հայոց ծննդախոսական առասպելը, որը բերում է Մովսես Խորենացին (V դ.), հայ ժողովրդի անվանադիրը (էպոնիմ) համարում է Հայկին, իսկ նրա «արմեններ» օտարաշխարհիկ անունը կապում է Հայկի հաջորդներից մեկի` Արամի անվանը: Ե. Ֆոռերը, Գ. Ղափանցյանը, Ա. Երեմյանը և ուրիշ ուսումնասիրողներ հայ ժողովրդի «հայ» կամ «խայ» ինքնանվանումը կապում են Բարձր Հայկ և Փոքր Հայք նահանգներն ընդգրկող այն երկրանվանը, որը խեթական արձանագրություններում կոչվել է Հայասա (Խայաշա): Պատահական չէ, որ այս երկրամասը Աստվածաշնչում հիշատակվում է «Տուն Թորգոմայ» անունով: Մ. թ. ա. II հազարամյակի վերջին և I հազարամյակի սկզբին Հայկական լեռնաշխարհում բնակվող ցեղերը, որոնք սեպաձև արձանագրություններում հիշատակվում են տարբեր անուններով, արդեն դրսևորվում էին որպես պետական–քաղաքական կազմավորումներ: Հ–ի, որպես ժողովրդի, կազմավորման պրոցեսը հատկապես ուժեղացավ Ուրարտու պետության ժամանակաշրջանում (մ. թ. ա. IX–VI դդ.), երբ այդ միասնական և կայուն պետականության ներքո Հայկական լեռնաշխարհի ցեղերը հասան տերիտորիալ–քաղաքական միասնության: Արդեն մ. թ. ա. VII դ. վերջին և VI դ. սկզբնաղբյուրներում (Հին կտակարանի մի շարք գրքերում, Աբեմենյան արձանագրություններում, հին հուն. հեղինակների երկերում) Հայկական լեռնաշխարհը ներկայացվում է որպես գրեթե միատարր երկիր: Աքեմենյան թագավորների եռալեզու արձանագրություններում Հայաստանը աքքադերեն բնագրում անվանված է «Ուրաշտու» (Ուրարտու), հին պարսկերենում` «Արմինա», Էլամերենում` «Հարմինույա» կամ «Խարմինույա», իսկ Հ. անվանված են աքքադերենում` «ուրաշտայա», պարսկերենում` «արմինիյա», Էլամերենում` «հարմինույարա» («խարմինույարա»): Մ. թ. ա. VI դ. հույն հեղինակ Հեկատեոս Միլետացու «Աշխարհի քարտեզում» նշված է «Արմենիա» երկիրը, իսկ Հ. հիշատակված են «արմեններ» անունով: Երվանդունիների պետության ժամանակաշրջանում (մ. թ. ա. VII դ. վերջ –IV դ.) հայ ժողովրդի կազմավորման դարավոր պրոցեսն ավարտվեց: Հունա–մակեդոնական նվաճումներից (մ. թ. ա. IV դ.) հետո հույն հեղինակները Հայաստանը ներկայացնում են որպես միալեզու հայ ժողովրդի երկիր: Այդ միալեզվության հիմքի վրա մ. թ. ա. II դ. սկզբին Արտաշես Ա թագավորը թոթափեց Սելևկյանների գերիշխանությունը և հիմնեց Մեծ Հայքի թագավորությունը, որն իր հզորության գագաթնակետին հասավ Տիգրան Բ Մեծի ժամանակ (մ. թ. ա. 95–55): Հայ Արշակունիների պետության ժամանակաշրջանում (I–V դդ.) Հ. թևակոխեցին ֆեոդալական հասարակարգի զարգացման փուլը: 301–ին Հ. ընդունեցին քրիստոնեություն` որպես պետ. կրոն: Այդ ժամանակաշրջանում Հ–ի թիվը հասնում էր շուրջ 4 մլն մարդու, իսկ Մեծ Հայքի պետության տարածքը` 312 հզ. կմ²: Արշակունիների թագավորության վերացումից (428) հետո, Սասանյան Պարսկաստանի, Բյուզանդիայի, այնուհետև արաբ. խալիֆայության դեմ ազատագրական պայքարի ծանր պայմաններում Հ. պահպանեցին իրենց ազգային և հոգևոր–մշակութային դիմագիծը: IV–VII դդ. ձևավորվեց ֆեոդալական Հայաստանի մշակույթը: 405 6–ին ստեղծվեց հայ նոր գիրը, որն ավելի ամրապնդեց Հ–ի հոգևոր–մշակութային ինքնուրույնությունը և տրոհված պետականության պայմաններում դարձավ Հ–ի գոյապահպանման զորեղ միջոց: Օտար բռնատիրությունների դեմ ժողովրդա–ազատագրական ապստամբությունների, Աբբասյան խալիֆայության թուլացման և այլ գործոնների հետևանքով վերականգնվեց (885) Հ–ի միասնական պետությունը` ի դեմս Բագրատունիների թագավորության (IX դ. 2–րդ կես – XI դ.): IX–XIV դդ. Հ. թևակոխեցին զարգացած ֆեոդալիզմի դարաշրջան: XI դ. 1–ին կեսին Բյուզանդիայի վարած երկդիմի քաղաքականությունը և երկրում մնացած արաբ. ամիրայությունների քայքայիչ գործունեությունը հեշտացրին սելջուկյան թուրքերի ավերիչ ներխուժումները, որոնց հետևանքով շատ Հ. հեռացան հայրենի բնաշխարհից և սփռվեցին զանազան երկրներում (տես Գաղթ հոդվածում): 1080–ին Հ. Կհլիկիայում ստեղծեցին հայկ. անկախ պետություն (տես Կիլիկյան Հայաստան): Հ–ի արտագաղթը, երկրի տնտ. ու մշակութային անկումը շարունակվեցին նաև թաթարմոնղոլական արշավանքների, թուրք. և պարսկ. տիրապետությունների ժամանակ: Հ–ի համար պատմականորեն նոր դարագլուխ էր Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի հիմնական մասի միավորումը (1828), որով Հայաստանի այդ հատվածը դարձավ Հ–ի ազգային համախմբման, հոգևոր–մշակութային վերածնության կենտրոն, և Հ–ի զգալի մասը փրկվեց ֆիզիկական բնաջնջումից: Սկսվեց Հ–ի, որպես բուրժ. ազգի, ձևավորումը, որն ավարտվեց XIX դ. վերջին: Այն ընթանում էր բարդ ու հակասական պայմաններում: Հ. չունեին ազգային պետություն, Հայաստանը տրոհված էր Ռուսաստանի, Թուրքիայի և Պարսկաստանի միջև: Սոցիալական և ազգային ճնշումներն ավելի սրեցին Հ–ի ազգային ինքնագիտակցությունը, նրանք ծավալեցին ազգային–ազատագրական պայքար: Սուլթանական կառավարության հայաջինջ քաղաքականության հետևանքով 1894–96–ին ավելի քան 300 հզ. Հ. ոչնչացվեցին: Թուրքիայում Հ–ի գոյապահպանման և հայկ. պետականության վերականգնման հարցը դարձավ եվրոպական մեծ տերությունների դիվանագիտության սակարկության առարկա (տես Հայկական հարց հոդվածում): 1915–ին, երիտթուրքերի կիրառած ցեղասպանության հետևանքով, ավելի քան 1,5 մլն Հ. բնաջնջվեցին, Արևմտյան Հայաստանը գրեթե զրկվեց Հ–ից (տես Մեծ եղեռն): Եղեռնից փրկված Հ. տարագրվեցին տարբեր երկրներ (տես Սփյուռքահայություն), ավեյի քան 300 հգ. ապաստանեցին Անդրկովկասում և Ռուսաստանի այլ վայրերում: 1920–ի նոյեմբերին Հայաստանում սովետական իշխանության հաստատմամբ Հ. ստացան պետականություն, ապրեցին ազգային, քաղ., տնտ. և մշակութային աննախադեպ վերածնություն: Ձևավորվեց սոցիալիստական հայ ազգը: Սովետական Հայաստանի կառավարությունը հոգ տարավ աշխարհով մեկ ցրված Հ–ի հայրենադարձության մասին (տես Հայրենադարձություն հայերի): Հայրենական մեծ պատերազմում Հ., ՍՍՀՄ մյուս ժողովուրդների հետ, պայքարեցին ֆաշիստական զավթիչների դեմ: Հայրենական մեծ պատերազմից հետո նոր թափով շարունակվեց Հ–ի տնտ. և մշակութային հետագա վերելքը: Հ–ի տնտեսության, զբաղմունքի և մշակույթի մասին տես Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն հատորում:
Գրկ. Երեմյան U. Տ., Հայ ժողովրդի կազմավորման ընթացքը, «ՊԲՀ», 1970: Հայ ժողովրդի պատմություն, հ. 1, Ե., 1971: ՍՍՀՄ բնակչությունը, Ե., 1980: Пиотровский Б. Б., О происхождении армянского народа, Е., 1946 Капанцян Г. А., Хайаса – колыбель армян, Е., 1947 Еремян С. Т., К вопросу об этногенезе армян, «Вопросы истории», 1952, No 7 Народы Кавказа, т. 2, М., 1962 Дъяконов И. М., Предистория армянского народа, Е., 1968 Гамкрелидзе Т. В., Иванов В.В., Проблема определения первоначальной территории обитания и путей миграции носителей диалектов общеиндоевропейского языка. Конференция по сравнительно–исторической грамматике индоевропейских языков, М., 1972 Иванов В. В., Язык как один из источников этногенетических исследований и проблематика славянских древностей, «Советское славяноведение», 1973, No 4 Широков О.С, Армяно–греческие этногенетические контакты по данным сравнительно–исторической фонологии, «ՊԲՀ», 1977, No 1 Егоже. Место армянского языка среди индоевропейских и проблема армянской прародины (автохтонность армян по данным сравнительно–исторического языковедения), «ԼՀԳ», 1980, No 5. Ս. Եբեմյան
