ՀՍՀ/ՀԱՅԵՐԵՆ
ՀԱՅԵՐԵՆ, հայոց լեզու, հայ ժողովրդի ազգային, Հայկական ՍՍՀ պետական լեզուն: Խոսողների թիվը` մոտ 5 մլն, որից 2 մլն 710 հզ.` ՀՍՍՀ–ում (1979–ի հունվար): Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և կազմում առանձին ինքնուրույն ճյուղ: Համեմատաբար մերձավոր առնչակցություն ունի իրանական, բալթիկ–սլավոնական լեզուների և հունարենի հետ: Կազմավորվել է որպես հայ էթնոսի լեզու` հնդեվրոպական, կովկասյան, խուռի–ուրարտական մի շարք լեզուների հետ սերտ շփումների պայմաններում, որի հետևանքով Հ–ի մեջ առաջացել են տարբեր բնույթի ենթաշերտային տարրեր: Աստիճանաբար տարածվել և Ուրարտական պետության անկումից հետո (մ. թ. ա. VI դ.) տիրապետող է դարձել ամբողջ Հայաստանի տարածքում: Հելլենիստական դարաշրջանում ձևավորվել է որպես հայաբնակ վայրերի ընդհանուր խոսակցական լեզու և նախքան գրի առնվելը մշակվել է բանավոր գեղարվեստական ստեղծագործության, թատերական ներկայացումների, պաշտամունքային արարողությունների, արքունական կյանքի ոլորտներում, այնուհետև քրիստոնեության տարածման շրջանում` նաև բանավոր քարոզչության ընթացքում: Գրավոր հուշարձաններով ավանդված է մ. թ. V դ. սկզբից, հայ գրերի գյուտից անմիջապես հետո ստեղծված ինքնուրույն թարգմանական հարուստ մատենագրությամբ: Հայոց լեզվի զարգացման գրավոր փուլն ընդունված է բաժանել երեք շրջանի, հին Հ. (V–XI դդ.), միջին Հ. (XII – XVI դդ.) և նոր (կամ աշխարհաբար) Հ. (XVII դարից մինչև մեր օրերը): Հ–ի զարգացման յուրաքանչյուր շրջան լեզվի տարածական, հասարակական և գործառական տարբերակների ամբողջություն է (բարբառներ, գրական լեզուներ, հասարակական տարբեր խավերի խոսվածքներ ևն): Հին Հ–ի գրական տարբերակի (գրաբարի) հետ գոյություն է ունեցել նաև հին Հ–ի խոսակցական տարբերակը, բարբառային որոշ երանգավորումներով, թեև V դ. բարբառային տարբերակվածությունը այնքան խիստ չէր: Հին Հ. իր հերթին բաժանվում է դասական, ետդասական և նախամիջին ենթաշրջանների, որոնք գրական տարբերակի լեզվական կառուցվածքի տեսակետից խստորեն անջրպետված չեն. հիմնական տարբերությունը լեզվի մշակման տարբեր ուղղությունների (ետդասական շրջանում` հունաբան դպրոց), ինչպես նաև խոսակցական լեզվի տարրերի օգտագործման չափերի մեջ է: Հին Հ–ի խոսակցական տարբերակը, ընդհակառակը, ժամանակի ընթացքում արմատապես փոփոխվել է և հանգեցրել լեզվական նոր որակի` միջին հայերենի կազմավորմանը: Միջին Հ–ի շրջանը բաժանվում է երկու ենթաշրջանի` Կիլիկյան նորմավորման (XII–XIV դդ.) և աշխարհաբարացման (XV–XVI դդ.): Այս շրջանում լեզվական իրադրությունը ավելի բարդ է: Աճում է լեզվի բարբառային տարբերակվածությունը, սկզբնավորվում են բարբառային նոր միավորներ` պայմանավորված երկրի մասնատումով, զանգվածային գաղթերով, ընդհանուր լեզվի միասնական զարգացման հնարավորությունների նվազումով: Գրաբարից տարբեր բարբառային հիմքի վրա կազմավորվում է միջին գրական Հ., որն ուներ պետ. լեզվի կարգավիճակ և գործառության լայն շրջանակներ` ընդգրկելով բանավոր և գրավոր հաղորդակցության գրեթե բոլոր ոլորտները: Միաժամանակ շարունակում է գործածվել նաև գրաբարը որպես գրական լեզու, թեև ավելի սահմանափակ կիրառությամբ: Գրավոր տեքստերում նկատվում է նաև միջին գրական Հ–ի և գրաբարի խառն օգտագործում: Գրաբարը պահպանում է նաև պաշտամունքային լեզվի իր գործառույթը (ոչ միայն միջին Հ–ի, այլև նոր Հ–ի ժամանակաշրջանում): Հին Հ. և միջին Հ. զգալի տարբերություններ ունեն լեզվական կառուցվածքի բոլոր մակարդակներում: Փոխվում է նաև լեզվի կառուցվածքային տիպը. գրաբարը գերազանցապես թեքական և համադրական տիպի լեզու է, միջին Հ–ում ծավալվում և աշխարհաբարացման ենթաշրջանում գերակշռում են կցական և վերլուծական կազմությունները: Այս առումով միջին Հ. պատմական զարգացման անցումային օղակ է հին Հ–ից դեպի նոր Հ. կամ աշխարհաբար, որը գերազանցապես կցական տիպի լեզու է: Նոր Հ. թեև սկսում է կազմավորվել բարբառային ուժեղ տարբերակվածության, հին գրական ավանդույթների և մատենագրության անկման պայմաններում, սակայն մյուս կողմից` պատմական որոշ հանգամանքների շնորհիվ (կապիտալիստական հարաբերությունների զարգացում, Հայաստանի տարբեր գավառներից բնակչության կենտրոնացում գաղթավայրերում, մշակութային կյանքի նոր վերելք ևն) ի հայտ է բերում և միասնականացնող միտումներ: Ձևավորվում է ընդհանուր հասկանալի միջբարբառային լեզու, որը հետզհետե ստանում է գրական արտահայտություն` սկզբնապես հենված լինելով այս կամ այն բարբառի վրա: Նոր Հ–ի զարգացման առաջին` վաղ աշխարհաբարի ենթաշրջանում (XVII – XIX դդ. կեսերը) լեզվական իրավիճակը բնութագրվում է գրական լեզուների (գրաբար և գրական աշխարհաբար, վերջինս ավելի ուշ հանդես է գալիս արևմտահայ և արևելահայ տարբերակներով), ընդհանուր բանավոր հաղորդակցման լեզվի («քաղաքացիական հայերենի») և բարբառների առկայությամբ: Առաջ է գալիս գրաբարի մշակման լատինաբան դպրոցը (տես Լատինաբան հայերեն), ավելի ուշ դրան հակադրվում է գրաբարի «զտման»` դասական համակարգին մոտեցնելու ուղղությունը: Այս ենթաշրջանում միջին գրական Հ–ին փոխարինում է գրական աշխարհաբարը, որը հետզհետե գործածության լայն շրջանակներ է ձեռք բերում և հաջորդ` երկճյուղ աշխարհաբարի ենթաշրջանի (XIX դ. կեսերից մինչև 1920–ը) սկզբից գրեթե ամբողջությամբ դուրս է մղում գրաբարը: Գրական աշխարհաբարի արմ. և արլ. տարբերակների զարգացումն (տես Արևելահայ գրական լեզու, Արևմտահայ գրական լեզու) ընթանում է հետագա մշակման ու նորմավորման, քերականական կառուցվածքի հստակեցման, բառապաշարի հարստացման, անհարկի օտարաբանություններից մաքրելու ուղղությամբ: Առաջանում են գրական լեզվի գործառական ոճեր, սկսում է մշակվել գրական տերմինաբանությունը: Հասարակական, տնտ. և մշակութային կյանքի աննախընթաց կենտրոնացման հետևանքով, հատկապես ժամանակակից Հ–ի ենթաշրջանում (1920–ից մինչև մեր օրերը) վերանում են բարբառային հետագա տարբերակման պայմանները: Առաջին համաշխարհային պատերազմից հետո, հայ բնակչության զանգվածային տեղահանության հետևանքով, Արևմտյան Հայաստանի բարբառները զրկվում են իրենց տերիտորիալ հիմքից, սկսվում է միջբարբառային փոխներթափանցումների և բարբառների աստիճանական մահացման պրոցեսը: Զարգացման արդի փուլում գրական արևելահայերենը պետ. լեզվի կարգավիճակի շնորհիվ ունի հետագա զարգացման, մշակման ու նորմավորման լայն հնարավորություններ: Արևմտահայ գրական տարբերակը այժմ սփյուռքահայության ընդհանուր հաղորդակցման լեզուն է:
Գրկ. Աճառյան Հ., Հայոց լեզվի պատմություն, հ. 1–2, Ե., 1940–51: Ջահուկյան Գ. Բ., Հայոց լեզվի զարգացումն ու կառուցվածքը, Ե., 1969: Լ. Հովսեփյան
