ՀՍՀ/ՀԱՅԵՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԵՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, հայագիտության ճյուղերից մեկը, որի ուսումնասիրության առարկան հայոց լեզուն է: Այն կազմում է գիտակարգերի մի ամբողջ համակարգ, որն զբաղվում է հայոց լեզվի, նրա զարգացման տարբեր փուլերի և տարբեր կողմերի ուսումնասիրությամբ, այդ գիտակարգերից մասնավորապես պետք է նշել համեմատական քերականությունը, հայոց լեզվի պատմությունը, գրաբարի, միջին հայերենի և աշխարհաբարի նկարագրական քերականությունները, բարբառագիտությունը և բառարանագրությունը: Հ., սկիզբ առնելով հայ իրականության մեջ, հետագայում զարգանում է ինչպես հայ, այնպես էլ օտար հետազոտողների ջանքերով: Սկիզբ է առել V դ. վերջերին և VI դ. սկզբներին` Դիոնիսիոս Թրակացու «Արուեստ քերականութեան» գրքի թարգմանությամբ, թեև պատմական տվյալները թույլ են տալիս ենթադրելու, որ հայերը հուն, քերականական մտքին ծանոթ են եղել ավելի վաղ շրջանից: Դիոնիսիոսի քերականության թարգմանությամբ դրվում է քերականական մեկնաբանական երկերի հիմքը, որոնց մեջ, թեև հունարենի կաղապարումով, ուսումնասիրվում է գրաբարը: Հայտնի են Դավթի, Մովսեսի, Մամբրե Վերծանողի, անանուն մեկնիչների, Ստեփանոս Սյունեցու, Համամ Արևելցու, Գրիգոր Մագիստրոսի մեկնությունները: Միջին դարերում (XII – XIII դդ.) ձևավորվում է «գրչության արվեստը» որպես ուղղագրական–ուղղախոսական գիտելիքների ուսմունք, որն իր հետ բերում է նաև քերականության ինքնուրույնացում, առանձնապես` հուն, քերականության տարրերից ազատվելու միտումներ, և հանգեցնում խոսակցական լեզվի որոշ իրողություններ լուսաբանելու փորձերի: XIV–XV դդ. նկատվում է ինքնուրույնության թուլացում և սխոլաստիկայի ուժեղացում: Ժամանակի առավել նշանավոր դեմքերն են Եսայի Նչեցին, Գրիգոր Տաթևացին, Առաքել Սյունեցին: Այս դարերում է սաղմնավորվել լատինաբան քերականությունը (տես Լատինաբան, հայերեն): Հայերենի տպագիր քերականություններ երևան են գալիս XVII դարից լատ. (Ֆրանչիսկո Ռիվոլա, ապա` Կղեմես Գալանոս) և հայերեն (Ոսկան Երևանցի և Հովհաննես Հոլով) լեզուներով: Այս նույն ժամանակաշրջանում զարգանում են լատինատիպ քերականությունները, որոնցից նշանավոր են Սիմեոն Ջուղայեցու, Հովհաննես Ջուղայեցու, Խաչատուր Կարնեցու, Յոհան Շրյոդերի (Սքրոդերի), Մխիթար Սեբաստացու, Բաղդասար Դպիրի քերականությունները: Թեև սրանց մեջ ընդհանուր առմամբ գերիշխում է լատինաբանությունը, սակայն առանձին աշխատություններում (օրինակ, Մխիթար Սեբաստացու քերականության մեջ) արդեն որոշ փորձեր են արվում ինքնուրույն քերականություն ստեղծելու ուղղությամբ: Ինքնուրույնության ձգտումն ուժեղանում է XVIII դ. վերջին քառորդում և XIX դ. սկզբներին (Մ. Չամչյան, Գ. Ավետիքյան և այլք), հանդես են գալիս գրաբարի ինքնուրույն (Վ. Չալըխյան–Այտընյանի և Ա. Բագրատունու), ինչպես և այլալեզու գիտական քերականություններ (Հարություն Ավգերյանի` անգլ., Շահան–Ջրպետի` ֆրանս., Մինաս Բժշկյանի` ռուս., Հայնրիխ Պետերմանի` լատ. քերականությունները): Աշխարհաբարի քերականական ուսումնասիրություններն սկիզբ են առնում XVIII դ. (Մ. Սեբաստացու քերականությունը) և բուռն զարգացման հասնում XIX դ.: Ժամանակի նշանավոր քերականություններն են Ա. Այտընյանի «Քննական քերականություն աշխարհաբար կամ արդի հայերեն լեզվի» (1866) և Ս. Պալասանյանի «Ընդհանուր տեսություն արևելյան նոր գրավոր լեզվի հայոց»–ը (1870): Արևելյան աշխարհաբարի ուսումնասիրությունն իր առավել բարձր մակարդակին է հասնում Մ. Աբեղյանի հետազոտություններով («Աշխարհաբարի հոլովները», 1908, «Աշխարհաբարի շարահյուսություն», 1912 ևն), որոնք ընկած են ժամանակակից հայերենին նվիրված հետագա ուսումնասիրությունների հիմքում: Միջին հայերենի առաջին ամբողջական հետազոտությունն է Յո. Կարստի «Կիլիկյան հայերենի պատմական քերականությունը» (1901, գերմ.): Բարբառագիտական հետազոտությունները, իբրև հայերենագիտության ինքնուրույն ճյուղ, սկիզբ են առնում XIX դ., թեև դրանից շատ առաջ էլ հայերեն բարբառների մասին որոշ տեղեկություններ գտնում ենք մեկնիչների մոտ (Ստեփանոս Սյունեցի) և Յո. Շրյոդերի, Շահան–Ջրպետի քերականություններում: Բուն բարբառագիտական հետազոտությունները XIX դ. ներկայացված են Ա. Այտընյանի նշված աշխատության «Նախաշավիղում», Ք. Պատկանյանի, Ա. Տոմսոնի, Լ. Մսերյանցի և այլոց հետազոտություններում: Բարբառագիտական ընդհանրացնող ուսումնասիրություն է Հ. Աճառյանի «Հայերեն բարբառների դասակարգությունը» (1909, ֆրանս.), որի հետագա մշակումն ու ամբողջացումն է նրա «Հայ բարբառագիտությունը» (1911): XIX դ. 40–ական թթ. Հ. Պետերմանի և Ֆ. Վինդիշմանի ուսումնասիրություններով հիմնադրվեց հայերենի համեմատական քերականությունը: Հայերենն ընդունվեց որպես հնդեվրոպական լեզու, որը և զարկ տվեց հայերենագիտական հետազոտություններին` Եվրոպայում: Հայերենով զբաղվեցին խոշոր համեմատաբան–հայագետներ Ֆ. Մյուլլերը, Պոլ դը Լագարդը (Բյոտտիխեր), Ա. Մեյեն, Հ. Հյուբշմանը, Հ. Պեդերսենը, Է. Լիդենը, Է. Բենվենիստը և ուրիշներ: Հայոց լեզվի պատմության ուսումնասիրության բնագավառում XIX դ. խոշորագույն նվաճումն է Ա. Այտընյանի քննական քերականության ներածությունը («Նախաշավիղ»), որի մեջ լեզվի զարգացման ընդհանուր լեզվաբանական կուռ ուսմունքի հիմքի վրա ներկայացվում է հայերենի պատմության ընդհանուր տեսությունը: Հ. բուռն զարգացում է ապրում XX դ., հատկապես Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո: Հ–յան ավագ սերնդի ներկայացուցիչներ Հ. Աճառյանը, Մ. Աբեղյանը, Ս. Մալխասյանցը և Գ. Ղափանցյանը շարունակեցին հայերենի արդյունավոր հետազոտությունները (հայոց լեզվի պատմություն, համեմատական քերականություն, բարբառագիտություն, ժամանակակից հայերենի տեսություն, գրաբար, միջին հայերեն ևն)` միաժամանակ դաստիարակելով երիտասարդ հայերենագետների մի ամբողջ սերունդ (Ա. Ղարիբյան, Գ. Սևակ, Ս. Ղազարյան, Է. Աղայան, Վ. Առաքելյան, Գ. Ջահուկյան, Ա. Աբրահամյան): Արդի շրջանում հայերենի տարբեր բնագավառների արդյունավետ հետազոտություններով զբաղվում են ՀՍՍՀ ԳԱ Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստ–ը և հանրապետության մի քանի բուհերի հայոց լեզվի ամբիոնները: Հայերենագիտական հետազոտությունների վերելքին առանձնապես նպաստել են Գ. Ջահուկյանի, Է. Աղայանի և մի քանի երիտասարդ լեզվաբանների աշխատությունները, որոնց մեջ իրենց արտացոլումն են գտել լեզվաբանական նոր ուղղությունները, նոր ըմբըռնումներն ու մեթոդները: Վերջին տասնամյակում մեծ թափ է ստացել տարբեր բնագավառների խոշոր պրոբլեմների կոլեկտիվ հետազոտությունը, որ արդեն տվել է ցանկալի արդյունք («Ակնարկներ միջին գրական հայերենի պատմության», հ. 1–2, 1972–75, «ժամանակակից հայոց լեզու», հ. 1–3, 1974–79): Հայերենագիտական բեղմնավոր հետազոտություններ են կատարվում նաև Մոսկվայում ու Լենինգրադում (Է. Մական, Է. Թումանյան), ինչպես նաև արտասահմանյան տարբեր երկրներում (Վ. Պիզանի, Ջ. Բոլոնյեզի, Ֆ. Ֆեյդի, Ռ. Գոդել, Ջ. Գրեպպին):
Գրկ. Ջահուկյան Գ. Բ., Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում, Ե., 1954: Նույնի, Գրաբարի քերականության պատմություն, Ե., 1974: Աղայան Է. Բ., Հայ լեզվաբանության պատմություն, հ. 1–2, Ե.,1958–62: Է. Աղայան
