ՀՍՀ/ՀԱՅԵՐԵՆ ՀՆԱԳՈՒՅՆ ԹՂԹՅԱ ՁԵՌԱԳԻՐ
ՀԱՅԵՐԵՆ ՀՆԱԳՈՒՅՆ ԹՂԹՅԱ ՁԵՌԱԳԻՐ, մեզ հասած հայերեն ամենահին թղթյա ձեռագիրը` գրված 981–ին. հայ ձեռագրական մշակույթի արժեքավոր հուշարձաններից (Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. No 2679): Ունի 28,5X 19,5 սմ մակերեսով 360 թերթ: Հնությամբ աշխարհում չորրորդն է, սակայն բովանդակության կարևորությամբ` առաջիններից (որպես գիտական նյութերի ժողովածու): Պարունակում է պատմագրական, չափագրական, տիեզերագիտական, տոմարական, աշխարհագրական, փիլիսոփայական նյութեր, հանելուկներ, ժամանակագրական, գեղարվեստական առանձին կտորներ ևն: Պատկառելի է հայ հեղինակների ցանկը. Գրիգոր Պարթև (IV դ.), Եղիշե, Մովսես խորենացի, Հովհան Մանդակունի (V դ.), Աթանաս Տարոնացի (առաջին անգամ ենք հանդիպում որպես ժամանակագրի), Պետրոս Սյունեցի, Դավիթ Հարքացի (VI դ.), Վրթանես Քերթող, Անանիա Շիրակացի (VII դ.), Հովհան Օձնեցի, Ստեփանոս Սյունեցի (VIII դ.) և ուրիշներ: Հ. հ. թ. ձ. ինքնագրով մեզ հասած առաջին ժողովածուն է: Կազմել է Դավիթ քահանա մատենագիրը, գրել նրա որդի Ղուկասը, հավանաբար` Արգինայում: Բոլորգրով գրված առաջին ամբողջական մատյանն է:
Ա. Մաթևոսյան
