ՀՍՀ/ՀԱՅԶԵՆԲԵՐԳ
ՀԱՅԶԵՆԲԵՐԳ (Heisenberg) Վեռներ Կառլ (1901 – 1976), գերմանացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից: Ավարտել է Մյունխենի համալսարանը (1923): 1923–27–ին եղել է Մ. Բոռնի ասպիրանտը, 1927–41–ին` Լայպցիգի և Բեռլինի համալսարանների պրոֆեսոր, 1941–ից` Բեռլինի և Գյոթինգենի, 1955–ից` Մյունխենի ֆիզիկայի ինստ–ի դիրեկտոր և պրոֆեսոր: 1925–ին Ն. Բորի հետ մշակել է, այսպես կոչված, մատրիցային մեխանիկան` քվանտային մեխանիկայի առաջին տարբերակը: Կատարել է հելիումի ատոմի քվանտամեխանիկական հաշվարկը, ցույց տվել երկու տարբեր վիճակներում դրա գոյության հնարավորությունը: 1927–ին ձևակերպել է անորոշությունների առնչությունները, Յա. Ի. Ֆրենկելից անկախ մշակել ֆեռոմագնիսական նյութերի ինքնակամ մագնիսացվածության և փոխանակային փոխազդեցության տեսությունը: Աշխատանքներ ունի նաև ատոմային միջուկի կառուցվածքի (բացահայտել է նուկլոնների փոխազդեցության փոխանակային բնույթը), ռելյատիվիստական քվանտային մեխանիկայի, դաշտի միասնական տեսության վերաբերյալ: Արժանացել է նոբելյան մրցանակի (1932):
Երկ. Физические принципы квантовой теории, М.–Л., 1932 Физика атомного ядра, М.–Л., 1947 Теория атомного ядра, М., 1953.
