ՀՍՀ/ՀԱՅԻԹԻ ԿՂԶԻ
ՀԱՅԻԹԻ, Աիթի (Haiti, Կարիբյան հնդկացիների լեզվով` լեռնային), կղզի Մեծ Անտիլյան կղզիախմբում, Վեստ Ինդիայում: Տարածությունը մոտ 77 հզ. կմ² է, բն. 10,14 մլն (1976): Ափերը կտրտված են` առավելապես ռիասսային տիպի: Կազմված է հրաբխային և նստվածքային ապարներից: Ռելիեֆը լեռնային է, մասնատված: Առավելագույն բարձրությունը 3175 մ է (Դուարտե լեռ): Ծալքաբեկորավոր լեռնային համակարգերը (Կորդիլիերա Սեպտենտրիոնալ, Կորդիլիերա Սենտրալ, Մաթո, Սիեռադենեյբա, Սել ևն) հերթագայվում են տեկտոնական իջվածքներով, միայն հվ–արլ–ում տարածվում է ընդարձակ դաշտավայր: Հաճախակի են երկրաշարժերը: Կլիման արևադարձային պասսատային է: Հս–արլում և հվ–ում տարածված են մշտականաչ, Կորդիլիերա–Սենտրալում` փշատերև, ներքին շրջաններում` տերևաթափ անտառները: Կան կաթնասուններ, կրծողներ, սողուններ, թռչուններ ևն: Հ. կղզու վրա են գտնվում Հայիթին և Դոմինիկյան Հանրապետությունը: Կղզին հայտնագործել է Ք. Կոլումբոսը 1492–ին և կոչել Էսպանյոլ:
