ՀՍՀ/ՀԱՅԿ
ՀԱՅԿ, ըստ հին հայոց ծննդաբանական դիցավեպի` հայ ժողովրդի անվանադիր նախնին և ռազմի գերագույն աստվածը: Հ–ի դիցավեպը հեթանոս պատմիչ Մար Աբաս Կատինայի Նախնյաց պատմությունից բանաքաղությամբ ավանդել են Անանուն պատմիչը (Սեբեոս) և Մովսես Խորենացին: Առանձին պատառիկներ պահպանվել են Անանիա Շիրակացու, Ջվանշերի, Վանական Վարդապետի և այլոց երկերում, ինչպես նաև ժողովրդական զրույցներում: Ըստ դիցավեպի, քաջ աղեղնավոր և դյուցազն (աստվածազարմ) Հ. եղել է Արարադ (Արարատ) երկրի տիրակալը, այդ երկրի արյունակից իշխանների գերագույն հայրը, նրանց անկախության ու ազատության հովանին: Բաբելոնից Արարադի երկիրը Հ–ի գաղթելու ավանդությունը, որը չի միահյուսվում բուն դիցավեպի էությանը, հորինվել է Հայաստանում քրիստոնեության հաստատումից հետո` Աստվածաշնչի բաբելոնյան աշտարակաշինության և մարդկային ցեղերի աշխարհասփռման առասպելին հարմարեցնելու ազդեցությամբ: Ջվանշեր պատմիչի մոտ պահպանված ավանդազրույցի համաձայն` կովկաս լեռնաշղթայի, Պոնտոս (Սև) և Կասպից ծովերի միջև տարածվող երկիրը Հ–ին Ժառանգել էր հայրը` Մասյաց և Արագած լեռների միջնատարածքում բնակվող Թորգոմը: Հ., որը նախապես հարկատու էր աշշուրա–բաբելոնյան աշխարհակալության բռնապետ աստված և հսկա Բել–Նեբրովթին, համախմբելով իր եղբայրների, որդիների ու թոռների ուժերը, ապստամբում և թոթափում է օտար բռնակալի գերիշխանությունը: Բելը որդիներից մեկի գլխավորությամբ պատգամավորություն է առաքում Արարադի երկիրը և Հ–ից պահանջում հնազանդվել և վերստին ճանաչել իր գերագահ իրավունքը: Ազատասեր Հ. կրտսեր ու ենթակա աստծո գահն իր համար անպատվաբեր համարելով` խստությամբ ետ է ուղարկում Բելի պատգամախոսներին: Հ–ին պատժելու և Արարադի երկիրը նվաճելու նպատակով Բելը մեծ զորաբանակով ներխուժում է նրա բնակության սահմանները: Արարատյան տերության հվ. սահմանագավառներից մեկի` Կադմոսի տան վրայով Բելը «գայ հասանէ ի հիւսիսի յերկիրն Արարադայ»` «ի տունն, որ էր նոցա Հայկայ հայրենի»: Կադմոս թոռան միջոցով տեղեկանալով թշնամու ներխուժման մասին` Հ. հավաքում է զորքերը և Հարք գավառից արագ երթով հասնում է «աղի ջրեր ու մանր ձկներ ունեցող ծովակի» (Վանա լիճ) ափը: Վճռական ճակատամարտում իր լայնալիճ աղեղով և երեքթևյան նետով ահեղ Բելին նետահար սպանելուց և նրա ուժերը ջախջախելուց հետո Հ. վերադառնում է իր բնակատեղը` Արարատյան տերության Հարք գավառը, այնտեղ տանելով Բելի զմռսած դիակը` «ի տեսիլ կանանց և որդւոց իւրոց»: Ի պատիվ հաղթանակի` Հ. ճակատամարտի տեղում կառուցում է Հայք դաստակերտը (տես` Հայկաբերդ), որի անունով շրջակա գավառը կոչվեց Հայոց ձոր, իսկ այն բլուրը, որտեղ նետահարվեց Բելը, Հ. անվանեց Գերեզմանք: Այնուհետև Արարատյան տերությունը և նրա բնակիչները Հ–ի անունով կոչվեցին հայք («իսկ աշխարհս կոչի յանուն նախնւոյն մերոյ Հայկայ` Հայք», «և այս ազգք նորա և ծնունդք և աշխարհ բնակութեան»): «Միգրացիոն տեսության» կողմնակիցները սովորաբար անտեսում են հայ ժողովրդի ծննդախոսական այս հինավուրց ավանդապատումի պատմական արժանիքը կամ փորձում են զանազան եղանակներով այն «հարմարեցնել» իբր «եկվոր հայերից» Հայկական լեռնաշխարհը նվաճելու և նրա առաջին միասնական պետությունը կործանելու մտացածին տեսությանը: Մինչդեռ հին հայկական և աշշուրա–բաբելական ռազմի գլխավոր աստվածությունների` Հ–ի և Բել–Նեբրովթի, թշնամական հակասությունների շուրջ հյուսված դիցավեպը ակներևորեն վերաբերում է Ուրարտու–Արարատյան և Աշշուրա–Բաբելոնյան տերությունների ժամանակներին (մ. թ. ա. IX–VII դդ.): Ավելի ուշ այն չէր կարող հյուսվել, որովհետև Ասորեստանի տերությունը կործանվել է մ. թ. ա. VII դ. վերջին: Դիցավեպը պարզորոշությամբ նշում է, որ նախնիներից (Հաբեթից ու Թորգոմից) ժառանգած` Հ–ի հայրենի երկիրը, մինչև նրա անունով Հայք կոչվելը, հայտնի էր «Արարատի երկիր» անունով: Արարատյան տերությունը Հայկական լեռնաշխարհի առաջին միասնական ու հզոր պետությունն էր (մ. թ. ա. IX–VI դդ.), որը աշշուրա–բաբելական սեպագիր աղբյուրներում հիշատակվում է Ուրարտու, Ուրաշտու, հին եբրայեցերեն բնագրերում` Ուրարատ, Արարատ անուններով: Հ. բահագինը (աստված) անձնավորել է Արարատ երկրի հզորության, անկախության, նրանում Հայկական լեռնաշխարհի ցեղերի համախմբման և հայ ժողովրդի ինքնահաստատման գաղափարը: Հ. դիտվել է Արարատյան տերության ներքո համախմբված ցեղային իշխանների «գերագույն հայրը», որի շուրջ արտաքին վտանգի ժամանակ իրենց ռազմական ուժերով համախմբվել են այդ իշխանները` որպես նրա «որդիներ» ու «թոռներ»: Այստեղից էլ առաջացել է Հայկական լեռնաշխարհի ցեղերից կազմավորվող հայ ժողովրդին մի նախահայր–աստվածությունից` Հ–ից սերելու դիցավեպը: Արարատյան պետության մեջ միաձուլված ցեղերը իրենց դիտելով համընդհանուր և գերագույն պաշտամունք դարձած Հ–ի սերունդը` նրա անունով այնուհետև կոչվեցին Հայկազունք, Հայկազարմք, Հայք, իսկ նրանց երկիրը կոչվեց Հայք, Հայոց աշխարհ, Հայոց տուն, Հայաստան: Վերլուծելով Ուրարտու–Արարատյան թագավորության աստվածապետական բնույթը` ավստրիացի արևելագետ Կ. Լեհման–Հաուպտը ցույց է տվել, որ նրանում համախմբված ցեղերն իրենց համարում էին ռազմի գերագույն աստված «խալդիի որդիներ» (haldini): Համանման ձևով ասորեստանցիները ռազմի գերագույն աստված Աշշուրի անունով իրենց անվանել են «աշշուրայի», իսկ հույները Հելլենոս աստծու անունով իրենց կոչել են «հելլեններ»: Ուրարտու–Արարատյան պետության մեջ նույն ժամանակաշրջանում (մ. թ. ա. IX–VI դդ.) ռազմի գերագույն աստվածության գաղափարը չէին կարող անձնավորել երկու տարբեր աստվածներ: Հ. և Խալդին նույնանում են ոչ միայն էությամբ ու դիցաբանական միևնույն հյուսվածքով, այլև անունով: Սովետական լեզվաբան–արևելագետ Ի. Մեշչանինովի կարծիքով «խալդի» աստվածանվան «Խալ» հիմքը «հայ» անվան սոսկ հնչյունական տարատեսակն է`«լ» հնչյունը «յ»–ի փոխվելու օրինաչափությամբ (օրինակ, «խալ» բառարմատն ունի նաև «խայծ» կամ «խայտ» ձևերը): Հայ ժողովուրդը Հ–ին «զետեղել է» երկնքի ամենապայծառ աստեղատանը` նրան նույնացնելով աղեղնավոր որսորդ Օրիովնին (Աստվածաշնչի հայ թարգմանիչները Օրիովն աստղանունը թարգմանել են Հայկ անվամբ): «Գեղապատշաճ», «Խայտակն», «Քաջագանգուր», «Վարսագեղ» մականուններով փառաբանվող Հ. երբեմն նույնացվել է շիկակարմիր Հրահատ (Մարս) մոլորակին: Ըստ Ղ. Ալիշանի, Հրահատի «Ադաներ» կամ «Ադրահեր» մականունը նշանակում է «Հուրհեր», «Հրագիսակ»: Անանիա Շիրակացու և Վանական Վարդապետի մոտ պահպանված ժողովրդական ավանդույթներում Հ. համարվում է նաև հայոց առաջին տոմարադիրը, ժամանակի, տարվա չափ ու շրջան որոշողը, իսկ տարվա ամիսները իբրև կոչվել են Հ–ի ուստրերի ու դուստրերի անուններով:
Գրկ. Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե., 1968: Սեբեոս, Պատմութիւն, Ե., 1939: Աբրահամյան Ա. Գ., Անանիա Շիրակացու մատենագրությունը, Ե.,1944: Ջվանշեր, Համառօտ պատմութիւն Վրաց, Վնտ., 1884: Վանական Վարդապետ, Յաղագս Տարեմտին, «Գիտական նյութերի ժողովածու», Ե., 1941, էջ 160: Ալիշան Ղ., Յուշիկք Հայրենեաց Հայոց, հ. 1, Վնտ., 1869: Նույնի, Հին հավատք կամ հեթանոսական կրոնք Հայոց, Վնտ., 1895: Мещанинов И. И., Древневанский бог Халд–Халдин, «Восточные записки», т. 1, 1927 Նույնի, Циклопические сооружения Закавказья, «Известия гос. Академии истории материальной культуры», 1932, т. 13, в. 4–7, с. 39 Леман–Гаупт К. Ф., Вступительная лекция по истории и культуре халдов, «Труды Тбилисского гос. ун–та», т. 6, 1937, с. 259. Մ. Կատվալյան
