ՀՍՀ/ՀԱՅԿԱԶՈՒՆԻ ՊԵՏՐՈՍ
ՀԱՅԿԱԶՈՒՆԻ Պետրոս (1839, Ալեքսանդրապոլ –1927), հայ հասարակական գործիչ, մանկավարժ: Ծնվել է արհեստավորի ընտանիքում, ավարտել տեղի հոգևոր դպրոցը: Հ. եղել է Բարենպատակ ընկերության հիմնադիրներից: Աշխատել է Կողբի աղահանքերում: 1860–70–ին վեց անգամ բանտարկվել է ազատագրական և հակացարական գործունեության համար: Նոր դպրոցի և մանկավարժության ջատագով էր: Ղ. Աղայանի հետ պայքարել է հայկ. դպրոցների ուսուցման հետամնաց, հակամանկավարժական մեթոդների դեմ` դրվատելով Խ. Աբովյանի, Ս. Նազարյանի ու Մ. Նալբանդյանի առաջավոր գաղափարները: Հ. մեծ աշխատանք է կատարել Ալեքսանդրապոլի դպրոցների բարեկարգման, աղջիկների դպրոց հիմնադրելու ուղղությամբ: Երկու անգամ ճանապարհորդել է Արևմտյան Հայաստանում, նյութեր հավաքել արևմտահայերի կյանքի, նրանց ծանր կացության, հայկ. կոտորածների մասին: Կազմել է բազմանդամ թվերով բազմապատկելու, բաժանելու, տոկոսները և զեղչերը հաշվելու աղյուսակների գիրք, որը արժանացել է Վիեննայի և Փարիզի մաթեմատիկոսների հանձնաժողովի հավանության և հրատարակվել: Մինչև 1926–ը աշխատել է ՀՍՍՀ պետ. և կոոպերատիվ մարմիններում:
Վ. Պարսամյան
