Jump to content

ՀՍՀ/ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (ՀԱԸ), գիտական–հասարակական կամավոր կազմակերպություն: Միավորում է Հայկ. ՍՍՀ այն քաղաքացիներին, որոնք տես. կամ գործնական աշխատանք են կատարում աշխարհագրական գիտությունների, հայրենագիտության և հարակից գիտությունների բնագավառում: ՀԱԸ հիմնական խնդիրն է` նպաստել աշխարհագրական գիտությունների զարգացմանը, արտադրության հետ համագործակցությանը, տարբեր գերատեսչությունների գծով աշխարհագրության բնագավառում գիտահետազոտական աշխատանքների կոորդինացմանը, հանրապետության հանրակրթական, միջնակարգ մասնագիտական դպրոցներում ու բուհերում աշխարհագրության դասավանդման ճիշտ դրվածքին ու զարգացմանը, օգնել ընկերության անդամներին նրանց տեսական գիտելիքների բարձրացման և գիտական աշխատությունների, գյուտերի ու ռացիոնալիզատորական առաջարկությունների գործնական կիրառման հարցերում, բնակչության լայն շրջաններում մասսայականացնել և պրոպագանդել աշխարհագրական գիտությունների նորագույն նվաճումները, մշակել և բարձրացնել աշխարհագրական գիտություններին վերաբերող գիտական, մեթոդական և կազմակերպական հարցեր: ՀԱԸ հիմնադրվել է 1935–ին, 1939–ին մտել է ՍՍՀՄ աշխարհագրական ընկերության կազմի մեջ, 1947–ից գործում է Հայկ. ՍՍՀ ԳԱ Նախագահությանն առընթեր: Բաժանմունքներ ունի հանրապետության վարչական շրջաններում և քաղաքներում: 1977–ին ուներ 1530-իսկական, 14 կոլեկտիվ անդամ: ՀԱԸ պատվավոր անդամ են եղել Ա. Իսահակյանը, Դ. Դեմիրճյանը, ՍՍՀՄ նավատորմի ծովակալ Հ. Իսակովը, ֆրանսահայ քարտեզագետ Զ. Հ. Խանզատյանը, ներկայումս` ՀՍՍՀ ԳԱ պրեզիդենտ Վ. Հ. Համբարձումյանը: ՀԱԸ բարձրագույն ղեկավար մարմինը համագումարն է, որը հրավիրվում է 5 տարին մեկ: Այն ընտրում է ՀԱԸ նախագահ, գիտխորհուրդ, վերստուգիչ հանձնաժողով: Գիտական խորհուրդն իր անդամներից ընտրում է նախագահություն, փոխնախագահներ և գիտական քարտուղար: ՀԱԸ կից գործում են 16 սեկցիաներ ու հանձնաժողովներ և հանրապետության միակ աշխարհագրական մասնագիտական գրադարանը: ՀԱԸ հրատարակում է գրքեր («Հայկական ՍՍՀ աշխարհագրական անուններ», 1951, Ստեփանյան Հ., «Հայ քարտեզագրական հրատարակությունները 260 տարում, 1695–1955», 1957, «Հայրենագիտական ժողովածու», 1975), ատլասներ («Հայկական ՍՍՀ ատլաս», հայերեն և ռուս., 1961), ուսումնական քարտեզներ ևն, կազմակերպում է գիտաժողովներ, դասախոսություններ, բանավեճեր և այլ միջոցառումներ: ՀԱԸ նախագահներ են եղել հանրապետության լուսավորության ժողկոմներ Ա. Մ. Եղիազարյանը և Բ. Գ. Մարտիրոսյանը, ականավոր գիտնականներ Ա. Լ. Թախտաջյանը, Կ. Ն. Պաֆֆենհոլցը, Ս. Ս. Մկրտչյանը, ՀՍՍՀ ԳԱ թղթ. անդամ Ա. Բ. Բաղդասարյանը: 1976–ից ՀԱԸ նախագահն է աշխարհագրական գիտ. դ–ր, պրոֆ. Լ. Հ. Վալեսյանը:

Լ. Վալեսյան