Jump to content

ՀՍՀ/ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ (ՀԱԿ). գտնվում է Հայկական ՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Մեծամոր ավանում, Արագած լեռան փեշին, գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողատարածքում: Շինարարությունը սկսվել է 1970–ին, 1976–ի դեկտեմբերին գործարկվել է առաջին հերթի առաջին բլոկը, իսկ 1979–ի դեկտեմբերին` երկրորդ բլոկը: Կառուցման վայրի սեյսմիկությունը 8 բալ է, հաշվարկային սեյսմիկությունը` 9 բալ: ՀԱԿ–ի առաջին հերթի հզորությունը 815 հզ. կվտ է: Առաջին հերթը բաղկացած է յուրաքանչյուրը 407,5 հզ. կվտ էլեկտրական հզորության երկու էներգաբլոկից: ՀԱԿ–ի ջերմային էներգիայի աղբյուրը հետերոգեն, սեյսմակայուն ռեակտորն է, որն աշխատում է ջերմային նեյտրոններով: Որպես ջերմակիր և նեյտրոնների դանդաղեցուցիչ օգտագործվում է աղազրկված ջուր: Ռեակտորի համար որպես վառելիք օգտագործում են թույլ հարստացված ուրանի երկօքսիդ: Յուրաքանչյուր օղակ ընդգրկում է գլխավոր շրջանառության պոմպը, շոգեգեներատորը և երկու սողնակները` էլեկտրահաղորդակով, որոնք միացված են աուստենիտային պողպատից պատրաստված խողովակաշարով: Շոգեգեներատորներն արտադրում են չոր հագեցած գոլորշի: Երկրորդ (ոչ ռադիոակտիվ) կոնտուրն ընդգրկում է շոգեգեներատորների գոլորշի արտադրող մասը, տուրբինները և մեքենայական բաժանմունքի օժանդակ սարքավորումները: Յուրաքանչյուր բլոկում տեղադրված են երկուական տուրբագեներատոր, որոնք բաղկացած են 220 հզ. կվտ հզորությամբ տուրբիններից: Ստատորի հովացումը ջրային է, ռոտորինը` ջրածնային: Հայկական էներգահամակարգին էներգիա տրվում է 110 և 220 կվ լարումով: Տեխնիկական ջրամատակարարումը շրջադարձային է: Ջրամատակարարման աղբյուրը Սնջուր գետն է, որը ջուր է ապահովում երկու բլոկի համար: Շրջապատող միջավայրի մաքրության պահպանման համար նախատեսված են հատուկ զետեղարաններ` պողպատից ռեզերվուարներ, որոնք տեղադրված են թերթավոր պողպատով երեսպատված երկաթբետոնե կառույցներում: Այդ ռեզերվուարներում հավաքվում են բոլոր հնարավոր ռադիոակտիվ թափոնները: Անձնակազմը և շրջապատող միջավայրը իոնացնող ճառագայթումից պաշտպանելու համար ռեակտորի և առաջին կոնտուրի բոլոր այն սարքավորումների շուրջը, որոնք կարող են լինել ճառագայթման աղբյուր, ստեղծված է կենսաբանական պաշտպանություն գերծանր բետոնից: Ռեակտորային բաժանմունքից դուրս եկող աղտոտված օդը օդափոխման խողովակ մղելուց առաջ մաքրվում է հատուկ տեղակայանքներում: