ՀՍՀ/ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, հիմնադրվել է 1968–ին: Միավորում է 800 անդամ, 52 սկզբնական կազմակերպություն: Ընկերության կազմում ընդգրկված են հանրապետության երկրաբաններ, երկրաֆիզիկոսներ, երկրաքիմիկոսներ, ժող. տնտեսության և գիտության հարևան բնագավառների մասնագետներ ու կազմակերպություններ, որոնք զբաղվում են ՀՍՍՀ երկրաբանական կառուցվածքի, հանքային ռեսուրսների, երկրա–ֆիզիկական դաշտերի, բնության պահպանության հարցերով, ինչպես նաև երկրի ֆիզիկայի, տեկտոնիկայի, քիմիայի ընդհանուր պրոբլեմներով: Ընկերության գործունեության մեջ կարևոր տեղ են գրավում նշված բնագավառներում նորագույն գիտական նվաճումների մասսայականացումը հրապարակային դասախոսությունների և սեմինարների ձևով, գիտատեխ. զեկուցումների քննարկումը ևն: Հ. ե. ը–յան նպատակն է նպաստել երկրաբանական գիտության և պրակտիկայի խնդիրների լուծմանը, ամրապնդել կապերը մյուս միութենական հանրապետությունների և արտասահմանյան երկրների առաջադեմ երկրաբանական հաստատությունների հետ, դիալեկտիկական մատերիալիզմի մեթոդաբանության դիրքերից ընդհանրացնել արդի բնագիտության նվաճումները, պայքար մղել կեղծ գիտ. կոնցեպցիաների դեմ:
