ՀՍՀ/ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍԿԱԴՐՈՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԷՍԿԱԴՐՈՆ (ռուս. աղբյուրներում` «Армянский шквадрон»–«Эскадрон»), ռուսական բանակում հայազգի մարտիկներից կազմված հեծյալ ստորաբաժանում (1722–64): Ձևավորվել է 1722–ի ամռանը, Աստրախանում, հայերի նախաձեռնությամբ ու միջոցներով` կապված XVIII դ. 1–ին քառորդին հայ ժողովրդի ազատագրական պայքարի նոր վերելքի և Պետրոս I–ի պարսկ. արշավանքի հետ (տես Պարսկական արշավանք 1722–23): Անդրկովկասի ժողովուրդները, ռուս. բանակի առաջխաղացումը դեպի Կասպիականի ափերը դիտելով որպես իրանական և թուրք. բռնակալությունից ազատագրվելու երաշխիք, ջերմորեն ընդունեցին Ռուսաստանին օգնելու` Պետրոս I–ի կոչը: Վրաց. և հայկ. զինված ուժերը Վրաստանի Վախթանգ VI թագավորի հրամանատարությամբ ընդառաջ շարժվեցին ռուս. զորքին: Միաժամանակ հայ գործիչները Ռուսաստանի զինվորական իշխանություններին հաղորդեցին, որ հայերը կարող են դուրս բերել 40 հզ. մարդ, հարկ եղած դեպքում կրկնապատկել այդ թիվը: Տեղեկացրին նաև, որ հայ ժողովուրդը ռուս. զորքերի կարիքները հոգալու նպատակով իր միջոցներից առանձնացրել է 60 հզ. փութ հացահատիկ, 10 հզ. գլուխ խոշոր եղջերավոր անասուն ևն: Պարսկ. արշավանքին մասնակցեյու որոշումը լայն արձագանք գտավ նաև հայ գաղթավայրերում, մասնավորապես` Ռուսաստանի, Վրաստանի, Հյուսիսային Կովկասի, Ղրիմի և Արևելյան Եվրոպայի երկրների հայության մեջ: Եվ արդեն 1722–ի հուլիսին, Աստրախանից Կասպից ծովի արմ. և հվ. ափերը շարժվող ռուս. զորքերի կազմում էին «Հեծյալ ջոկատ», «Էսկադրոն» և «Հետախուզական խումբ» անունները կրող հայկ. զինված ջոկատները: Դրանցից մեկը` Պետրոս Գիլանենցի հրամանատարությամբ, ռուս. առաջապահ զորամասերի հետ, օգոստ. 23–ին մտավ Դերբենդ, մյուսը (շամախեցի հայերից)` Այվազ Աբրահամովի ղեկավարությամբ, մասնակցեց Էնգելի նավահանգստի և Ռեշտ քաղաքի գրավմանը: Նորջուղայեցիների մի ջոկատ` Ախիջանենց Աղազար դի Խաչիկի գլխավորությամբ, զենք ու հանդերձանքով, 1722–ի վերջին անցավ Գիլան և միացավ ռուս. բանակին: 1723–ին վերոհիշյալ հայկ. ջոկատները միավորվեցին մեկ հեծյալ ստորաբաժանման մեջ, որն ստացավ Հ. է. անունը: Նույն թվականի հունիսի 23–ին Հ. է. մտավ զեներալ–մայոր Վ. Յա. Լևաշովի` Գիլան – Մազանդարան տարածքում տեղաբաշխված ռուս. զորախմբի մեջ` դասվելով «կազակներից ու այլազգիներից կազմված անկանոն հեծյալ զորամասերի» շարքը: Զինվորական բարձրագույն ատյանը խրախուսեց հայերի այդ քայլը և հրահանգեց ռուս. զորքերում «ավելացնելու հայ և վրացի զորայինների թիվը»: Առաջին տարիներին Հ. է–ի հրամկազմը և շարքայինները կրում էին ազգ. տարազ, զենք, ձիեր և պարենամթերք հայթայթում սեփական միջոցներով: Նյութական անապահովությունը սահմանափակում էր Հ. է–ի հետագա աճը: Ուստի Պետրոս I 1725–ի հունվարից Հ. է–ում մտցրեց ռուս. զինվորական կոչումներ` համապատասխան ռոճիկներով: Դրա շնորհիվ Հ. է–ի մարտիկների թիվը հասավ 600–700 հոգու, որոնք բաժանված էին 4–6 վաշտի: Հետագա տարիներին Հ. է. իր կառուցվածքով, ղեկավարման համակարգով և զինահանդերձանքով նմանվեց ռուս. բանակի մյուս ստորաբաժանումներին, ենթարկվեց ընդհանուր կարգապահության: 1722–35–ին Հ. է. մասնակցել է Կասպից ծովի ավազանում և Կովկասյան լեռներում ռուս. զորքերի մղած բոլոր մարտերին: Այդ կռիվներում հերոսի մահով ընկել են Պետրոս Գիլանենցը, Այվազ Աբրահամովը, Փարսադան բեկ Ղուզանենցը և ուրիշներ: Գանձակի ռուս–իրանական պայմանագրի կնքումից (1735) հետո, երբ Ռուսաստանը Իրանին վերադարձրեց մերձկասպիական մարզերը, Հ. է. ռուս. կորպուսի հետ տեղափոխվեց Աստրախան և Ղզլար ամրոցը: Շտաբը (Ախիջանենցի գլխավորությամբ) մինչև 1746–ը Աստրախանում էր, 1746–64–ին` Ղզլարում: Հ. է. մասնակցեց 1735–39–ի ռուս–թուրք. և 1741–43–ի ռուս–շվեդ. պատերազմներին (հայ մարտիկներն աչքի ընկան – Ազովի, Օչակովի, Խոտինի ամրոցների գրավման ժամանակ, հասան Ստոկհոլմի մատույցները, մտան Հելսհնկի, Աբո, Նիշտադ, Վազա քաղաքները): Այդ կռիվներում հայերի նվիրվածությունն ու քաջությունը բարձր են գնահաաել ռուս. բանակի ֆելդմարշալներ Լեսսին, Մինիխը և ուրիշներ, որոնց միջնորդությամբ հայ ռազմիկները արժանացել են պետ. պարգևների: 1740–ական թվականների վերջին Հ. է. քանակապես սկսեց նվազել` կապված հայ ազատագրական պայքարի ժամանակավոր թուլացման, ինչպես նաև հուսարական ստորաբաժանումներում հայազգի զինվորականներ ներգրավելու հետ: 1760–ական թթ. Հ. է. բաղկացած էր գերազանցապես սպաներից: Եկատերինա II կայսրուհու 1764–ի մայիսի 10–ի հրամանագրով Հ. է–ի գործունեությունը դադարեցվեց: Հրամանագրում ընդգծված էր հայերի հավատարմությունն ու մատուցած ծառայությունները, և, որպես հատուցում, ծառայությունից ազատվածներին իրավունք էր տրվում, կենսաթոշակի փոխարեն, ցմահ ստանալ իրենց հաստիքային ռոճիկը և պահպանել զբաղեցրած բնակարանը: Հայ զինվորականների մի մասը իր ցանկությամբ տեղափոխվեց ռուս. բանակի կանոնավոր գնդերն ու հուսարական ստորաբաժանումները և շարունակեց Հ. է–ի ստեղծած հայ–ռուս. զինակցության ավանդույթները: Նրանցից ոմանք հասան զինվորական բարձր աստիճանների (գնդապետ, գեներալ) և ռուս. զորքերի կազմում մասնակցեցին XVIII դ. վերջին 30–ամյակին ու XIX դ. 1–ին տասնամյակներին Կովկասում ու Անդրկովկասում մղված կռիվներին: Հ. է–ի հրամանատարներն են եղել Պետրոս դի Սարդիս Գիլանենցը (1722– 1724), Աղազար դի Խաչիկ Ախիջանենցը (1724–50), Պետրոս Կասպարովը (1750– 1760), Միրզաբեկ Մխիթար Վահանովը (1760–64):
Գրկ. ժամանակագրություն Պետրոս դի Սարգիս Գիլանենցի (հրտ. և ծանոթագր. Գ. Ախվերդյանի), «Կռունկ Հայոց աշխարհիս», 1863, No 2,3: Հովհաննիսյան Ա. Գ., Պետրոս դի Սարգիս Գիլանենց, Էջմիածին, 1916: Լեո. Երկ. Ժող., հ. 3, գիրք 2, Ե., 1973: Խաչատրյան Հ. Ն., Հայ և ռուս ժողովուրդների զինակցությունը ռուսական բանակի կասպիական արշավանքում, Ե., 1972: Նույնի, Армянское войско в XVIII веке, Е., 1968 Бутурлин Д., Военная история походов россиян в XVIII в., т. 4, ч. 2, СПБ, 1823 Бутков П.Г., Материалы для новой истории Кавказа с 1722 по 1803 г., ч. 1, СПБ, 1869. Հ. Խաչատրյան
