Jump to content

ՀՍՀ/ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (ՀԹԸ), ստեղծագործական հասարակական կամավոր կազմակերպություն, միավորում է ՀՍՍՀ թատրոնի գործիչներին: Հիմնադրվել է 1940–ին, Երևանում, Գ. Ջանիբեկյանի նախաձեռնությամբ (առաջին նախագահը` մինչև 1949–ը): Ունի բաժանմունքներ Լենինականում և Կիրովականում: Նախահեղափոխական շրջանում նման կազմակերպություն էր Հայոց դրամատիկական ընկերությունը (1901–21, Թիֆլիս): ՀԹԸ (Համառուսաստանյան թատերական ընկերությունից հետո 2–րդը Սովետական Միությունում), ինչպես և հետագայում ՍՍՀՄ–ում կազմակերպված մյուս թատերական ընկերությունները, ստեղծագործական, թատերական, մանկական և ժող. թատրոնների իր բաժինների միջոցով նպաստում է սովետական թատերարվեստի զարգացմանը, ուսումնասիրում և ընդհանրացնում թատրոնների փորձը, ստեղծագործական կապեր հաստատում սոցիալիստական և այլ երկրների թատերական կազմակերպությունների հետ, աջակցում թատրոնի գործիչների գաղափարա–քաղաքական մակարդակի և գեղարվեստական վարպետության բարձրացմանը, օգնում ժող. թատրոններին, թատերական ինքնագործ կոլեկտիվներին ևն: ՀՍՍՀ քաղաքներում և շրջաններում անց է կացնում դասախոսություններ, սեմինարներ, զեկուցումներ մարքս–լենինյան գեղագիտության, թատերարվեստի տեսության և գործնական հարցերի շուրջ, ստեղծագործական ստուգատեսներ և մրցանակաբաշխություններ, թատրոններին տեղում օգնելու համար ուղարկում ռեժիսորներ, նկարիչներ, քննադատներ և այլ մասնագետներ, ստեղծում ստեղծագործական լաբորատորիաներ, դասընթացներ, ստաժյորական խմբեր են: 1967–ին ՀԹԸ–ի ստուդիա–թատրոնի հիման վրա ստեղծվել է Երևանի դրամատիկական թատրոնը: ՀԹԸ–ի խմբագրական–հրատարակչական բաժինը պատրաստում և հրատարակում է թատրոնների ու թատերարվեստի հայ սովետական վարպետների ստեղծագործական երկարամյա փորձն ընդհանրացնող գրքեր ու գրքույկներ, թատերական գործիչների հուշեր ևն: Հրատարակվում է նաև Երևանի թատրոնների կիսամսյա ամփոփ ծրագիրը` «Թատերական Երևան»–ը: ՀԹԸ–ի թատերական կաբինետն ունի տարբեր նյութերի ֆոնդ և թատերական գրականություն: Ընկերության բարձրագույն ղեկավար օրգանը համագումարն է, որ գումարվում է 5 տարին մեկ անգամ: 1965–ից վարչության նախագահն է Հ. Ղափլանյանը: Վարչության նախագահներ են եղել նաև Տ. Շամիրխանյանը (1949–52), Վ. Վարդանյանը (1952–59, 1959–65), Վ. Վաղարշյանը (1955–59): ՀԹԸ ունի ստեղծագործական տուն (Նորքում) և թատերա–հուշանվերների ֆաբրիկա: U. Հարդենյան