Jump to content

ՀՍՀ/ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ, գումարվել է 1947–ի ապրիլի 30–ից մայիսի 4–ը, Նյու Յորքում, Ամերիկահայ ազգային խորհրդի նախաձեռնությամբ: Նպատակն էր` երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված պայմաններում վերստին արծարծել Թուրքիայի բռնագրաված հայկ. տերիտորիաների վերադարձման հարցը` կապված ներգաղթի կազմակերպման հետ, ինչպես նաև զարկ տալ սփյուռք–հայրենիք կապերի ընդլայնմանը: Մասնակցում էր 715 պատգամավոր` 22 երկրներից, որոնք ներկայացնում էին սփյուռքահայ 70 կենտրոնական կազմակերպություններ ու 275 մասնաճյուղեր, 31 եկեղեցի: Դաշնակցություն կուսակցությունը կոնգրեսին չէր մասնակցում: Հ. հ. կ. բացվեց մեծ ճաշկերույթով, Ուոլդորֆ Ասթորիա հյուրանոցում, որտեղ ի թիվս այլ հռետորների, հանդես եկավ ամերիկյան սենատոր Չարլզ Ու. Թոբին, որն ընդգծեց հայերի մատուցած ծառայությունները երկու համաշխարհային պատերազմներում, արտահայտվեց հօգուտ հայոց դատի արդարացի լուծման և արմ. տերություններին կոչ արեց` հայկական հարցը այլևս չզոհել իրենց շահադիտական նկրտումներին: Կոնգրեսը քննեց ներգաղթի և վերաշինության, համաշխարհային քաղաքակրթության մեջ հայ ժողովրդի ներդրման, Սովետական Հայաստանի և սփյուռքի մշակութային հարաբերությունների ընդլայնման հարցեր, առաջարկեց ՄԱԿ–ի ուշադրությանը հանձնել հայկ. հողային պահանջները (դրանք կցելով ՀՍՍՀ–ին) և ընդունեց համապատասխան որոշումներ: Հ. հ. կ., որին հեռագրով ողջունել էին Սովետական Հայաստանի կառավարությունն ու Գևորգ Զ կաթողիկոսը, ավարտվեց Նյու Յորքի Քարնեգի Հոլում տեղի ունեցած հրապարակային ժողովով, որին ներկա էր 2700 հոգի: Մայիսի 12–ին հատուկ պատվիրակությունը մի հուշագրով ԱՄՆ–ի պետ. քարտուղարի տեղակալ Դին Աչեսոնին ներկայացրեց կոնգրեսի հիմնական որոշումը` ամերիկյան կառավարությանը խնդրելով ՄԱԿ–ի օրակարգի մեջ մտցնել հայկ. հողային պահանջների հարցը: Աչեսոնն ակնարկեց այն «մեծ դժվարությունները», որոնք ծառացած էին Հայկական հարցի լուծման ճանապարհին` ԱՄՆ–ի որդեգրած քաղ. նոր ուղղության տեսակետից (նա նկատի ուներ նույն ապրիլին ընդունված «Տրումենի դոկտրինան», որը «կոմունիստական վտանգից» պաշտպանելու պատրվակով 400 մլն դոլլարի «օգնություն» էր նախատեսում Հունաստանին և Թուրքիային` երաշխավորելով նրանց տերիտորիալ ամբողջականությունը): Կոնգրեսի սույն որոշումը հանձնվեց նաև ՄԱԿ–ի քարտուղարությանը: Հ. հ. կ–ի այդ հիմնական որոշումը մնաց թղթի վրա, քանի որ սկսված «սառը պատերազմի» պայմաններում ամեն մի հողային պահանջ Թուրքիայից դիտվում էր որպես «կոմունիզմի ծավալում»: Այսպիսով, Թուրքիային պաշտպան կանգնած Արևմուտքի իմպերիալիստական տերություններն ու ԱՄՆ նորից դառնում էին հայ արդարացի դատի ոխերիմ հակառակորդներ:

Ջ. Թորոսյան