ՀՍՀ/ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ
ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ, հնագույն ժամանակներում տարերայնորեն, հետագայում արդեն նպատակամետ ստեղծվել և տարածվել են երիտասարդության շրջանում: Այդ վարժաձևերը, ինչպես նաև թատերական ու կրկեսային ելույթները, ծիսակատարումներն ու մարմնակրթական բազմատեսակ վարժանքները կոչվել են խաղեր: Դրանցից շատերը անվանվել են մարզաձևեր, որոնք նպաստել են մարդու ֆրզիկական (ըմբշամարտ, բռնցքամարտ, մականախաղ ևն) և ռազմական (վահանախաղ, նետախաղ, նիզակախաղ ևն) պատրաստականության զարգացմանը: Սկզբնաղբյուրները քիչ բան են պահպանել հնագույն ժամանակների Հ. մ–ի մասին: Հեռավոր անցյալում Հայաստանի բոլոր գավառներից տարվա մեջ երկու անգամ Երզնկա են հավաքվել հարյուրավոր երիտասարդներ և մասնակցել Անահիտ աստվածուհու պատվին կազմակերպվող մրցություններին: Համահայկական հեթանոսական այդ մրցումների մասնակիցները հանդես են եկել երեսուն մարզաձևերից, որոնց անունները հետագայում մոռացության են տրվել: Երեսունը խորհրդանշել է այն գաղափարը, որ երիտասարդը պարտավոր է մարզական լավ վիճակում գտնվել ամսվա բոլոր օրերի ընթացքում, որ նրա համար արձակուրդ չկա: Անահտական այդ մրցումները հետապնդել են նաև մի ուրիշ նպատակ` մարզական ազգային ձևերը համընդհանուր դարձնել Հայաստանի բոլոր կողմերում ապրող երիտասարդների համար: Ուշագրավն այն է, որ մարզիկ երիտասարդները մրցումների դատավոր են համարել Անահիտ աստվածուհուն, որի պատգամախոս քրմուհիները հայտնել են հաղթողների անունները: Դա եղել է տղամարդկային ուժի ցուցադրություն: Այդ մարզաձևերից մեկը, որ կոչվում է կոճղամարտ (մարտ կոճղի հետ), պահպանվել է երզնկացիների կենցաղում: Երիտասարդները հավաքվում են գյուղամիջում, մեջտեղ դնում դժվար կտրվող մի քանի կոճղեր և մի սուր կացին, այնուհետև փորձում իրենց ուժը: Հաղթող է ճանաչվում նա, ով կացնի երեք հարվածով ճեղքում է կոճղը: Հետաքրքրական է, որ այս դեպքում էլ հաղթողի անունը տալիս են կողքի շենքերի պատշգամբներից կամ տների կտուրներից նայող աղջիկները: Կոճղամարտը տարածված է եղել հատկապես անտառաշատ շրջաններում: Մարզաձևերից շատերը մտել են միջնադարյան Հայաստանում անցկացվող տոնախմբությունների ծրագրերի մեջ և ստացել արդեն զուտ մարզական բնույթ: Այսպես, Բագրևանդ գավառում, Արածանիի ափին, անցկացվող նավասարդյան տոնախմբությունների երրորդ օրը տեղի էր ունենում ձիարշավ, որտեղ հաղթողը ստանում էր ուռենու պսակ: Մրցել են անհատներ կամ առանձին նախարարությունների թիմեր: Առավել տարածված են եղել հարևան գյուղերի միջև մրցությունները: Որպես մարզադաշտ օգտագործվել են գյուղերի սահմանագլխին մերձ տափարակները: Մարզաձևերի մի մասը պահպանվել է մինչև մեր օրերը: Հ. մ–ից են.
Ասպախաղ: Հիշեցնում է ժամանակակից ձիարշավը: Մրցումներն անց են կացվել որոշակի երկարություն ունեցող ասպարեզներում (տես Ասպարեզ): Հաղթող էր ճանաչվում տարածությունն արագ անցնող հեծյալը:
Բռնցքամարտ: Անզեն մարտի այս ձևը կոչվել է նաև բռնցքակռիվ, կռփամարտ, բռնամարտ, ձեռնամարտ, բազկամարտ: Տարածված էր երկու ձև` մարտ զույգ մարզիկների միջև և խմբային (մուշտեկռիվ): Նպատակն էր գոտկատեղից վեր հասցվող տարբեր բնույթի հարվածներով հակառակորդին զրկել մենամարտելու կարողությունից: Այս մարզաձևում հայ առաջին օլիմպիական դափնեկիրը եղել է Վարազդատ Արշակունին (384): Գնդակախաղ (հետիոտն կամ հեծյալ): Ունեցել է մի քանի տարբերակ: Ուղիղ գծի վրա շարված ընկույզներին կամ վեգերին հարվածել են գնդակով, ուղղահայաց ձողի ծայրին դրված գնդակին խփել են նետով: Անց են կացվել խաղասպարեզներում, օգտագործվել է սուլիչ: Գնդակը պատրաստվել է փայտից կամ թաղիքից:
Ըմբշամարտ: Ունեցել է տարբեր անվանումներ (գուռաշ, գոտեմարտ, բռնամարտ, կշտի, բազկամարտ, ըմբշակռիվ, մերկակռիվ, կոխ ևն): Ամենատարածվածը կոխն էր: Տարբերակները կոչվել են տեղանուններով` Շիրակի կամ Լոռվա: Ժամանակակիցը Լոռվա կոխի տարատեսակն է:
Մականախաղ: Ժամանակակից խոտի հոկեյի նախատիպը: Մրցել են հեծյալ կամ հետիոտն (տես Մականախաղ):
Մենամարտ: Հայտնի են բազմաթիվ տարատեսակներ, որոնք կոչվել են օգտագործվող զենքերի անուններով (գուրզամարտ, մահակամարտ, պարանամարտ, դաշունամարտ, կացնամարտ, սակրամարտ, մուրճամարտ, տապարամարտ, վահանամարտ, նիզակամարտ ևն): Այս մարզաձևը ունեցել է պաշտպանական և հարձակողական նշանակություն:
Սուսերամարտ: Անց է կացվել զենքի տարբեր տեսակներով. թուր (թրամարտ), սուր (սրամարտ), սուսեր (սուսերամարտ): Զենքեր պատրաստվել են Վանում, Արշամաշատում, Արտաշատում, Տիգրանակերտում, Դվինում, Անիում, Կարինում ևն) Տարածված էին նաև հոլախաղը, ձիախաղը, պարսատիկախաղը, թեթևաթլետիկական բնույթի խաղ–մրցումներ, ջրախաղեր, ձմեռային խաղեր, արհեստախաղեր, մտավոր խաղեր ևն: Մեծ նշանակություն է տրվել մանկապատանեկան խաղերին` աչքակապ, աքլորակռիվ, բառահանուկ, գլորիցիկ, թախլա, կուկուզ պառավ, հեծնոցիկ, ձյունախաղ, ճոպանախաղ, սառցապար ևն: Հ. մ–ից են նաև ծանրություններ տեղաշարժելու և բարձրացնելու խաղ–մրցույթները: Ծանրաբարձրության տեսակներից են քարեր գլորելը (տեղահան անելը), մեջքին կամ գրկած տեղափոխելը, բեռնավորված վերձգումները ևն:
Գրկ. Չիթունի, Արևելյան խաղաշխարհ, տոհմիկ խաղեր և ժամանցներ, հ. 1–2, ԿՊ, 1919: Հացունի 4., Դաստիարակություն հին հայոց քով, Վնտ., 1923: Բդոյան Վ., Հայ ժողովրդական խաղեր, հ. 1–2, Ե., 1963–80: Աթոյան Կ., Ռազմա–սպորտային մենամարտերը Հայաստանում, Ե., 1965: Մ. Իսպիրյան, Ս. Հակոբյան
