ՀՍՀ/ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՎՐՈՍ
ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՎՐՈՍ, Արևելյան Տավրոս, լեռնային համակարգ Թուրքիայում, Հայկական բարձրավանդակի հարավային մասում: Ձգվում է Կիլիկյան Դրունք կիրճից (Ջեյհան գետ) մինչև Բոհտան գետը: Երկարությունը 650 կմ է, լայնությունը` 35–100 կմ, միջին բարձրությունը` 1800–2300 մ: Իշխանասար, Սիմսար, Մարութասար ևն գագաթներ ունեն 2550–3000 մ բարձրություն: Հ. Տ–ի մակերևույթը մասնատված է Եփրատի, Տիգրիսի և նրանց վտակների հովիտներով: Դրանցից մի քանիսը միջանցիկ կիրճեր են, որոնցով Հ. Տ. բաժանվում է 3 մասի, արևմտյան` Կիլիկիայի և Եփրատի կիրճերի միջև (Ախիրի, Ենգիջեի, Մալաթիայի լեռնաշղթաներ), միջին` մինչև Բիթլիսի կիրճը (Էրգանի, Խաչրեշ և այլ լեռնաշղթաներ) և արևելյան` մինչև Բոհտանի կիրճը (Սիմսար, Սասնա, Խութի լեռներ): Հ. Տ–ի արլ. մասի առանձին լեռնաճյուղեր տարածվում են դեպի Վանա լիճ (Ընձաքիարս, Ռշտունյաց, Շատախի լեռներ), հասնելով Վարագասար` տրոհվում առանձին լեռնազանգվածների և ձուլվում Հայոց ձորի հովտի բլրային լանդշաֆտին: Հ. Տ. ինտենսիվ ծալքավորված պալեոզոյան և մեզոզոյան կրաքարերի և թերթաքարերի դեպի հվ. շրջված թեփուկավոր և վրաշարժային կառուցվածքի լեռնային համակարգ է, բարդացած նորագույն տեկտոնական կամարաձև բարձրացումներով և բազմակողմանի խզումներով: Բիթլիսի շրջանում նստվածքային շերտերը ճեղքված են և ներարկված օձաքարային հզոր ինտրուզիվ զանգվածներով: Հս. լանջը ենթարկվել է հզոր խորքային բեկվածքի, որի ուղղությամբ ձգվում է Խարբերդի, Բալուի, Ճապաղջրի, Մուշի, Վանա լճի իջվածքային գոգավորությունների գոտին: Հաճախակի են ռելիեֆի կարստային ձևերը, բնորոշ կառային դաշտերով: Կան ստորերկրյա քարանձավներ (Շենիդարա քարայր կրոմանիոնյան մարդու մշակույթի մնացորդներով): Արևելյան Տիգրիսի շատ վտակներ սնվում են կարստային հզոր աղբյուրներից: Օգտակար հանածոներից կան նավթ (Ռամանդաղի շրջանում և Վանի մոտակայքում), պղինձ և բազմամետաղներ (Էրգանի, Խարբերդի իջվածքում), քրոմիտ (Գյուլեմանեում), ծծումբ (Բիթլիսի շրջանում), առատ են շինանյութերը` գրանիտ, կրաքար, մարմար, կոնգլոմերատ, օձաքար և այլն: Լեռնահամակարգի զլխավոր լանջերի դիրքադրությունն առաջացրել է կլիմայական և լանդշաֆտային առանձնահատկություններ: Հս. լանջի կլիման ցամաքային է` տաք ամառներով և ցուրտ ձմեռներով: Տարեկան տեղումներն աճում են 300 մմ–ից (ստորոտում) մինչև 1000 մմ (բարձրադիր գոտում): Ստորոտներում մոխրագույն հողերի վրա տարածված են կիսաանապատներ (բարձաձև փշոտ թփուտներով), միջին մասերում, շագանակագույն հողերի վրա` չոր տափաստաններ (գիհու պուրակներով և գետահովիտների սաղարթավոր նոսր անտառներով), լեռնակատարներում` ենթալպյան բարձրախոտ մարգագետիններ և քարացրոններ: Հվ. լանջի կլիման բնորոշ է շոգ ամառներով և մեղմ ձմեռներով, տեղումները 400–500 մմ–ից 1000–1500 մմ–են: Միջին բարձրություններում, գորշ անտառային և դարչնագույն հողերի վրա աճում են սոճի, լիբանանյան մայրի, կաղնի, մշտադալար մերձարևադարձային անտառներ (նոճու, դափնու, մրտենու, պիստակենու պուրակներով), որոնք դեպի ստորոտ տեղի են տալիս ֆրիգանայի, կիսաանապատային և անապատային խմբակցությունների:
Ս. Բալյան
