Jump to content

ՀՍՀ/ՀԱՅԿՈՒՆԻ ԳՈՒՐԳԵՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՅԿՈՒՆԻ Գուրգեն Սարգսի 31.8.1889, Բերդ (Ալաշկերտի շրջանի Թոփրակկալե)–12.4.1966, Երևան, հեղափոխական, կուսակցական գործիչ, հրապարակախոս, գրող, թարգմանիչ: ՍՄԿԿ անդամ 1905–ից: 1898–1906–ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, որտեղից հեռացվել է հեղափոխական գործունեության համար: 1906–09–ին պրոպագանդիստական աշխատանք է տարել Կաղզվանում, Թիֆլիսում և Բաթումում: 1912–14–ին սովորել է Մոսկվայի առևտրական ինստիտուտում, ակտիվորեն մասնակցել ուսանողության շրջանում տարվող հեղափոխական աշխատանքներին: 1915–17–ին բոլշևիկյան ընդհատակյա գործունեություն է տարել Սարիղամիշում: 1917–ի ամռանը մասնակցել է ՌԱԴԲ(բ)Կ Ալեքսանդրապոլի կազմակերպության օրգան «Նոր կյանք» թերթի հիմնադրմանը: 1917–ի նոյեմբերին մի խումբ հայ կոմունիստների (Հ. Հովսեփյան, Գ. Վարդանյան, Վ. Երեմյան, Գ. Կարագուլյան և ուրիշներ) հետ Թիֆլիսում ձեռնամուխ է եղել «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» կազմակերպության ստեղծմանը: Այդ նպատակով նա եղել է Պետրոգրադում ու հանդիպումներ ունեցել Վ. Ի. Լենինի, Յա. Մ. Սվերդլովի և կուսակցության այլ ղեկավար գործիչների հետ, որից հետո 1918–ի սկզբին, ՌԿ(բ)Կ Կենտկոմի համաձայնությամբ, հիմնվել է «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը»: Եղել է այդ կազմակերպության «Կարմիր օրեր», ավելի ուշ` «Կարմիր դրոշակ» թերթերի խմբագիրներից: Հ. մասնակցել է Կոմինտերնի հիմնադիր կոնգրեսին (1919) և ստորագրել նրա ընդունած փաստաթղթերը` որպես «Հայաստանի կոմունիստական կուսակցության» ներկայացուցիչ: 1918–19–ին մասնակցել է քաղաքացիական կռիվներին Հյուսիսային Կովկասում: Մոսկվայում ղեկավար մասնակցություն է ունեցել Հայկական գործերի կոմիսարիատի աշխատանքներին: 1920–34–ին գրական–հրատարակչական ղեկավար աշխատանքի է եղել Մոսկվայում: 1956–ից միութենական կարգի անհատական թոշակառու էր: Նրա գրական–գեղարվեստական գործերը լույս են տեսել առանձին գրքույկներով և ժողովածուներով («Հինգ պոեմ», 1922, «Վուլկանները ժայթքում են», 1924, «Բանաստեղծություններ», 1923, «Մասսաների երթը», 1959, «Երթ մաքառման», 1965 ևն): Թարգմանել է Մ. Գորկու «Երգ Բազեի մասին» (1915) արձակ բանաստեղծությունը, Մ. Լերմոնտովի «Փախստական» պոեմը (1919) ևն:

Հ. Պետրոսյան