ՀՍՀ/ՀԱՅԿՈՒՆԻ ՍԱՐԳԻՍ
ՀԱՅԿՈՒՆԻ Սարգիս (իսկական ազգանունը` Ղազարյան, 1832, գ. Զեֆանոս, Տրապիզոն–1908, Վաղարշապատ), հայ բանահավաք, ազգագրագետ: Եղել է ուսուցիչ Տրապիզոնում, Վանում, Արդվինում, Ալաշկերտում: Աշխատակցել է «Հայրենիք», «Մասիս», «Երկրագունդ» պարբերականներին: 1893–ից ապրել է Վաղարշապատում (այժմ` Էջմիածին): Հ. շրջագայել, ուսումնասիրել է հայ և այլազգի բնակչության կենցաղն ու սովորությունները: Գրառումները 1895–96–ին լույս են տեսել «Արարատ» հանդեսում («Կորած, մոռացված հայեր», 1895, «Դերսիմ», 1896, «Պարսկահայք», 1896 ևն) և առանձին գրքերով («Բագրևանդ, Ջրաբաշխ գավառ», 1894, «Հուսեփցի ազգատոհմ և տարօրինակ ավազակ Աբրիեոմ Տրապիզոնի հայ գյուղերու մեջ 1795–1840 թթ», 1905): Բանահյուսական նյութերում անդրադարձել է դրանց ծագման ու տարածման հարցերին: Հայտնաբերել է «Սասնա ծռեր»–ի Արարատյան, Մոկաց, Շատախի, Խլաթի պատումները, ինչպես նաև «Մոքոս» (1896) վիպերգը: Համակարգել և «Էմինյան ազգագրական ժողովածու»–ի Բ, Դ, Ե, Զ հատորներում (1901–06) հրատարակել է իր գրառած (շուրջ 50 բարբառներով) վիպական ու քնարական բնույթի բանահյուսական գործերը («Ժողովրդական վեպ և հեքիաթ», 1901, «Ժողովրդական հեքիաթ», 1902, «Հայ–քրդական վեպ», 1904, «Ժողովրդական առակներ, գիրք
1. Կենդանական վեպ», 1907 ևն), քրդական վիպերգերը` Կոմիտասի ձայնագրությամբ: Գրառած ժող. առակների մի մասը տպագրել է առանձին գրքով («Կենդանական վեպ», հ. 1, 1907): Զբաղվել է նաև ժող. իրավագիտության հարցերով: «Ժամանակակից հայերի սովորության իրավունքը» արժանացել է Լազարյան ճեմարանի մրցանակի: Այս աշխատությունը, «Ազգագրական բառարան»–ը և այլ ուսումնասիրություններ անտիպ են:
Գրկ. Սվազլյան Վ., Սարգիս Հայկունի (կյանքն ու գործունեությունը), Ե., 1973: Վ. Սվազլյան
