Jump to content

ՀՍՀ/ՀԱՅՆՐԻԽ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՅՆՐԻԽ (Heinrich), թագավորներ և կայսրեր Գերմանական թագավորությունում և «Հռոմեական սրբազան կայսրությունում»: Առավել նշանավորներն են`

Հ. I (մոտ 876–936), թագավոր 919–ից, Սաքսոնական դինաստիայի հիմնադիրը: Վերստին Գերմ. թագավորությանն է միացրել (925) Լոթարինգիան: Ռիադի մոտ վճռական հաղթանակ է տարել (933) հունգարների նկատմամբ: 928–929–ի ռազմարշավներով սկսել է պոլաբյան սլավոնների հողերի զավթումը: Հ. Ill (1017–1056), թագավոր 1039–ից, կայսր 1046–ից: Ֆրանկոնյան դինաստիայից: Կոնրադ II–ի որդին: 1046–47–ին արշավել է Իտալիա, գահընկեց արել իրար դեմ պայքարող պապերին (որից հետո հաճախ անձամբ է նշանակել պապության թեկնածուներին): Կայսրությունից կախյալ վիճակի մեջ է դրել Չեխիան և Հունգարիան, իրեն ենթարկել Լոթարինգիայի դքսին: Հ. IV (1050–1106), թագավոր 1056–ից, կայսր 1084–ից: Հ. III–ի որդին: Սաքսոնիայում թագավորական իշխանությունն ամրապնդելու Հ. IV–ի միջոցառումները առաջ բերեցին 1073–75–ի Սաքսոնական ապստամբությունը: Գերմանիայում և Հյուսիսային Իտալիայում եկեղեցական ինվեսաիտուրայի իրավունքը պահելու ձգտումը նրա դեմ հանեց Գրիգորիս VII պապին: Եկեղեցուց բանադրված և գահընկեց արված Հ. IV իշխանների ճնշմամբ գնաց Կանոսսա (1077) և հնազանդություն հայտնեց պապին: 1080–ին նորից է բանադրվել, 1084–ին գրավել է Հռոմը և թագադրվել իր դրածո հակապապ Կղեմես III–ից: Պապի և գերմ. իշխանների դաշինքը, 1090–97–ի իտալ. արշավանքի ձախողումը, որդիների ապստամբությունն իր դեմ և գերեվարումը ծնկի չբերեցին Հ. lV–ին: Նա փախավ գերությունից և որդու դեմ նոր պատերազմի պատրաստվելիս` մահացավ: Հ. V (1081 –1125), թագավոր 1106–ից, կայսր 1191–ից: Ֆրանկոնյան դինաստիայի վերջին ներկայացուցիչը: Հ. IV–ի որդին: Հոր կենդանության օրոք մերձեցել է նրա հակառակորդների` պապի և գերմ. իշխանների հետ, սակայն գահ բարձրանալով շարունակել է պայքարը պապի դեմ ինվեստիտուրայի համար: 1122–ին փոխզիջողական համաձայնության է եկել պապի հետ: Հ. VI (1165–1197), թագավոր 1190–ից, կայսր 1191–ից: Շտաուֆենների դինաստիայից: Ֆրիդրիխ I Շիկամորուսի որդին: 1186–ին Սիցիլիայի գահաժառանգուհի Կոնստանցիայի հետ ամուսնությամբ Շտաուֆենների տիրապետությանը միացրեց Սիցիլիական թագավորությունը: Հ. VII (մոտ 1275 – 1313), թագավոր 1308–ից, կայսր 1312–ից: Առաջինը Լյուքսեմբուրգների դինաստիայից: Հասել է այն բանին, որ չեխական գահը հանձնվել է (1310) իր Յոհան որդուն: 1310–ին ներխուժել է Իտալիա` իզուր փորձելով այն վերստին ենթարկել կայսրությանը: