ՀՍՀ/ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ (ՀԱԽ), ստեղծվել է Թիֆլիսում 1917–ի սեպտեմբեր–հոկտեմբերին գումարված հայկական համագումարում (ազգային խորհրդաժողովում), ուր մեծամասնություն էին կազմում դաշնակցականները, և որը բոյկոտեցին բոլշևիկները: Համագումարն արտահայտվեց հօգուտ ժամանակավոր կառավարության պաշտպանության: Համագումարում ընտրված Ազգային խորհրդի մեջ մանում էին 6 դաշնակցական (նախագահ` Ա. Ահարոնյան, Ա. Գյուլխանդանյան, Ռ. Տեր–Մինասյան, Խ. Կարճիկյան, Ն. Աղբալյան, Կ. Ղազարյան), 2 մենշևիկ (Ղ. Տեր–Ղազարյան, Ա. Երզնկյան), 2 սոցիալիստ հեղափոխական (Լ. Աթարբեկյան, Հ. Տեր–Օհանյան), հայ ժող. կուսակցության 2 անդամ (Ա. Հարությունյան, Հ. Այվազյան), 3 անկուսակցական (Ս. Մամիկոնյան, Տ. Բեկզադյան, Պ. Զաքարյան): ՀԱԽ փոխարինեց Ազգային բյուրոյին (1912–17) և 1917–ի նոյեմբ. 1–ի կոչում նշեց, որ «ստանձնում է ազգային բոլոր գործերի գերագույն ղեկավարությունը, որպես գործադիր մարմին»: 1917–ի աշնանից գործող ՀԱԽ–ի զինվորական միությունը ստեղծեց հայկ. կորպուս` գեն. Նազարբեկովի հրամանատարությամբ: Ինչպես նաև ադրբ. ու վրաց. ազգային խորհուրդները, վարում էր ազգայնական քաղաքականություն և սրում ազգամիջյան հարաբերությունները Անդրկովկասում: Անդրկովկասյան սեյմի ցրումից հետո 1918–ի մայիսի 28–ին ՀԱԽ ազդարարեց, որ «իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն, ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները` հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար»: Հայաստանի խորհրդարանի ստեղծումով (1918–ի հուլիսի 20) և դաշնակցական կառավարության կազմումով ՀԱԽ դադարեց գործելուց:
Գրկ. Հայ Ժողովրդի պատմություն, հ. 7, Ե., 1967: Լեո, Անցյալից, Թ., 1925: Աղայան Ծ. Պ., Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից, Ե., 1976: Ծ. Աղայան
