Jump to content

ՀՍՀ/ՀԱՅՈՑ ԻՇԽԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՅՈՑ ԻՇԽԱՆ, Հայաստանի կառավարիչների կոչումը և պաշտոնը V–IX դարերում: Հայաստանի բյուզանդական մասի կառավարիչները V––VI դդ. Կոչվում էին Հ. ի., Բարձր Հայքի կառավարիչը` «Մեծ Հայքի իշխան»: 591–ից հետո, երբ Հայաստանի մեծագույն մասն անցավ Բյուզանդիային, կառավարիչները կոչվում էին նաև Պատրիկ Հայոց: VII դ. Հ. ի. էր կոչվում միավորված Հայաստանի անկախ տիրակալը, որին ընտրում է նախարարաց իշխանաց ժողովը, և որն ինքնուրույն կերպով կառավարում էր ամբողջ Հայաստանը: Արաբ, տիրապետության շրջանում Հ. ի. (արաբ.` բաթրիկ) էր Հայաստանի կառավարիչը, որը ենթակա էր Արմինիայի ոստիկանին: Հսկում էր հարկերի հավաքմանը և հարկավոր դեպքում` անձամբ բանակցում խալիֆայի հետ: IX դ. առաջին կեսին Հ. ի. կոչվում էր իշխանաց իշխան (բաթրիկ . ալ բաթարիկա), որին ենթակա էր ամբողջ Արմինիան (Հայաստան, Վիրք, Աղվանք):

Ցանկ Հայոց իշխանների (VII– IX դդ.)

Թեոդորոս Ռշտունի (639–654), Համազսապ Մամիկոնյան (654–661), Գրիգոր Մամիկոնյան (661–685), Աշոտ Բագրատունի (685–689), Ներսեհ Կամսարական (689– 693), Սմբատ Բագրատունի (693–701), Սմբատ Բագրատունի (701 – 726), Աշոտ Բագրատունի (732–749), Մուշեղ Մամիկոնյան (748–753), Սահակ Բագրատունի (753–770), Սմբատ Բագրատունի (770–775), Աշոտ Բագրատունի (775–781), Տաճատ Անձևացի (781 – 785), Աշոտ Մսակեր Բագրատունի (790–826), Բագրատ Բագրատունի (իշխանաց իշխան` 826–851), Սմբատ Բագրատունի (851–855), Աշոտ Բագրատունի (855–862, ապա` իշխանաց իշխան, 862–884, իսկ հետո` թագավոր Հայոց, 885 – 890):

Գրկ. Տեր–Ղևոնդյան Ա., «Հայոց իշխանը» արաբական տիրապետության ժամանակաշրջանում, «ՊՐ», 1964, No 2: Ա. Տեր–Ղևոնդյան