ՀՍՀ/ՀԱՅՐԱՏԵՂԱՅԻՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՅՐԱՏԵՂԱՅԻՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, պատրիլոկալ (լատ. pater–հայր և locus–տեղ), ավելի ճիշտ` վիրիլոկալ (լատ. vir – ամուսին) ամուսնություն, ամուսնական բնակության ձև, որի դեպքում կինը տեղափոխվում է տղամարդու համայնքը կամ տունը: Առաջացել է մայրական տոհմից հայրականին անցնելու շրջանում: Առանձին վայրերում Հ. ա. կրել է ժամանակավոր բնույթ, երբ ամուսինները մի որոշ ժամանակ, հաճախ մինչև երեխայի ծնվելը ապրել են ամուսնու ծնողների հետ, իսկ ապա վերադարձել կնոջ բնակավայրը (օրինակ` Սահարայի տուարեգները ևն): Տես նաև Մայրատեղային ամուսնություն:
