ՀՍՀ/ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, բարոյական և սոցիայական զգացմունք, որի բովանդակությունն են կազմում որոշակի էթնիկական հավաքականությանը պատկանելու գիտակցումը, զգացումը դեպի այդ հավաքականությունը, նրա զբաղեցրած պատմական տերիտորիան և ստեղծած արժեքների համակարգը, դեպի համամարդկայինն ու համազգայինը: Կարող է դրսևորվել նաև այլ ձևերով` սոցիալ–հոգեբանական, բարոյական, մշակութային, քաղ. ևն: Հ. պատմականորեն մշակված երևույթ է: Նրա առաջին տարրերը նկատելի են տոհմատիրական հասարակարգում (արյունակցական կապ, տոտեմի, տաբուի պաշտամունք, մարդկանց հարաբերություններն ավանդության ու բարոյական ուժով կարգավորող նորմերի ընդհանրությունը): Մասնավոր սեփականության, դասակարգերի և պետության առաջացմամբ կենտրոնական է դառնում հողի և սոցիալական խմբի պատկանելության գիտակցությունը: Սկսվում է երկփեղկում էթնիկական, հողային և դասակարգային պատկանելության միջև: Տնտեսապես և քաղաքականապես տիրող ամեն մի դասակարգ ձգտում է սոցիալական պատկանելության իր սկզբունքները, իր ընդունած ձևերը, բարոյական նորմերը, մշակութային արժեքները ներկայացնել որպես համընդհանուր և, այդ պատճառով, Հ–յան միակ հիմք ու բաղադրամաս: Մեծանում է Հ–յան մասին դասակարգերի ունեցած պատկերացումների տարբերությունը: Հ. դառնում է դասակարգային գիտակցության և գաղափարական պայքարի բաղադրամաս: Այն հասարակական համակարգերում, որտեղ կենտրոնական է կրոնական պատկանելությունը (հատկապես ֆեոդալիզմի պայմաններում), Հ. ձգտում են նույնացնել կրոնի կամ դավանանքի հետ: Բուրժ. արտադրահարաբերությունների պայմաններում և բուրժ. ազգի ձևավորման հետևանքով վերնախավային Հ. ստանում է նացիոնալիստական բովանդակություն: Սոցիալիզմը վերացնում է մասնավոր սեփականությունը, շահագործումը, դասակարգային պայքարը և հաստատում է ժողովրդի, պետության և կուսակցության միասնությունը: Այսպիսով ստեղծվում է նաև Հ–յան միասնական ըմբռնում, և բարձրացվում է այդ երևույթի հասարակական ներգործման արդյունավետությունը, ընդարձակվում նրա գործունեության սահմանները: Պրոլետարիատը, պայքարելով մարդուն սահմանափակող ուժերի դեմ, ընդարձակելով մարդու պատկանելության սահմանները, հարաբերության ոլորտները և վերափոխելով մարդու տիպաբանությունը, Հ. միաձուլում է պրոլետարական ինտեռնացիոնալիզսմի հետ: Այն վերածվում է խաղաղության, դեմոկրատիայի, սոցիալիզմի հաստատմանը, իրականության առաջադիմությանը նպաստող, մարդկության տնտ., սոցիալական, քաղ. և հոգևոր մերձեցմանն օժանդակող կարևորագույն գործոնի:
Գ. Խրլոպյան
