ՀՍՀ/ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ, ըստ սովետական քրեական իրավունքի առանձնապես վտանգավոր պետական, հանցագործություն: ՍՍՀՄ սահմանադրությամբ դիտվում է ծանրագույն հանցագործություն ժողովրդի հանդեպ: Հ. դ. համարվում է այն արարքը, որ ՍՍՀՄ քաղաքացին դիտավորյալ կատարել է ի վնաս ՍՍՀՄ պետ. անկախության, տերիտորիալ անձեռնմխելիության կամ ռազմ. հզորության (թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը պետ. կամ ռազմ. գաղտնիք հանձնելը, արտասահման փախչելը կամ արտասահմանից ՍՍՀՄ վերադառնալուց հրաժարվելը, օտարերկրյա պետությանը ՍՍՀՄ–ի դեմ թշնամական գործունեություն իրականացնելուն օգնելը, ինչպես նաև իշխանությունը զավթելու նպատակով դավադրությունը): Հ. դ. պատժվում է ազատազրկմամբ` 10–15 տարի ժամկետով (գույքի բռնագրավումով և աքսորով 2–5 տարի ժամկետով կամ առանց աքսորի) կամ մահապատժով` գույքի բռնագրավումով: Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն քաղաքացին, որին օտարերկրյա հետախուզությունը հավաքագրել է, սակայն նա հանձնարարված առաջադրանքները չի կատարել և այդ կապի մասին կամովին հայտնել է իշխանության մարմիններին: (ՀՍՍՀ քրեական օրենսգիրք, հոդված 59):
Ա. Թովմասյան
