Jump to content

ՀՍՀ/ՀԱՅՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՅՐՅԱՆ Գևորգ Արմենակի (ծն. 18.9. 1913, գ. Ծավ, Ղափանի շրջան), հայ սովետական գրող, գրականագետ, լրագրող: Բանասիրական գիտ. դ–ր (1969), պրոֆեսոր (1969): ՍՄԿԿ անդամ 1939–ից: 1941–1946–ին ծառայել է սովետական բանակում: 1949–ին ավարտել է Մոսկվայի կուսակցական բարձրագույն դպրոցը: Մինչև 1954–ը եղել է «Պրավդա»–ի սեփական թղթակիցը Հայաստանում, 1954–61–ին` ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, 1961–66–ին` ՀՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստր: 1967– 1979–ին` ՀՍՍՀ կինեմատոգրաֆիայի պետ. կոմիտեի նախագահ, 1979–ի հուլիսից` «Սովետական գրող» հրատարակչության դիրեկտոր: 1949–75–ին դասախոսել է (ընդմիջումներով) Երևանի համալսարանում, եղել ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ (1962–71): Հրատարակել է «Վերելքի երգեր» (1932), «Լիություն» (1938), «Իմ երգը» (1946) բանաստեղծությունների ժողովածուները, «Մեր տան ճանապարհին» (1978) արձակ երկերի գիրքը: Հեղինակ է գրականագիտական ուսումնասիրությունների («Նոր հերոսի որոնման ճանապարհին», 1965, «Կյանք և գրականություն», 1967, «Գրականության գլխավոր պրոբլեմը», 1969, «Գրականություն և կինո», 1974, «Սերո Խանզադյան», 1975): Հ–ի սցենարով նկարահանվել են «Ասք մեծ ճշմարտության մասին» (1968), «Սիլվա Կապուտիկյան» (1978) և այլ վավերագրական, ինչպես նաև «Հեղկոմի նախագահը» (1977) գեղարվեստական ֆիլմերը: Եղել է ՀԿԿ Կենտկոմի անդամ (1954–74), ՀՍՍՀ IV, V, VI, VIII և IX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով: