Jump to content

ՀՍՀ/ՀԱՅՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՅՐՈՒԹՅՈՒՆ սովետական իրավունքում, երեխան տվյալ հորից սերված լինելու փաստ, որը հաստատվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման (զագսի) մարմիններում ծննդի գրանցմամբ: Ամուսնության մեջ գտնվող ծնողներից (այդ թվում` հորից) երեխայի սերումը հաստատվում է ծնողների ամուսնության գրանցմամբ (ՀՍՍՀ ամուսնության և ընտանիքի օրենսգիրք, հոդված 52): Ամուսնության մեջ չգտնվող ծնողներից երեխայի սերումը հաստատվում է զագսի մարմիններին ծնողների համատեղ դիմումի համաձայն: Եթե ծնողների դիմումը բացակայում է, 1968–ի հոկտ. 1–ից հետո ծնված երեխայի Հ. որոշվում է դատարանով, ծնողներից մեկի, խնամակալի (հոգաբարձուի) կամ չափահաս երեխայի հայցով: Ծնողների համատեղ դիմումի, Հ. որոշելու վերաբերյալ դատարանի վճռի կամ որոշման (երբ հայրը ողջ չէ) վերաբերյալ դիմումի հիման վրա զագսում կատարվում է գրանցում և տրվում ծննդյան վկայական:

Գ. Ղարախանյան